Մատչելիության հղումներ

Ընտրական գործընթացների վերահսկողական նոր մեխանիզմները կկիրառվեն Երևանի ավագանու ընտրություններում


ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, արխիվ։
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյան, արխիվ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ, ընտրական գործընթացների վերահսկողական բոլոր նոր մեխանիզմները, որ կիրառվել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կգործեն նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, թեև Երևանի ընտրություններին վերաբերող օրենքում նման պահանջ ամրագրված չէ:

«Այն սարքավորումները, որոնք որ կիրառվեցին ընտրողների գրանցումն իրականացնելու համար Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, կկիրառվեն նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մուկուչյանը և շարունակեց․ - «Ինչ վերաբերում է տեսախցիկներին և ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակմանը, օրենքով նման պարտադիր պահանջ չկա, բայց այսօր արդեն աշխատանքներ են տարվում համապատասխան կազմակերպության հետ, որն իրականացրել էր տեսախցիկներով հեռարձակումը, որպեսզի ավագանու ընտրությունների ժամանակ ևս իրականացվի տեսախցիկներով հեռարձակում տեղամասային կենտրոններից, և կարծում եմ, որ քվեարկության ավարտից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես համապետական ընտրությունների ժամանակ, այս անգամ ևս կիրականացնի ստորագրված ցուցակների հրապարակում, ինչը, նշում եմ, օրենքում չկա»:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանի կարծիքով, սակայն, խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ խախտումների մեծ մասը նոր միջոցներն ի զորու չեն կանխել․ - «Խորհրդարանական ընտրությունները հիմնականում ցույց տվեցին, որ խնդիրը ոչ այնքան տեղամասերում է․ ամենամեծ խնդիրը՝ կապված ուղղորդումների, ընտրակաշառքների և այլնի հետ, այն է, որ այդ բոլոր խախտումներն իրականացվում են ընտրատեղամասերից դուրս: Եվ ընտրատեղամասում հնարավոր պայմաններ ստեղծելը, կարծում եմ, լուրջ փոփոխություն չի բերելու»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի խոսքով, խորհրդարանական ընտրությունների նորամուծությունները տեղական ընտրություններում կիրառելը ցանկալի է, կօգնի դիտորդներին ավելի արդյունավետ վերահսկել գործըթացը․ - «Քանի որ այս մեխանիզմները, թեև շատ չեն ազդում, բայց ամեն դեպքում կանխարգելիչ են բավականին կեղծիքների առումով: Նաև բացահայտման տեսանկյունից․ եթե մենք կարողանանք գոնե էֆեկտիվ դիտարկել, ապա տեսախցիկների միջոցով բազմաթիվ խախտումների ապացույցներ կարելի է ձեռք բերել»:

Միևնույն ժամանակ Իոաննիսյանը նկատում է, որ տեսախցիկները կամ ցուցակների հրապարակումը չի կարող ապահովագրել այնպիսի երեւույթներից, ինչպիսին, օրինակ, «ընտրողների միգրացիան է»՝ մարզերի բնակիչներին Երևանում վերագրանցելը․ - «Այստեղ կան ինչ-որ ռիսկեր, որոնք չկան համապետական ընտրությունների ժամանակ, ինչպիսին է այսպես կոչված՝ ընտրողների գաղթը: Համապետական ընտրությունների ժամանակ մեծ հաշվով, անգամ երբ ընտրողներին մեծ խմբերով մի տարածքից մյուս տարածք են տանում գրանցում, դա համապետական քվեարկության արդյունքների վրա չի ազդում, դա ազդում է միայն ռեյտինգային կամ նախկին մեծամասնական ընտրակարգի վրա: Այս դեպքում, եթե կուսակցություններից ինչ-որ մեկը մարզերից իր էլեկտորատին նախապես բերում է և գրանցում է Երևանում, դա, իհարկե, իր մեջ ռիսկեր է պարունակում»:

Ապրիլի 2-ին դիտորդություն իրականացրած իրավապաշտպան Արթուր Սաքունցը տեխնիկական նոր միջոցների կիրառման արդյունքների առումով լավատես չէ․ - «Երբ որ մենք տեսանք, որ կրթական հաստատությունների տնօրենների ներգրավմամբ վարչական ռեսուրսների զանգվածային և կազմակերպված չարաշահում է տեղի ունենում, և որը ընդհանրապես որևէ ուշադրության չարժանացավ, նկատի ունեմ՝ իրավական գնահատականի տեսակետից․ նույն ԿԸՀ-ի կողմից համարժեք գնահատական չստացավ, ապա հարց՝ այդ տեխնիկական միջոցները արդյո՞ք հանդիսանալու են արդյունավետ՝ կանխելու նման վարչական ռեսուրսների չարաշահման զանգվածային և կազմակերպված կիրառումը: Իհարկե ոչ: Տեխնիկական միջոցները արդյո՞ք բացառելու են զանգվածային ընտրակաշառքների իրականացումը: Իհարկե ոչ: Այսինքն, այստեղ մենք ունենք խնդիրներ, որոնք համակարգային են: Դա անպատժելիության մթնոլորտի հաղթահարումն է, որը չվերացավ, ավելի խորացավ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG