Մատչելիության հղումներ

Նախարարները հաստատում են՝ այս տարի 850 միլիոն դոլարի ներդրում կիրականացվի Հայաստանում


Վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մեծ ներդրումների մասին նախընտրական խոստումն իրականություն կդառնա, վստահ են կառավարության անդամները:

«Ես ակնկալիք ունեմ, որ մեր ներդրումները ավելին կլինի, քան հայտարարվել է», - ասում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նախարարի խոսքով, մասնավորապես, այս տարի խոստացված 850 միլիոն դոլարի ֆինանսական աղբյուրներն արդեն հայտնի են, թեև նախարարը չհստակեցրեց:

«Իրականացնողները հստակ են, և ինչպես տեսնում եք՝ արդեն շատ ակտիվ ներդրումային ծրագրերը քննարկվում են, ներդրումները արդեն իսկ իրականացվել են: Շատ բազմազան աղբյուրներ են, կան մասնավոր ներդրողներ, որոնք հետաքրքրություն են հայտնել, որ ներդրումներ իրականացվեն և արդեն իսկ սկսել են ներդրումներ իրականացնել: Շատ տարբեր աշխարհագրություն ունի ներդրման աղբյուրները՝ ինչպես Հայաստանի Հանրապետության ներդրողներ են, այնպես էլ այլ երկրներում ապրող հայազգի ներդրողներ են», - լրագրողների հետ զրույցում մանրամասնեց նախարարը:

Սուրեն Կարայանը վստահ է, որ Կարեն Կարապետյանի խոստացած 3.2 միլիարդ դոլարը Հայաստանում կներդրվի առաջիկա 2-3 տարիների ընթացքում: Կառավարությունն անգամ հասցրել է հստակեցնել ոլորտները, որոնցով հետաքրքրված են ներդրում իրականացնելու պատրաստ գործարարները։

«Հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի ոլորտում, հանքարդյունաբերության ոլորտում, թեթև արդյունաբերության ոլորտում: Ներդրումներ ունենք դեղագործության ոլորտում և կան ներդրումներ սննդի վերամշակման ոլորտում: Հիմնական խմբերով եթե բաժանենք՝ այդ ոլորտներում է լինելու», - հավելեց նա:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կիսում է գործընկերոջ լավատեսությունը։ Նա հիշեցնում է վերջերս ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբի» մասին, որի մասին այսօր Կառավարության նիստին խիստ դրական արտահայտվեց վարչապետ Կարապետյանը․ - «Վարչապետը, ի լրումն դրան, նաև ասաց, որ կան նաև շահագրգռված տնտեսվարողներ, որոնք կարող են կապ հաստատել բիզնես աշխարհի և Հայաստանի Հանրապետության միջև: Մենք կարծում ենք, որ այդ խողովակներով մենք կապահովենք ներդրումները»:

Վարչապետի և կառավարության անդամների՝ ներդրումների մասին խոստումները տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանին խիստ անիրատեսական են թվում, քանի որ, ըստ նրա, որպեսզի որևէ երկրում կատարվեն մեծ ներդրումներ, առաջին հերթին անհրաժեշտ է նորմալ տնտեսական վիճակ։ Ի՞նչն էր նախկինում խոչընդոտում ներդրումներին, և ի՞նչ է փոխվել հիմա, որ գումարները հոսեն դեպի Հայաստանի տնտեսություն, հարցնում է Գևորգյանը․ - «Քաղաքական ուժը, որը ձևավորում է Կառավարությունը վերջին ընտրություններում մնաց նույնը: Եթե ասեք, որ այս ընթացքում կոռուպցիան նվազել է, ես չեմ համաձայնի: Եթե ասեք, որ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները կորցրել են իրենց դերը Հայաստանի տնտեսության մեջ, ես կրկին չեմ համաձայնի: Եթե ասեք, որ կոռուպցիան նվազել է Հայաստանում, էլի չեմ համաձայնի»:

Ֆինանսների նախարարից հետաքրքրվեցինք, թե մասնավորապես ի՞նչ նոր պայմաններ են ստեղծվել Հայաստանում, որոնց շնորհիվ հատկապես 2017-ին գործարարները պետք է հետաքրքրված լինեն 850 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում, երբ համեմատության համար, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2016-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են ընդամենը 130,4 միլիոն դոլար:

«Ներդրողի համար կարևորագույն է երկու ուղղություն․ առաջինը մակրոտնտեսական կայունությունը, և երկրորդը՝ հեռանկարայնությունը: Այսինքն՝ դու ինչ գործողություններ ես անում, ինչ նոր պայմաններ ես առաջարկում և ինչ բարեփոխումներ ես իրականացնում: Որովհետև իրենք մտածում են իրենց գումարի անվտանգության մասին և վերադարձելիության մասին: Գումարած դրան՝ դու նաև պետք է ներդրողի հետ աշխատանքներ տանես, որպեսզի իրեն ցույց տաս, թե որտեղ են այն շահերը, որ ինքը կարող է ունենալ՝ ներդրում կատարելով Հայաստանի Հանրապետությանը», - պատասխանեց Վարդան Արամյանը:

Որպես առավելություններ ֆինանսների նախարարը խոսեց նաև Եվրասիական տնտեսական միության տված օգուտների, և Եվրամիության հետ գործող GSP+ համակարգի ընձեռած հնարավորությունների մասին։

Հայկ Գևորգյանը հակադարձում է․ - «Խորհուրդ կտամ հիշեք, թե քանի տարի է, որ Հայաստանը խոսում է GSP+ համակարգի մասին: Առնվազն 4-5 տարի: Քանի՞ տարի է խոսվում, որ Հայաստանը կարող է ԵՏՄ-ն կապել Պարսից ծոցի հետ՝ այն պահից, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին: Այսինքն՝ դրանք պարզապես տեսական դիտարկումներ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG