Մատչելիության հղումներ

«Կա երիտասարդ, որն իր կյանքում ներկայացում չի տեսել։ Սա խնդիր է, որը փորձում ենք լուծել». Վիրաբյան


Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքը
Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքը

Մեկնարկել է «Մշակութային կանգառ» ծրագիրը։

Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և «Փյունիկ» հիմնադրամի հովանավորությամբ, այս տարեսկզբից՝ հունվար ամսից մեկնարկեց «Մշակութային կանգառ» ծրագիրը, որի նպատակն է Հայաստանի ողջ տարածքում և Լեռնային Ղարաբաղում ներկայացնել ոչ միայն մայրաքաղաքային մշակույթն ու արվեստը, այլև առհասարակ Հայաստանի մյուս քաղաքներում ծնվող մշակութային ձեռքբերումները՝ ծրագրեր, ձեռնարկներ, բեմադրություններն, կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ և այլն:

Նշենք, որ ամենուր տեղի ունեցող մշակութային այս բոլոր ձեռնարկների մուտքի տոմսն արժե 300 դրամ։ Մեկնարկից ի վեր արդեն 100-ից ավել միջոցառումն է անցկացվել մինչև օրս, վաճառվել է շուրջ 9 հազար տոմս, հանդիսատեսի ընդհանուր քանակն էլ 15 հազարից ավելի է:

Ծրագրի համակարգող Գարիկ Նազարյանի խոսքով՝ մարզերում մշակութային ոլորտում մի քանի հիմնախնդիր է դիտարկվում:

«Ենթակառուցվածքների հարցն է առաջին հերթին դրված, երկրորդը՝ կա հանդիսատեսի կրթման խնդիրը, որ տարիների այս վիհից հետո, մենք փորձենք այս ծրագրերով նաև կրթել, դաստիարակել մեր մատաղ սերնդին, հիմնականում, որ իրենք պատրաստ լինեն ընդունելու, ընկալելու այս մշակութային արտադրանքը, այս ամենը հասու լինի իրենց, որպեսզի համաչափ զարգանա մեր մշակութային կյանքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նազարյանը։

Նախատեսված է ողջ տարվա ընթացքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 130 համայնքներում անցկացնել 426 միջոցառում՝ ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ, թատերական, համերգային ծրագրեր, դասական երաժշտության, գրական-երաժշտական երեկոներ և այլն:

Ընդամենը երկու օր առաջ այս ծրագրի շրջանակներում Վանաձորի թատերասեր հանրությանը ներկայացավ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որն այս ծրագրի ամենաակտիվ մասնակիցներից է:

Թատերախումբն արդեն մի քանի անգամ եղել է ամենատարբեր մարզերում, նաև Ղարաբաղում, և ինչպես ներկայացնում է Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, մարզերում ամենուր զգացվում է, թե մարդիկ որքան կարիք ունեն նման ձեռնարկների:

«Հանդիսատեսի մեծ հոսքը դեպի դահլիճներ խոսում է մարզերում գործող մշակութային սովի մասին, իսկ ընդունելությունը մարզերում, ես ականատեսի աչքերով եմ խոսում հիմա, ուղղակի երկար տարիների սպասում ունեցող մարդկանց ընդունելություն է, պետք չէ թերագնահատել մարզերում ապրող մարդկանց՝ իրենք և գիտեն դասական երաժշտություն լսել, գիտեն բարձրաճաշակ ներկայացումներ նայել։ Ես խոսում եմ ոչ միայն մեծ մարզերի մսին, մարզկենտրոնների մասին, ես խոսում եմ ամենահեռավոր գյուղերի բնակիչների մասին։ Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ մեծանում է 15-20 տարեկան երիտասարդ, որն իր կյանքում ներկայացում չի տեսել սա պրոբլեմ է, սա մեր խնդիրն է, որը մենք փորձում ենք էս տարում լուծել», - ասաց Վիարբյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG