Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում կայացավ Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ 100 միլիոն դոլար բյուջեով «Խոստում» ֆիլմի պրեմիերան


Պրեմիերային ներկա են եղել աշխարհահռչակ մի շարք աստղեր, այդ թվում՝ Շերը, Քարդաշյան ընտանիքի անդամները, Շառլոտ Լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Սիլվեսթր Ստալոնեն և Սերժ Թանկյանը:

Հայաշատ Լոս Անջելեսում երեկ առաջին անգամ էկրան է բարձրացել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» (The promise) դրաման, որի պրեմիերային ներկա են եղել աշխարհահռչակ մի շարք աստղեր, այդ թվում՝ Շերը, Քարդաշյան ընտանիքի անդամները, Շառլոտ Լը Բոնը, Քրիստիան Բեյլը, Սիլվեսթր Ստալոնեն և Սերժ Թանկյանը: «Այն, ինչ տեղի ունեցավ հայերի հետ հարյուր տարի առաջ, հրատապ է նաև այսօր, ու թերևս նաև այն պատճառով, որ մարդկության դեմ կատարված այդ հանցանքը, այդ ողբերգությունը, մինչ օրս մնում է անհետևանք»,- հայտարարել են ֆիլմի գլխավոր դերակատարները:

Քրիստիան Բեյլը, մասնավորապես, ասել է․ - «Ցավոք, ես հայերի ցեղասպանության մասին առաջին անգամ իմացա, երբ ընթերցեցի ֆիլմի սցենարը: Չգիտեմ ինչպես էր, որ ես մինչ այդ ոչինչ չգիտեի այդ մասին: Կարծում եմ՝ շատերն էլ ինձ պես տեղյակ չեն այդ պատմության մասին: Երբ ծանոթանում էի սցենարին, լուրերով հաղորդվում էր եզդիների մասին, որոնց նետում էին սարն ի վար: Մի բան, որ կատարվել էր նաև հայերի հետ: Հիմա, փաստորեն, նույն բանն է շարունակվում, և շատ հնարավոր է՝ այն պատճառով, որ հայերի ցեղասպանությունը մնացել է անհետևանք: Ինքը՝ Հիտլերն է ժամանակին ասել՝ ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին»:

Ավելի քան երկու ժամ տևող ֆիլմի առանցքում սիրային եռանկյունին է. հայկական փոքր գյուղից Կոնստանդնուպոլիս եկած ուսանող Միքայելն ու ամերիկացի լրագրող Քրիսը սիրահարված են միևնույն գեղեցկուհուն՝ Փարիզում մեծացած հայազգի Աննային: Հենց նրանց՝ հանուն սիրո շարունակվող պայքարի ֆոնին էլ փլուզվում է Օսմանյան կայսրությունն ու սկսվում են վայրագությունները հայերի նկատմամբ: Ցեղասպանությունից մազապուրծ՝ ֆիլմի գլխավոր հերոսները միանում են հազարավոր հայ գաղթականներին, որոնց, ի վերջո, օգնության է հասնում ֆրանսիական նավատորմը:

«Ամենազարհուրելին այն է, որ նկարահանումներին զուգահեռ՝ նույնն բանն էր կատարվում և մեր կողքին՝ մենք տեսնում էինք մարդկանց՝ պաշարման մեջ կամ Միջերկրական ծովում խորտակվելիս»,- ասել է ֆիլմի ռեժիսոր՝ օսկարակիր Թերի Ջորջը, ով հայտնի է պատմական այս թեմայի հանդեպ իր ընդգծված հետաքրքրությամբ: Տարիներ առաջ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մասին պատմող նրա «Հոթել Ռուանդան» համարում են «Շինդլերի ցուցակի» աֆրիկյան տարբերակը:

«Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան չեն ճանաչում հայերի ցեղասպանությունը զուտ քաղաքական նկատառումներով՝ Թուրքիայի ռազմավարական դիրքի պատճառով, սակայն, հույս ունեմ՝ շուտով մենք առաջ կշարժվենք այդ կետից: Հստակ է, որ պատմաբաններն ու աշխարհի մեծամասնությունը հայերի հետ կատարվածը որակում է որպես ցեղասպանություն»,- ասել է ռեժիսորը:

«Գերտերությունները չեն ճանաչում ցեղասպանութունը, քանի որ Հայաստանը փոքր երկիր է»,- իր հերթին պնդել է աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Շերը, ում խոսքերն այսօր մեջբերում են արևմտյան տասնյակ պարբերականներ: «Մենք փոքր ազգ ենք, Հայաստանը շրջափակման մեջ է, մենք նավթ չունենք, մենք նրանց տալու ոչինչ չունենք, չգիտեմ, թե ճանաչումը որքան ժամանակ դեռ կպահանջի: Հայերը փոքր ժողովուրդ են, մենք չունենք որևէ բան, որ նրանց կհետաքրքրի»,- ասել է նա:

Պորտուգալիայում, Մալթայում և Իսպանիայում նկարահանված «Խոստումը» Եղեռնի մասին պատմող առաջին ու մինչ օրս միակ ֆիլմն է, որի վրա ծախսվել է մոտ 100 միլոն դոլար՝ բարերար Քըրք Քըրրքորյանի աջակցությամբ: Գլխավոր դերասանուհին՝ կանադացի Շառլոթ Լը Բոնը ևս խոստովանել է՝ «Նկարահանումներից առաջ ես այս պատմությանը տեղյակ չէի, բայց ուզում եմ, որ այսօր դրա մասին շատերը խոսեն: Սա շատ, շատ իրական ու հրատապ թեմա է այսօր, քանի որ մարդիկ հիմա էլ ստիպված են լքել իրենց երկրները միևնույն խնդրի՝ ծայրահեղականության ու ազգայնականության պատճառով: Եվ եթե մենք կատարվածի մասին այսօր պատմենք աշխարհին, գուցե վաղը կարողանանք խուսափել դրա կրկնությունից»:

Ֆիլմում նկարահանված ավելի քան երկու տասնյակ դերասաններից մի քանիսը հայկական արմատներ ունեն, որոնք ֆիլմի բովանդակությունը հիշեցնող պատմություններ վաղուց լսել են ցեղասպանությունից հետո Միացյալ Նահանգներ տեղափոխված իրենց նախնիներից: «Այսօր Մերձավոր Արևելքում շատերն են կրկնում նրանց անցած ճանապարհը»,- ասել է ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը: «Իմ մեծ տատը գաղթել է Սիրիա, Հալեպ, որպեսզի փրկվի և նոր կյանք սկսի: Այսօր էլ մարդիկ ստիպված են հեռանալ Սիրիայից, Հալեպից ու այլ տեղերից, որ կարողանան կենդանի մնալ: Հայերի ցեղասպանությունից անցել է հարյուր տարի, սակայն, նույն պատմության ականատեսն ենք հիմա»,- ասել է դերասանուհին:

«Անչափ հպարտ եմ», Ֆիլմի պրեմիերայից հետո «Թվիթեր»-ում գրել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշանը՝ կոչ անելով բոլորին՝ դիտել ֆիլմն ու ի վերջո լսել հայ ժողովրդի պատմությունը: Ավելի վաղ հեղինակավոր իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն էր անդրադարձել պատմական այս դրամային՝ շնորհակալություն հայտնելով դրա հեղինակներին՝ «ամենադաժան վայրագությունների դեմ պայքարում իրենց աջակցելու համար»:

«Խոստումը» Միացյալ Նահանգներում մեծ էկրան կբարձրանա ապրիլի 21-ին, մինչ այդ, այն արդեն ցուցադրվել է Լոնդոնում, Վատիկանում, Մոսկվայում և Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG