Մատչելիության հղումներ

Վայոցձորցիները վճռականորեն դեմ են իրենց գյուղերի տարածքում հանքարդյունաբերության զարգացմանը


Armenia -- A view in Vаyots Dzor, undated
Armenia -- A view in Vаyots Dzor, undated

Վայոց ձորի Գլաձոր, Վերնաշեն ու Մալիշկա գյուղերի գյուղապետերն ու բնակիչները պնդում են, թե պայքարելու են մինչև վերջ, որպեսզի արգելեն իրենց գյուղերի տարածքներում հանքարդյունաբերություն սկսելու ծրագիրը։

«Էդ Չերնոբիլ ա․․․ Էլ բան ու գործ չկա, հասել են դրա՞ն: Մեր գյուղը բոլորից լավ տեղն ա, թողեք ապրենք: Ի՞նչ եք ուզում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վերնաշենի բնակիչներից մեկը:

Վերնաշենի գյուղապետն ու ավագանու անդամները հավաստիացնում են, որ գյուղի բնակիչները մեկ մարդու պես դեմ են ծրագրին ու անգամ կոշտ միջոցներով են խոսել տրակտորներով գյուղ մտած հանքարդյունաբերողների հետ․ - «Էդ բեսպրիդելը, որ գործում ա մեր մոտ․․․ Բոլորը համաձայն չեն, ինքը տրակտորը բերել ա, որ տանի քանդի: Համայնքից 250 բնակիչ գնացել ենք ճանապարհը փակել ենք»:

«Վայք մետալ» ընկերությունը դիմել է Բնապահպանության նախարարություն հանքարդյունաբերությամբ զբաղվելու թույլտվություն ստանալու համար, սակայն մերժում է ստացել։ Ընկերությունը դիմել է դատարան՝ վիճարկելու նախարարության բացասական եզրակացությունը։

Խաղողի, մեղրի ու պանրի արտադրությամբ հայտնի գյուղերի բնակիչներն ու բնապահպաններն ուրախ են. եզակի դեպքերից է՝ նախարարությունը մերժել է հանքարդյունաբերության ծրագիրը։ Այդուհանդերձ մտահոգված են, որ դատարանում կարող է ամեն ինչ փոխվել հօգուտ հանքարդյունաբերողի։

Վերնաշենի ավագանու անդամ Գեղամ Մարգարյանն ընկերության ներկայացուցչին փորձել է համոզել՝ հետ կանգնելու վտանգավոր տարրերով հարուստ հանք շահագործելու մտքից․ - «Ես իրան ցույց եմ տվել 60 թվականին քանդված, նմուշներ վերցրած տարածքները․․․ մինչև հիմա մոլախոտ չի աճում: Ամենասարսափելի մոլախոտը նույնիսկ ընտեղ չի աճում, ճանճ չի նստում: Իսկ ինքը մատների արանքով նայում ա՝ գանք, քանդենք, տանենք․․․ Սենց չի ըլնի»:

«Վայա մետալ» ընկերությունն ըստ պետական ռեգիստրի տվյալների, պատկանում է կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Սիմոն Տեր-Սիմոնյանի որդուն՝ Արթուր Սիմոնյանին, ով Օրհուս կենտրոնի այսօրվա քննարկմանը չէր եկել։ Հայրը՝ Սիմոն Տեր-Սիմոնյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում նշեց, թե ինքը որևէ կապ չունի հանքարդյունաբերության ծրագրի հետ․ - «Ես ընդհանրապես դրա հետ կապ չունեմ: Իմ տղան իրա աներոջ հետ ինչ են անում, իրանք գիտեն: Ես դրա հետ կապ չունեմ»:

Հանքարդյունաբերողների տեսադաշտում հայտնված 3 գյուղերում հաշվարկել ու ասում են, որ 6200 հա գյուղատնտեսական հողերի հաշվին ստեղծում են 120 աշխատատեղ ու ստանում ավելի քան 600 միլիոն դրամի եկամուտ։

Վաղը վարչապետի հետ հանդիպում ունեն։ Գյուղատնտեսությունը զարգացնելու ծրագրեր են քննարկելու։ Համոզված են, թե Կառավարությունում կկարևորեն գյուղատնտեսի, ոչ թե հանքարդյունաբերողի շահերը, թեև նույն այդ կառավարության պաշտոնյայի որդին է հանքի ծրագրի հետևում։

Բնապահպանության նախարարությունում Կարինե Մովսիսյանն է զբաղվել Վայոց ձորում հանք շահագործելու նախագծի ուսումնասիրությամբ։ Ասում է, թե ներկայացված նախագիծը թերի էր, իրենց հարցադրումներին լիարժեք չէին պատասխանել։ Դրա համար են մերժել ծրագիրը։
Մովսիսյանը, սակայն, չի բացառում, որ նախարարությունում կարող է տեսակետ փոխվել․ - «Եթե ընկերությունը կարողանա բնապահպանական նորմատիվային դաշտին համապատասխան նոր լուծումներ տալ, որի հետևանքով կարող է և ազդեցությունը տվյալ տարածաշրջանի տվյալ գոտու վրա նվազացնել և մինիմալի հասցնել: Միգուցե և հնարավոր է»:

Նախագծի հեղինակները նախատեսել են տարեկան մինչև 50 միլիոն դրամ ներդնել հանքարդյունաբերությունից տուժող գյուղերում։ Սակայն գյուղապետերը նշում են, որ դա չի փոխում իրենց կարծիքը։

Վերնաշենի գյուղապետ Միքայել Բաղդասարյանն ասում է՝ հանքարդյունաբերություն նախաձեռնողներն անգամ անձնապես իրեն են գումար խոստացել․ - «Ես չեմ կաշառվել, չեմ էլ կաշառվելու: Ո՞նց կարող ա պատահի ես իմ գյուղը ծախեմ: Դա մեր գյուղն ա, իմ ծննդավայրն․․․»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG