«Ռուսները կոնֆլիկտի մաս են դարձել»
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ ՄքՄասթերն ասել է, որ Ռուսաստանը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ռեժիմի «սարսափելի հանցանքները»:
Գեներալ-գնդապետ Հերբերտ Ռայմոնդ ՄքՄասթերը, որին բանակում անվանում էին Էյչ Ար (H.R. McMaster), երեկ ասել է, որ Ռուսաստանը վեց տարի տևող պատերազմի ընթացքում միանշանակ աջակցում է Բաշար Ասադի կառավարությանը՝ անտեսելով դրա իրագործած վայրագությունները: Ասադի գործողությունները բացասական հետևանքներ են ունեցել հարևան Իրաքի, ինչպես նաև Եվրոպայի համար:
«Սատարելով այդ հրեշավոր ռեժիմին, ռուսները, փաստորեն, կոնֆլիկտի մաս են դառնում, ուրմեն մենք պետք է մտածենք դրա մասին, ինչպես նաև մտածենք Եվրոպայում Ռուսաստանի քայքայիչ գործելակերպի մասին»,- ասել է ՄքՄասթերն ABC հեռուստակայանին և շարունակել. «Անհրաժեշտ է կոշտ խոսել ռուսների հետ»:
Ճիշտ 10-ն օր առաջ ամերիկացի զինվորականները 59 «Տոմահավքներով» հրթիռակոծել են սիրիական ռազմական օդակայանը, որտեղից, ըստ արևմտյան երկրների պնդումների, Ասադի ինքնաթիռները քիմիական գրոհների են ենթարկել Իդլիբում ընդդիմության հսկողության տակ գտնվող տարածքը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Սիրիան և Ռուսաստանը հերքում են քիմիական գրոհի մասին պնդումները:
ՄքՄաստերն ABC-ին հարցազրույցը տվել է Աֆղանստանում: Դա ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների առաջին այցն է այդ երկիր նախագահ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ի պաշտոնամուտից հետո:
ՄքՄասթերի այցից օրեր առաջ՝ ապրիլի 13-ին, ամերիկացիները Աֆղանստանի Նանգարհարի նահանգում ամենահզոր ոչ միջուկային ռումբով ոչնչացրել են «Իսլամական պետության» ջոկատների ստորգետնյա պաշտպանական համալիրը, զոհվել է հարյուրից ավելի իսլամիստ-զինյալ:
«Ասադին չենք պաշտպանում, բայց դեմ ենք դրսից միջամտության»
Մինչդեռ, ռուսները փորձում են արտերկրում պաշտպանել իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում: Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ղեկավարած պատվիրակությունը երեկ բանակցույուններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ-Սաուդի հետ:
Հանդիպումից հետո ռուսական կողմը խոստովանել է, որ երկու երկրներն ունեն սկզունքային տարաձայնություն՝ Սաուդյան Արաբիան համոզված է, որ Ասադը և Սիրիայի ապագան անհամատեղելի են:
ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ կողմերը կշարունակեն քննարկումները: Ինքը՝ Մատվիենկոն ասել է, թե Մոսկվան բնավ չի փորձում ամեն կերպ պայքարել Ասադի ռեժիմը պահպանելու համար, այլ ընդամենը դեմ է դրսի ուժերի միջամտությամբ Սիրիայում իշխանափոխություն կատարելու նախաձեռնություններին:
«Լավ, ենթադրենք, Ասադը հեռացավ, վաղը ի՞նչ կլինի, ո՞վ կգա իշխանության: Կամ երկիրը կփլուզվի, կամ ավելի արյունալի պատերազմ կլինի»,- ասել է Մատվիենկոն: Անցած շաբաթավերջին Սիրիայի թեմային է անդրադարձել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Սիրիայի ճգնաժամի կարգավորման առաջընթացի համար սպառնալիք են դարձել վերջին օրերի զարգացումները՝ որովհետև Իդլիբում քիմիական զենքի միջադեպն ամերիկացիներն օգտագործել են Սիրիայի զինված ուժերի վրա ապօրինի հարձակում իրականացնելու համար»,- ասել է Լավրովը: