Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ՀՅԴ բանակցությունները շարունակվում են, Կարապետյանը կմնա վարչապետի պաշտոնում


ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարեց, որ մտադիր են ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել ՀՀԿ քաղաքական դպրոց՝ դասավանդելու։

«Հանրապետական – Դաշնակցություն» կոալիցիան նախևառաջ քաղաքական որոշման արդյունք է լինելու, կարծում է իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Այս պահին երկու կուսակցությունները միասնական կառավարություն ձևավորելու շուրջ բանակցություններ են անցկացնում։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հանրապետականն Ազգային Ժողովում մեծամասնություն է ստացել և գործնականում կարող է միայնակ էլ կառավարություն ձևավորել, սակայն, Աշոտյանը շեշտում է՝ բացի ընդհանուր ծրագրերից, որոշ դեպքերում Հանրապետականին խորհրդարանում ավելի շատ ձայներ են պետք լինելու։

«Նոր Սահմանադրությամբ, մի շարք կարևորագույն օրենքներ պահանջում են նոր քանակական ցենզ՝ երեք հինգերորդ, դա նշանակում է առնվազն 60 տոկոս ձայն: Հետևաբար, կա նաև, որոշ դեպքերում, նման համագործակցության սահմանադրական պահանջ»,- պարզաբանեց Աշոտյանը:

Երկու կուսակցություններն էլ կոալիցիոն բանակցությունների ընթացքի մասին շատ քիչ մանրամասներ են հաղորդում։ Հստակ է մեկ բան՝ վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնը կպահպանի նաև նոր կառավարությունում։ ՀՀԿ-ՀՅԴ գործող համաձայնագրով Դաշնակցությունն այժմ գործադիրում երեք նախարարական պորտֆել ունի, իսկ թե ինչ կստանա նոր համաձայնագրով՝ կորոշվի բանակցությունների արդյունքում։ Դեռ պարզ չէ, թե երբ կավարտվեն երկու ուժերի քննարկումները: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք բանակցությունների ընթացքում խնդիրներ են առաջացել, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսպես արձագանքեց․ «Ես հասկանում եմ, որ ձեզ խնդիրներ են պետք, այս պահին չեմ կարող ձեզ ուրախացնել»:

Դաշնակցության հետ բանակցում են Հանրապետականի գործադիր մարմնի մի քանի անդամներ, անուններ Աշոտյանը չհնչեցրեց։ Բանակցող մյուս կողմը՝ Դաշնակցությունն առայժմ լռում է: ՀՅԴ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց՝ երեկ այս թեմային արդեն անդրադարձել է «Երկիր Մեդիայի» եթերում։ Այդ հարցազրույցում Վարդանյանն ասել էր՝ թեև բանակցությունները նախնական փուլում են, բայց Դաշնակցությունն ու Հանրապետականն «իրար շատ արագ են հասկանում»։ Այժմ էլ քննարկում են ոչ թե պաշտոնների, այլ երկրի ապագայի հարցը։ Այն գնահատականներն էլ, թե ՀՅԴ-ն Հանրապետականի կցորդն է, Վարդանյանը «զառանցանք» էր համարել։

«Դաշնակցությունը երբեք որևէ քաղաքական ուժի՝ իշխանության կամ ընդդիմության, չգիտեմ, գերակա ուժի կցորդ չի եղել ու չի լինելու: Թող որևէ մեկը նման հալյուցինացիաներ չունենա: Դաշնակցությունն իր ինքնուրույն, անկախ քաղաքականությունն ունի, իր սկզբունքներն ունի, որից երբեք չի հրաժարվել»,- ասել էր Աղվան Վարդանյանը:

Խորհրդարան անցած մյուս երկու ուժերը՝ «Ելք»-ը և «Ծառուկյան դաշինքը» Հանրապետականի հետ համագործակցությունը բացառում են։ «Ծառուկյան դաշինքի» ընտրացուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք ամենամեծ ընդդիմադիր ուժն են լինելու, նոր Սահմանադրությամբ էլ ԱԺ-ի մեկ փոխնախագահի պաշտոնն են ստանալու: Իսկ թե ով կլինի փոխնախագահի իրենց թեկնածուն՝ դա կորոշի դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Իշխան Զաքարյանի թեկնածությունն է, ընդհանրապես, ի սկզբանե արծարծվել, բայց, հասկանալի է, որ պարոն Ծառուկյանը, որպես դաշինքի ղեկավար, որպես մեր առաջնորդ, բնականաբար, ինքը կարող է այլ որոշում կայացնել»,- ասաց Վարդան Բոստանջյանը: Վերջինս նաև պնդում է, որ իրենց նախընտրական հաշվարկները ճիշտ էին՝ իրենք պետք է 40-50 տոկոս ձայն հավաքեին, մինչդեռ, մամուլը գրում է, որ մոտ 600 հազար ձայն ավելացվել է քվեարկածների իրական թվին: Չնայած դրան, դաշինքն ընտրությունների արդյունքներն ընդունում է: Բոստանջյանն ասում է՝ այլընտրանք չունեն, քանի որ դատարաններին չեն վստահում, իսկ ՀԱԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությունը հիմնավոր չեն համարում։

Մինչդեռ, ՀԱԿ-ի հետ համագործակցության եզրեր փորձում է գտնել Հանրապետականը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարեց, որ ընդդիմադիր այդ ուժի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին պատրաստվում են հրավիրել ՀՀԿ քաղաքական դպրոց՝ դասավանդելու։ «Պատիվ կհամարենք, եթե առաջին նախագահը համաձայնի դասավանդել մեր դպրոցում, հանդես գալ իր տեսակետներով»,- ասաց Աշոտյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG