Մատչելիության հղումներ

«Եթե ձայնագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա խնդիր կա օրենքի և բարոյականության հետ». իրավագետ


Նախկին սոցապ նախարար, իրավագետ Գևորգ Պետրոսյանի գնահատմամբ, եթե ՍԱՍ Գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի ժամանակ կատարված ձայնագրությունը իսկապես համապատասխանում է իրականությանը, ապա խնդիր կա օրենքի և բարոյականության հետ։

«Եթե իսկապես այդ ձայնագրությունը համապատասխանում է իրականությանը, ապա այստեղ խնդիր կա օրենքի հետ: Մասնավորապես, խախտվում է երկրի հիմնական օրենքը, որի 26-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի: Իսկ նվաստացուցիչ վերաբերմունքը այլ կերպ չի լինում, քան աշխատողներին կանչել, հրահանգել, հոգեբանական բռնություն գործադրել ու ասել, որ պետք է հավաքագրումներ անեք այս կամ այն թեկնածուի օգտին», -«Ազատության» հետ հեռախասազրույցում ասաց Գևորգ Պետրոսյանը: - «Նաև այլ նորմեր են խախտել Սահմանադրության: Նաև քրեական օրենսգրքի հետ աղերս ունի այս արարքը: Մասնավորապես, Քրեական օրենսգրքում կա 119 հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում անձանց նկատմամբ հոգեբանական սպառնալիք կիրառելու համար», - հավելեց իրավագետը:

Հիշեցնենք՝ երեկվանից լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել Hayastan24.com կայքում հրապարակված ձայնագրությունը, որտեղ, մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար, հակառակ դեպքում սպառնալով նրանց ազատել աշխատանքից: Ընթերցելով անուն-ազգանունները՝ տղամարդը հերթով ամոթանք է տալիս այն աշխատակիցներին, որոնց անվան դիմաց նշված է, թե ձայներ չեն կարող բերել Արտակ Սարգսյանի համար: Նրանց, ում անվան դիմաց նշված է, որ կարող են մի քանի տասնյակ ձայն ապահովել, տղամարդը խոստանում է ուղևորություն դեպի Փարիզ, նաև այլ տեսակի պարգևատրումներ:

«Համենայնդեպս, եթե ենթադրենք քրեական գործ էլ հարուցվի, կամ հարուցումը մերժվի հանցակազմի բոլոր էլեմենտների բացակայության պատճառով, այստեղ ավելի շատ խնդիրը քաղաքական – բարոյական հարթությունում է․ ինչ իրավունք ունի որևէ թեկնածու, անկախ նրանից նա որ քաղաքական ուժն է ներկայացնում, նման մեթոդներով հայտնվել Ազգային ժողովում», - մեզ հետ զրույցում մեկնաբանեց Գևորգ Պետրոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG