Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը քննադատության է արժանանում Սարի թաղի ցույցերի վերաբերյալ իր խոսքերի համար


Հայաստան -- Ոստիկանները հատուկ միջոցների կիրառմամբ ցրում են ցույցը Սարի թաղում, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․
Հայաստան -- Ոստիկանները հատուկ միջոցների կիրառմամբ ցրում են ցույցը Սարի թաղում, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․

Սարի թաղ ուղևորված երթի՝ ոչ խաղաղ նպատակներ ունենալու մասին Օմբուդսմենի հայտարարությամբ իշխանությունները ցանկանում են արդարացնել ոստիկանական բռնությունները՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների պաշտպանի երեկվա պնդումը՝ «Ազատությանն» ասաց լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:

Վերջինս նախորդ տարվա հուլիսի 29-ին անակնկալ կերպով Սարի թաղ շարժված երթի առաջին շարքերում էր․ - «Ակնհայտորեն իշխանությունը չի խափանել սադրիչների գործողությունը, և ի վերջո ինքն է հարձակվել ժողովրդի վրա: Սա ակնհայտ է: Բանակցությունները արդյունք չեն տվել, բանակցողներին տարել-փակել են օրերով, շաբաթներով, նույնիսկ ամիսներով: Երևի իսկապես շատ նեղ դրության մեջ են դրել Թաթոյանին, ասել են՝ այս այլանդակությունները օրինականացնելու եղանակը հայտարարելն է, որ ցույցը եղել է ոչ խաղաղ»:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ հատուկ զեկույց են պատրաստել 2016-ի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ: Նշելով, որ զեկույցում առանձին գլուխներ կան ոստիկանական բռնությունների մասին՝ Օմբուդսմենն ընդգծել է, որ քաղաքացիների երթը Սարի թաղ չէր կարող խաղաղ նպատակ ունենալ․ - «Եթե երթը ուներ խաղաղ նպատակ, հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր դա գնում Սարի թաղի նեղ, կիսամութ փողոցներով, գիշերով: Կարծում եմ, որ Սարի թաղով գնալը, այդ մութ փողոցներով, կոչերով, որ գնում ենք միանանք զինված խմբին, չէր կարող ունենալ խաղաղ նպատակ: Այլ հարց է, որ ոստիկանությունը այնտեղ խախտումներ թույլ տվեց, քաղաքացիներին վնասներ պատճառվեցին: Ես կարծում եմ, որ խնդրահարույց էր Սարի թաղ գնալը այդ օրը այդ ընդհանուր կոնտեքստում»:

Սարի թաղում բախումներից առաջ ոստիկանների հետ բանակցություններին մասնակցած Լևոն Բարսեղյանը զարմանք է արտահայտում՝ ինչպես կարելի է փողոցների նեղ լինելով կռահել, որ երթը խաղաղ նպատակ չուներ․ - «Սա նշանակում է, որ ինքը պիտի առաջարկի Ազգային ժողովին Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել և մարդու իրավունքների բաժնում ավելացնել, որ նեղ փողոցներում երթերը հակասահմանադրական են, մի քիչ լայն փողոցներում երթերը՝ ավելի սահմանադրական են, իսկ Մաշտոցի պողոտայում, Հյուսիս-հարավ մայրուղում և «Զվարթնոցի» թռիչքուղում ցույցերը բացարձակ խաղաղ են»:

Նախկինում Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արման Թաթոյանը շարունակում է զբաղվել իշխանությունների փաստաբանությամբ, պնդում է ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով ևս Սարի թաղ շարժված երթի առաջին շարքերում էր:

«Բոլորս հիշում ենք, թե ինչպես էր նա որպես կառավարության փաստաբան մերժում, նաև սխալ և սուտ տեղեկատվություն տրամադրում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին», - ասում է պատգամավորը:

Հուլիսի 29-ին Սարի թաղից և Խորենացի փողոցից բերման էր ենթարկվել 165 քաղաքացի, նրանցից 23-ը ձերբակալվեցին զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով։ Գործը դեռ նախաքննության ընթացքում է, և այս փուլում Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը հող է ստեղծում այն մեղադրական դատավճիռների համար, որ պատրաստում են գործով մեղադրյալների նկատմամբ, վստահ է Զարուհի Փոստանջյանը:

Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով արդեն շուրջ տասը ամիս շարունակում է կալանքի տակ մնալ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Ավելի վաղ նույն գործով ձերբակալվել, ապա ազատ էին արձակվել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, ինչպես նաև քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG