Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրների բոյկոտի պայմաններում Վանաձորի ավագանին կրկին նիստ է գումարում


Վանաձորի ավագանին արդեն երկրորդ անգամ որոշումներ ընդունեց միայն Հանրապետականի և Դաշնակցության խմբակցությունների 15 անդամների մասնակցությամբ:

Ավագանում մեծամասնություն կազմող «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» ընդդիմադիր խմբակցությունները շարունակում են հոկտեմբերից սկսած բոյկոտը, երբ չնայած այս ուժերի պայմանավորվածությանը՝ փակ գաղտնի քվեարկությամբ 4 ձայնի առավելությամբ քաղաքապետ ընտրվեց հանրապետական Մամիկոն Ասլանյանը:

Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված գրեթե բոլոր հարցերն ընդունվեցին միաձայն կողմ քվեարկությամբ՝ առանց երկար քննարկումների:

Օրակարգի միակ հարցը, որի շուրջ բավական երկար քննարկում ծավալվեց, վերաբերում էր համայնքային ոչ-առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակներին, պաշտոնյաների դրույքաչափերին:

Նախքան հարցին անդրադառնալը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նշեց, որ քաղաքապետարանը աշխատատեղ ստեղծող մարմին չէ, բյուջեն էլ լավություն անելու համար չէ․ - «Մեր նպատակը քաղաքի բյուջեն քաղաքի խնդիրների լուծմանը ծառայեցնելն է: Վանաձորը ունի մեծ խնդիրներ, խնդիրների շարան, և ամեն տնտեսված միջոց պիտի ուղղվի քաղաքի զարգացմանը, քաղաքի տնտեսական, կոմունալ և այլ խնդիրների լուծմանը»:

Առաջարկվում էր կրճատումներ իրականացնել գրադարաններում և մարզադպրոցներում՝ արդյունքում խնայելով ավելի քան 50 միլիոն դրամ․ - «Կա հաստիքացուցակով չորս աշխատող, բայց աշխատանքային սենյակում ընդամենը երկու աթոռ է դրված: Մեր ուսումնասիրությունները բերել են այն եզրահանգման, որ գրադարանների մեծ մասը իրենց ֆունկցիոնալ պարտականությունները, այն է՝ բնակչությանը գրքերի մատուցման ծառայություններով ապահովելու նշանակությամբ չի գործել»:

Ավագանու անդամներից ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը, ով ի դեպ ԱԺ պատգամավոր է ընտրվել, հետաքրքրվեց, թե ինչի վրա է ծախսվելու խնայված գումարը․ - «Մենք բավականին ֆինանսական միջոցներ ենք խնայել: Այդ գումարը արդյո՞ք լրիվ նորից էս ուղղությամբ է կիրառվելու»:

«Ոչ», - պատասխանեց քաղաքապետը: - «Դեռ ոչ մի տեղ չի գնացել»:

Կյուրեղյանն առաջարկեց, գումարների մի մասն ուղղել գրադարանային ոլորտ․ - «Որպեսզի օպտիմալացման մեջ որակի մասին չմոռանանք»:

Մամիկոն Ասլանյան․ - «Եթե պահում ենք որոշ գրադարաններ, բնականաբար, պիտի պահենք որակով»:

«Լուսավոր Հայաստանից» այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ առաջիկայում նույնպես չեն պատրաստվում մասնակցել նիստերին, փոխարենը աշխատում են ավագանու 15 անդամների կողմից ընդունված որոշումների օրինականությունը վիճարկելու ուղղությամբ:

Ընդդիմադիրները ապօրինի էին որակել նաև մարտի 31-ին կայացած ավագանու նիստը, որին կրկին 15 հոգի էր մասնակցել:

Վանաձորի ավագանին 33 անդամ ունի և ՏԻՄ օրենքի համաձայն՝ ավագանու որոշումները իրավազոր են, եթե նիստին մասնակցել է անդամների առնվազն կեսից ավելին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG