«Հարավային Օսիայի` Ռուսաստանի կազմում հայտնվելու հավանականությունը հավասար է գրեթե հարյուր տոկոսի»: Այս մասին BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել է ինքնահռչակ հանրապետության ընտրված նախագահ Անատոլի Բիբիլովը: Կիրակի օրը նա հաղթել է Հարավային Օսիայում կայացած նախագահական ընտրություններում`ստանալով քվեների 58 տոկոսը:
«Հավանականությունը գրեթե 100 տոկոսանոց է: Մենք շատ լավ հասկանում ենք, որ գործնականում 3 տարի է մնացել մինչ այն պահը, երբ մենք կնշենք օս ժողովրդի պառակտման հարյուրամյակը»,- BBC-ին ասել է Բիբիլովը՝ հավելելով․ «Մենք պետք է վերջ տանք պատմական անարդարությանը: Բոլորը մտածում են, թե Հարավային Օսիայի հանրապետությունն անկախ պետություն է: Բայց, եթե փոքր-ինչ ուշադիր ես դիտարկում խնդիրը, ապա հստակ է դառնում, որ գործ ունենք պառակտված ազգի հետ»: Նախագահի պաշտոնում Բիբիլովի երդմնակալության արարողությունն, ի դեպ, կայանալու է արդեն հաջորդ շաբաթ` ապրիլի 22-ին:
Նորընտիր նախագահի խոսքով, Ռուսաստանի հետ Հարավային Օսիայի միացման հարցը նա արդեն իսկ քննարկել է Մոսկվայի քաղաքական շրջանակների որոշ ներկայացուցիչների հետ՝ ընտրություններից մի քանի օր առաջ կազմակերպված մոսկովյան այցի ընթացքում: «Միավորումը կարող է տեղի ունենալ բացառապես Ռուսաստանի Դաշնության կազմում` Հարավային և Հյուսիսային Օսիաների վերամիավորման միջոցով»,- ընդգծել է Բիբիլովը` չհստակեցնելով, սակայն, թե ինչպես են այդ նախաձեռնությանն արձագանքում Ռուսաստանի իշխանությունները:
Հարավային Օսիայի նախագահի պաշտոնում ընտրված Անատոլի Բիբիլովը երեկ այս թեմային է անդրադարձել նաև Ցխինվալում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Ի տարբեություն BBC-ին տված հարցազրույցի, սակայն, ցխինվալցի լրագրողների հետ շփման ընթացքում Բիբիլովն ավելի զգուշավոր էր: Նա, մասնավորաբար, նշել է, թե Հարավային Օսիան Ռուսաստանի կազմում կհայտնվի բացառապես լայն քննարկումների, այլ ոչ թե հանրապետության ղեկավարի միանձնյա որոշման արդյունքում: Ինքնահռչակ այս հանրապետության նորընտիր ղեկավարի խոսքով, ինքն այս թեման քննարկել է նաև ընտրություններում իր մրցակցի` պաշտոնից հեռացող նախագահ Լեոնիդ Տիբիլովի հետ:
«Հարավային Օսիայի հանրապետության գործող նախագահի և իմ միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ [Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հարցով] հանրաքվեն մենք կազմակերպելու ենք 2017 թվականին` նախագահական ընտրություններից հետո: Հստակորեն գիտակցում եմ հանրաքվեին առնչվող պատասխանատվության չափը: Երբ մենք Ռուսաստանի հետ «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին պայմանգիր» էին կնքում, այս բոլոր հարցերը պետք էր շատ ավելի հստակ ֆիքսել: Դա չարվեց, և այժմ այս խնդրի լուծումը շատ ավելի մեծ ջանքեր է պահանջելու»,- հայտարարել է Բիբիլովը` ակնարկելով, որ Ռուսաստանին միանալու՝ Հարավային Օսիայի բնակչության ցանկությունը դեռ բավարար չէ:
«Միացումը Ռուսաստանի հետ մեր ժողովրդի ռազմավարական նպատակն է: Նախկինում բազմաթիվ նման հնարավորություններ են եղել, որոնցից մենք չենք օգտվել, ինչը դժվարարացրել է մեր գործը: Ամեն դեպքում, այս թեմայով մենք կբանակցենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- նշել է Բիբիլովը: Ու մինչ Մոսկվան հստակորեն չի արձագանքում այս հարցին, Թբիլիսին հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել հարավօսական իշխանություններին:
«Եթե Ռուսաստանի կազմում ընդգրկվելու հարցով [Հարավային Օսիայում] հանրաքվե անցկացվի, ապա այն, ի սկզբանե, լեգիտիմ չի լինի: Բացի այդ, պետք է հստակորեն ըմբռնել, որ Ռուսաստանն առանց այդ էլ վերահսկում է այդ ողջ տարածաշրջանը»,- BBC-ին ասել է Վրաստանի պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Նշենք, որ Հարավային Օսիայի պետական բյուջեի շուրջ 90 տոկոսը ձևավորում է Ռուսաստանի կողմից տրամադրվող դոտացիաների միջոցով: Բացի այդ, Հարավային Օսիայի ուժային կառույցների մեծ մասը, Մոսկվայի հետ կնքված պայմանագրի համաձայն, առաջիկայում ընդգրկվելու է ռուսաստանյան համապատասխան գերատեսչությունների կազմում: