Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է համացանցում տարածված ՍԱՍ Գրուպ ընկերության աշխատակիցների հետ անցկացրած ժողովի ձայնագրությունը:
Նշենք, որ Hayastan24.com կայքում հրապարակվել է ձայնագրություն, որտեղ, մի տղամարդ ՍԱՍ Գրուպի աշխատակիցներին հորդորում է ձայներ բերել Հանրապետականի ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի համար, հակառակ դեպքում նրանց հետ շատ վատ կվերաբերվեն կամ կազատեն աշխատանքից։
Ընթերցելով անուն-ազգանունները՝ տղամարդը հերթով ամոթանք է տալիս այն աշխատակիցներին, որոնց անվան դիմաց նշված է, թե ձայներ չեն կարող բերել Արտակ Սարգսյանի համար: Նրանց, ում անվան դիմաց նշված է, որ կարող են մի քանի տասնյակ ձայն ապահովել, տղամարդը խոստանում է ուղևորություն դեպի Փարիզ, նաև այլ տեսակի պարգևատրումներ:
«Կեթաս վիզ կդնես, կբերես, կեթաս կհամոզես, ծանոթներ կգտնես, ընկերներ կգտնես։ Ըտենց հեշտ ասելով չի էլի։ Եթե 100 հոգու մեջից մենք քեզ ենք ընդունել գործի, ուրեմն դու պիտի նաև ինչ-որ պատասխանատվություն էլ քո վրա վեկալես։ Էն մարդը, ով որ զրո ա իրա անվան դիմաց, ուրեմն մենք էդ մարդուն դիտարկելու ենք, որպես որ ինքը մեզ դեմ ա, ոչ թե, որ չի օգնում, այլ դեմ ա, որովհետև անհնարին ա, որ մարդը ուզենա, գոնե չկարենա երեք ձեն, հինգ ձեն բերի, ներկայացնի։ Աննա Ավագյան՝ էդ քո կարծիքով, որ շլյապա ես դրել, պետք ա չտենանք հա՞, որ զրո ձայն ես բերել։ Էն մարդիկ, ովքեր որ կբերեն ձայներ, իրանք ընդունվում են որպես ակտիվիստ, կստանան գումարներ, ընտրողները՝ նույնպես, այսինքն՝ մարդիկ, սա աշխատանք ա, անում են, իրանք վարձատրվում են դրա դիմաց։ Օրինակ՝ Անուշ Ադամյանը բերել ա 14 ձայն, ծափահարեք Անուշ Ադամյանին։ Էդ ո՞նց ա Անուշը կարում ա բերի, բայց, օրինակ, Աշոտ Աղախանյան՝ խի՞ չես բերել ձայն, չես ուզո՞ւմ, հա՞։ Եթե դու էդ ձևի ես վերաբերվում մեզ, ուրեմն մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք։ Իրինա Նազարյանն ո՞վ ա՝ 44 ձայն։ Ընտրությունները մի հատ լավ տժժցնում ես, Փարիզի ուղեգիրը վեկալում ես, էթում, ֆռում գալիս ես ու պաշտոնդ քեզ ա սպասում, էղա՞վ», - ձայնագրությունում, դիմելով ներկաներին, ասում էր տղամարդը։
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյո՞ք պետք է Արտակ Սարգսյանը վայր դնի մանդատը, եթե պարզվի, որ նա մարդկանց ահաբեկելու միջոցով է ձայներ ստացել ու հայտնվել խորհրդարանում, իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե դեռևս պետք է ուսումնասիրվի, արդյո՞ք պատգամավորության թեկնածուն տեղյակ եղել է աղմկահարույց հավաքի մասին։
«Առանց ուսումնասիրման չեմ կարող գնահատականներ տալ։ Հիմա բավականին հնարամիտ են՝ և՛ մեր լրագրողները, և՛ քաղաքական ուժերը, կարող է հնարքներ եղած լինեն, բայց նորից եմ կրկնում՝ որևէ բան չեմ ցանկանում բացառել», - ասաց Բաղդասարյանը։
«Ազատության» ճշտող հարցին՝ «պատգամավորները, ովքեր նման քայլի գնացել են, պե՞տք է հայտնվեն խորհրդարանում, ունե՞ն բարոյական իրավունք հայտնվելու խորհրդարանում», Բաղդասարյանը պատասխանեց. - «Եթե դրանք մեկ-երկու դեպքեր են, դրանց չի վերաբերում, եթե լայնամասշտաբ նման դեպքեր եղել են, դրանց պետք է անդրադառնալ անպայման»։
Ի դեպ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու Սահմանադրական դատարան ներկայացվելիք իրենց դիմումում այդ ձայնագրությունը նույնպես ներառված է։
«Հանցագործություններն այնտեղ ակնհայտ են՝ սպառնալիքը, վարչական լծակի կիրառումը, վերահսկողությունը, չգիտեմ, կաշառք առաջարկելը։ Օրենքի խախտումների առնվազն մի հինգ-վեց հոդված հանգիստ այնտեղ կա», - ասաց Մանուկյանը՝ շարունակելով. - «Բացի զոռբայությունը, բացի փողը, բացի սպառնալիքը ոչինչ չի աշխատել, սա Հայաստանի համար ներքին պարտվողական պատերազմ էր, մենք պարտվել ենք մեզ, ոչ թե՝ ուրիշին»։
Արամ Մանուկյանի փոխանցմամբ, ահաբեկումների և սպառնալիքների միջոցով ձայներ հավաքելու դեպքերը տեղի են ունեցել ամենուրեք, համացանցում երեկվանից տարածված ձայնագրությունն, ըստ Մանուկյանի, այդօրինակ դեպքերից ընդամենը մեկն է:
ՀԱԿ-ն, ի դեպ, Սահմանադրական դատարանում երեք հիմքով է վիճարկելու ընտրությունների արդյունքները: Առաջինը՝ վարչական ռեսուրսի օգտագործում, որում ներգրավել են նաև բոլոր պետական հիմնարկները, ընտրակաշառքի մասսայական բաժանում և ընտրությունների վերահսկողություն։ Ընդ որում, Մանուկյանի փոխանցմամբ, այն, որ ընտրությունները վերահսկվել են, պարզել են տեսախցիկների արձանագրած կադրերի միջոցով։
«150 տեղամասում 500 դեպք՝ վերահսկողության, երբ որ երկու-երեք հոգի ուղղակի քվեարկողի գլխին կանգնած չեն թողնում, որ ինքը քվեարկի։ Ժողովուրդ, 2000 տեղամասում, համեստագույն հաշվարկներով, 10 հազար մարդ զբաղվել է փող բաժանելով, ամեն տեղամասում, որտեղ 2000 ընտրող կա, այդքան մարդ բրիգադիրներ կային, որ փող էին բաժանում, ցանկացած մարդու կարելի էր մոտենալ, ցանկացած քաղաքացու, ցանկացած թաղի խուժանի և իմանալ, թե ով է այդ թաղում փող բաժանողը։ Մի հատ դեպք ոստիկանությունով, դատախազությունով չեն փորձել գտնել փող բաժանողներին», - ասաց Մանուկյանը։
Թե արդյո՞ք ընդդիմության փաստարկները՝ վարչական ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի և ընտրությունների վերահսկողության մասին բավարար կլինեն, որպեսզի ընտրությունների արդյունքները դատարանը չեղյալ համարի, Հանրապետական խմբակցության ղեկավարը չցանկացավ գնահատական տալ՝ միևնույն ժամանակ շեշտեց, թե նախորդ ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ ավելի շատ փաստարկներ էին ներկայացվում։
Հարցին, թե հերքո՞ւմ է, որ իշխող Հանրապետականի թեկնածուները վարչական ռեսուրս են կիրառել, ընտրակաշառք են բաժանել և վերահսկել են ընտրությունների ընթացքը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. - «Նման լայնածավալ ընտրությունների ժամանակ ոչինչ բացառել հնարավոր չէ, կարող է եղած լինեն նման նեգատիվ երևույթներ, կարող է և եղած լինեն արջի ծառայություններ։ Եթե կլինեն նման երևույթներ, նման դեպքեր, դրան անդրադարձ կկատարի Սահմանադրական դատարանը»։