Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավարի կանխատեսմամբ՝ 2017-ին Հայաստանը կարող է գրանցել մոտ երեք տոկոս տնտեսական աճ:
Հոսեյն Սամիին ոգևորվել է հատկապես առաջին եռամսյակում արձանագրված տնտեսական ակտիվության ցուցանիշներով։ Նա, սակայն, չի բացառում, որ տարվա ընթացքում, տարբեր ռիսկերով պայմանավորված, իրենց կանխատեսումը չիրականանա։
Հիշեցնենք, որ 2016-ին միջազգային հիմնադրամը Հայաստանի համար կանխատեսել էր 2.5 տոկոս տնտեսական աճ, բայց տարին փակվեց 0.5 տոկոսով։
«Ինչպես հիշում եք, անցած տարի 1-ին և 2-րդ եռամսյակներում տնտեսական աճը բավական բարձր էր, 3-րդում և 4-րդում բացասական աճ արձանագրվեց: Արդյունքում տարեկան ցուցանիշը 0-ին մոտ էր։ Ինչպես հասկացանք, այն բավականին տատանողական է, հետևեաբար արտահանման ոլորտը պետք է ավելի բազմազանեցվի, գործազրկությունն ու աղքատությունը անհրաժեշտ է կրճատել։ Եվ այս ամենի համար վճռական քայլեր են պետք՝ կայուն, շարունակելի և ներառական աճը խթանելու ուղղությամբ», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սամիին։
Նա խոսեց նաև ֆիսկալ կանոնից, որը ենթադրում է պետական պարտքի որոշակի մակարդակը չգերազանցելու պայմանը։ Նա նշեց, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է վերանայել ու ավելի ճկուն դարձնել կանոնը այն դեպքերի համար, եթե համակարգը ցնցումներ կրի։
Լրագրողները ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարից հետաքրքրվեցին, թե արդյոք դա չի նշանակում, որ Կառավարությունը կարող է ցանկացած չափով և ցանկացած պահի ավելացնել արտաքին պարտքը։
«Ես նկատի ունեմ, որ ֆիսկալ կանոնը պետք է լինի այնպիսին, որ պաշտպանի տնտեսական աճը դժվարին ժամանակներում, միևնույն ժամանակ ապահովի պետական պարտքի տանելի կրելի, մակարդակը», - պատասխանեց նա։
«Ազատությունը» հարցին, թե արդյոք իրենք տանելի են համարում Հայաստանի ներկայիս պետական պարտքի չափը՝ հաշվի առնելով նաև, որ 2017-ին այն ավելանալու է մոտ 350 միլիոն դոլարով ու հասնելու է ռեկորդային 6 միլիարդ 250 միլիոն դոլարի, Սամիին արձագանքեց․ - «Ակնհայտ է, որ պարտքի մակարդակն աճողական հետագիծ ունի և կառավարությունը պետք է այնպես անի, որ այն չդառնա այնպիսին, որ տանել հնարավոր չլինի։ Մեր գնահատմամբ, պարտքի մակարդակը հայաստանի դեպքում թեպետ հարաբերականորեն ավելի բարձր է, բայց ներկայիս քաղաքականությունից ելնելով, դա տանելի է»։
Նրա խոսքով, պարտքի կուտակումից խուսափելու համար պետք է լավ կառավարել արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող ծախսերը և հետևել նոր հարկային օրենսգրքին։ Վերջինը միջազգային մասնագետները որակում են նոր քայլ հարկային քաղաքականության մեջ։ Չնայած դրական կարծիքին, նրանք արդեն 2 տարի է լսում են նաև տնտեսվարողների դժգոհությունները, թե նոր օրենսգիրքը միայն կընդլայնի ստվերային դաշտը․ - «Այդ գործարարների համար խնդիրն այնտեղ է, որ որոշ մարդիկ, որոնք ևս ունեն հարկային պարտավարություն, իրենց արդարացի մասնաբաժինը չեն վճարում։ Դրա լուծումը չպետք է լինի հարկային օրենսգիրքը վերացնելը, այլ ընդհակառակը՝ պետք է լրացուցիչ ջանքեր գործադրվեն, որպեսզի հարկային ոստայնը ընդլայնվի այնպես, որ ընդգրկի բոլորին ու այդ պարագայում կգա այն ժամանակը, որ դրույքաչափը իջեցնելու հնարավորություն կլինի»։