Մատչելիության հղումներ

«Տուն-տեղ էինք դրել, որ վայելենք՝ չհասցրինք»


Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում ապրող Մարտիրոսյանների ընտանիքը դրսում է հայտնվել: Օրեր առաջ տանիքում բռնկված հրդեհն ամբողջությամբ մոխրի է վերածել նրանց կացարանը, իսկ ընտանիքի անդամները՝ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող Արթուր Մարտիրոսյանը, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Արմինե Մարտիրոսյանն ու նրանց 13-ամյա տղան մի կերպ են փրկվել:

Ընտանիքի մայրը պատմում է, թե ինչպես էր փորձում ապարդյուն մարել արդեն տարածված հրդեհը․ - «Շիֆերները սկսեցին ճաքճքել, բան, զոռով արդեն դուրս էկանք: Հարևանները սայլակով մինչև ամուսնուս իջացրեցին, նույնիսկ ասում ա՝ «ես էնտեղ նստած էի, զգացի՝ մեջքս տաքացավ», դու մի ասի՝ էս բաներից ընկել ա մեջքի վրա, տենց հանել էր, տաք․․․ Ես էլ զոռով, ինձ հարևաններն են էլի թևերս ընկած զոռով իջացրել, ես առանց հասկանալու՝ ինձ թվացել ա, թե ես կարամ դեռ մի բան անեմ, էլ չեն ասում, որ էսա էդ շիֆերները պտի գլխիս թափի»:

Կինը ցույց է տալիս մոխրի վերածված իրերն ու հիշում, թե որ անկյունում ինչ էր դրված․ - «Սառնարանը ստեղ էր, էս լվացքի մեքենաս ա էղել, ստեղ էլ՝ լվացարանը իրա շկաֆներով, վերևը կպցրած պոլկաներով, շուշեղեն-մուշեղեն ընտիր: Ստեղ էլ բաղնիք-զուգարանն ա, որ ամուսնուս հարմար էղներ, ճիշտ ա, փոքրոտ էր էղնում, բայց նենց հարմարացրինք, որ ինքը մտնի․․․»:

Մարզկենտրոն Վանաձորում բարեկամների տանը ժամանակավոր ապաստան գտած ընտանիքի անդամները շվարած են: Տարիների քրտնաջան աշխատանքն ու ստեղծածն այսօր հողին է հավասարվել:

«Նոր էինք վերանորոգել՝ աղջկաս որ պտի ամուսնացնեինք, նորից կոպեկ-կոպեկ արեցինք, որ սիրունացնենք զալը, դռները դրեցինք, ասինք՝ որ սիրուն էղնի, զալը սիրուն էղնի, ամուսնացնում ենք, հարսանիք ենք անում, թող սիրուն եղնի», - պատմեց կինը:

Կես դար այս տանն ապրած ու մեծացած Արթուր Մարտիրոսյանը խոր վիշտ է ապրում՝ ծնողների մեծ չարչարանքով կառուցված տունը այրված տեսնելով: Սայլակով տեղաշարժվող տղամարդն ասում է՝ նոր էին սկսել վայելել ստեղծածը: «Տանից ոչ մի բան չի փրկվել՝ կահույքով, կամպյուտրով, լվացքի մեքենա, սառնարան՝ նոր էինք վերցրել, տուն-տեղ էինք դրել, որ վայելենք՝ չհասցրինք», - ասաց նա:

Ընտանիքի անդամները հաստատ չգիտեն, թե ինչից կարող էր հրդեհը առաջանալ, միայն ենթադրում են՝ հնարավոր է հոսանքալարի պատճառով լինի: «Պատճառը ես մենակ վերագրում եմ տոկերին, որովհետև ուրիշ տենց բան չի էղել, կրակ չենք վառել, բան չենք արել: Որովհետև դրանից առաջ էլի տատանումներ ա էղել: Վերագրում ենք, որ էդ տատանումներից կամ տոկերից․․․ Չեմ կարա, հաստատ չեմ կարա ասեմ ոչ մի բան, չգիտեմ», - նշեց Արմինե Մարտիրոսյանը:

Ընտանիքի 13-ամյա տղան արդեն մեկ շաբաթ է դպրոց չի հաճախում: Միջոցներ չունեն ամեն օր Վանաձորից Վահագնաձոր ուղարկելու համար: Ճանապարհի վերակառուցման աշխատանքների պատճառով մարզկենտրոնից գյուղ գնացող երթուղայինները չեն գործում:

Հաշմանդամության թոշակներով ապրող ընտանիքն այսօր մեծ դժվարությունների առջև է կանգնել, հայտնվելով դրսում՝ առանց գումարի, հագուստի ու փաստաթղթերի: Որևէ օժանդակություն չեն ստացել:

Վահագնաձորի գյուղապետ Էդիկ Եղոյանն ասում է, թե պատրաստ են ընտանիքին ֆինանսապես աջակցել, բայց՝ միայն երկու ամիս անց, երբ բյուջեում գումար կհայտնվի: Գյուղապետն օգնության ակնկալիքով դիմել է նաև մարզային իշխանություններին, դեռևս՝ անարդյունք:

«Բյուջեով հարուստ գյուղապետարան չի, բայց կան, բաներ կան, մենք ընդամենը մեր եկամուտները հավաքելուց հետո անպայման կօգնենք: Գումարի չափ չենք կարող ասել, բայց անպայման մեր բյուջեի եղած գումարով կօգնենք», - «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց Եղոյանը:

Մինչ գյուղապետը ընտանիքին օգնություն տրամադրելու տարբերակներ է փնտրում, Արթուր Մարտիրոսյանն իր հերթին ջանում է լուծումներ գտնել, թե ինչպես և ինչից սկսի հայրական տան վերականգնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG