Մատչելիության հղումներ

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը ՍԴ-ում կքննարկվի ապրիլի 25-ին


Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստում, արխիվ
Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստում, արխիվ

Ընդդիմադիր դաշինքի համոզմամբ, ապրիլի 2-ի ընտրություններում ժողովուրդն իր կամքն ազատորեն չի արտահայտել: Իշխանական ուժը, մինչդեռ, հակառակն է պնդում:

Սահմանադրական դատարանը ապրիլի 25-ին կքննի ընտրությունների արդյունքներին վերաբերող ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու պահանջով՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը: Այս մասին «Ազատության»-ը հայտնեց Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:

Խորհրդարանական ընտրության 9 մասնակից ուժերից միայն «Կոնգրես-ՀԺԿ»-ն որոշեց վիճարկել ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները։ Դաշինքը պնդում է՝ ժողովուրդն իր կամքն ազատորեն չի արտահայտել․ երկրով մեկ «գործել է ընտրողներին ահաբեկելու, հօգուտ իշխող Հանրապետականի վարչական ռեսուրսի չարաշահման համակարգ, բաժանվել է ընտրակաշառք»:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» եթերում հայտարարել է՝ իրենց ունեցած փաստերով պետք է ցույց տան, որ այս խորհրդարանը լեգիտիմ չէ: «Եթե համատարած կաշառք են բաժանել, եթե համատարած մարդկանց ճնշել են, սպառնացել են, եթե համատարած խախտել են քվեարկության գաղտնիության ինստիտուտը, ո՞վ կարող է ասել, որ դա չէր կարող ազդել ընտրությունների ընթացքի վրա: Սա համակենտրոնացման ճամբարում անցկացված ընտրությունների է նմանվում, երբ ուղղակի իբր էդ մարդիկ պետք է իրենց ճամբարի ապագան որոշեն, բայց քվեարկում են, ասենք՝ ատրճանակի ազդեցության ներքո․․․ և բաց: Եվ ճիշտ քվեարկության համար ստանում են մի օրվա պայոկ»,- ասել է Զուրաբյանը:

Դիմումում ներառվել է նաև նախօրեին հրապարակված՝ 40 րոպեանոց սկանդալային ձայնագրությունը, որում մի տղամարդ, ենթադրաբար «ՍԱՍ Գրուպի» աշխատակիցներից, պահանջում է «ձայներ բերել» Հանրապետականի տարածքային թեկնածու Արտակ Սարգսյանի համար։ «Հայաստանում բնակչությանը հասցրել են աղքատ վիճակի, կախյալ վիճակի, երբ մարդկանց համար, ասենք, մի քանի տասնյակ հազար դրամը դա գոյության լուրջ միջոց է, և մարդիկ ուղղակի վախենում են կորցնել այդ վերջին հնարավորությունը: Եվ այդ համակարգը հիմա օգտագործում են, էսպես ասեմ՝ ստրկատիրական մի համակարգ ստեղծելու համար և մարդկանց հենց իրենց ընտրելը պարտադրելու համար»,- նաև նշել է Լևոն Զուրաբյանը:

Իշխող ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ թերություններ, այո, եղել են, բայց դրանք, նրա կարծիքով, էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների վերջնարդյունքի վրա: Շարմազանովը նաև հղումներ է անում․ «Մենք աննախադեպ ժողովրդավարական ընտրություն ենք կատարել, որի արդյունքում հանրության կողմից վստահությունն իր քվեարկության նկատմամբ բարձր է: Այսինքն՝ որևէ քաղաքական ուժ, որն անցել է պառլամենտ, այդ թվում նաև ընդդիմադիր, չի ասում, որ ինձ տվել են 5 ձայն, բայց դուրս է եկել 2 ձայն:

Հիմնական քաղաքական դերակատարներն ընդունում են ընտրությունների արդյունքները: Հիմա «Կոնգրես-ՀԺԿ»-ն էլ իր կարծիքն ունի: Երկրորդը՝ միջազգային որևէ դիտորդական առաքելություն հարցականի տակ չդրեց ընտրությունների արդյունքը, դա հարցականի տակ չդրեց նաև Միացյալ Նահանգների դեսպանությունը, նաև Եվրամիության դեսպանը»:

Ըստ Շարմազանովի, նոր Ընտրական օրենսգրքի համաձայն, ամբողջությամբ ապահովված է եղել յուրաքանչյուր ընտրողի ազատ կամարտահայտությունն ու քվեարկության գաղտնիությունը: «Քաղաքական իշխանությանը, նաև ընդդիմադիր մեր գործընկերների հետ միասին, հաջողվել է միասնաբար ստեղծել և ընդունել մի Ընտրական օրենսգիրք, որը գրեթե զրոյի է հասցնում թե՛ ընտրակաշառքի ազդեցությունը, թե՛ նաև ապահովված է յուրաքանչյուր քաղաքացու ընտրության գաղտնիության իրավունքը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG