Ավելի քան 3000 դիտորդներով խորհրդարանական ընտրություններին հետևած «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մեծաթիվ խմբով չի դիտարկի մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները։
«Երևանում կա 478 ընտրատեղամաս, մոտ 950 դիտորդ է պետք, որպեսզի բոլոր ընտրատեղամասերում ներկա լինենք: Նման ծավալի աշխատանք կազմակերպելու ռեսուրս այս պահին «Քաղաքացի դիտորդը» չունի: Սպասում ենք հնարավորությունների, բայց հավանականությունը, որ կկարողանանք ռեսուրս հայթայթել և այս կարճ ժամանակահատվածում կազմակերպել լայնածավալ դիտորդական առաքելություն՝ հավանականությունը քիչ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը, աննախադեպ մեծ առաքելություն իրականացնելով խորհրդարանական ընտրություններին, բավարար ժամանակ չի ունեցել դիմելու ամերիկյան և եվրոպական դոնոր կառույցներին՝ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու նպատակով ֆինանսավորում հայթայթելու համար, ինչը ամիսներ տևող գործընթաց է։
«Դոնորների հետ աշխատանքը շատ կարճ ժամանակահատվածում դժվար է լինում կազմակերպել, իսկ մենք ընտրություններից հետո ունեինք ընդամենը 6 շաբաթ», - հիշեցրեց Գրիգորյանը:
Այնուամենայնիվ «Թրանսփարենսի Հայաստանը» և «Քաղաքացի դիտորդի» մյուս մասնակից կազմակերպությունները վստահ են՝ իրենց առաքելության շնորհիվ ընտրատեղամասերում խախտումների թիվն էականորեն նվազել է վերջին քվեարկությունների ժամանակ,
և ըստ Գրիգորյանի, այն տեղմասերում, որտեղ դիտորդներ չեն ունեցել, մասնակցությունը կասկածելի բարձր մակարդակի է եղել․ - «Երկու ընտրատեղամաս եմ նայել, որտեղ մենք դիտորդ չենք ունեցել, ու այդ ընտրատեղամասում մասնակցությունը 80 տոկոսից ավելի էր, համեմատած մնացած ընտրատեղամասերի»:
Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացի դիտորդը» հակված է անգամ կամավորների օգնությամբ առնվազն 50 ընտրատեղամասում ներկա գտնվել․ - «Հնարավոր է՝ կոչ անենք որոշակի ծավալով դիտորդներ գնան ընտրատեղամաս, բացի դրանից որոշակի թիմ իրենց ժամանակից տրամադրեն և այդ օրը և դրանից առաջ կազմակերպչական աշխատանք տարվի և մենք կարողանանք այդ օրը դիտորդական առաքելություն իրականացնել: Բայց դա մեծ ծավալով չի լինելու, շատ փոքր ծավալի աշխատանք է լինելու»:
Քաղաքապետի ընտրությունները դիտարկելու վերաբերյալ վերջնական որոշում չունի մեկ այլ՝ «Անկախ Դիտորդ» նախաձեռնությունը, որի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ևս խոստովանում է՝ ֆինանսական ռեսուրսների խնդիր կա․ - «Դեռևս դոնորների հետ բանակցությունների մեջ ենք: Ցանկալի կլիներ, ամեն դեպքում, որ այս ընտրությունները դիտարկվեին, հանրության օբյեկտիվ կարծիք ներկայացվեր այն մասին, թե ինչպիսին են եղել այդ ընտրությունները: Այդ առումով կարևոր է, և ես կարծում եմ, որ մենք, կախված ֆինանսավորումից, անգամ շատ փոքր, բայց ամեն դեպքում առաքելությամբ հանդես կգանք»:
Երևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը այսօր «Ազատության» տաղավարում նշեց, որ հավանաբար անգամ առանց դիտորդների աջակցության «Ելք» դաշինքը կկարողանա ծածկել բոլոր ընտրատեղամասերը, թեև վստահված անձանց հավաքագրող իրենց առցանց հարթակում այս պահին գրանցված անձանց թիվը չի անցնում 2 տասնյակը․ - «Մենք հիմա արշավ պետք է սկսենք Երևանի քաղաքապետի ընտրությունների համար, որպեսզի մարդիկ ներգրավվեն: Եթե իսկապես ձեր խնդիրն այն է, որ ոչ թե «Ելք» դաշինքին, այլ մարդու քվեն, ժողովրդի ինքնիշխանությունը պաշտպանելը, դուք պետք է լինեք տեղամասում»:
Մյուս ընդդիմադիր թեկնածու Զարուհի Փոստանջյանը ևս «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այժմ հավաքագրում են վստահված անձանց, որպեսզի փորձեն ներկայացուցիչներ ունենալ ընտրատեղամասերի մեծ մասում։