Մատչելիության հղումներ

Նորվեգական երգչախումբը Ծիծեռնակաբերդում կատարեց Կոմիտասի ստեղծագործությունները


Երևանում համերգներով հանդես է գալիս Նորվեգիայի Բերգեն քաղաքի «Լիդերհորն» երգչախումբը:

Նորվեգական երգչախումբը Հայաստանի «Սպեղանի» երգչախմբի հետ միասին հանդես եկավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, վաղը տեղի կունենա երգչախմբի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Իսկ այսօր «Լիդերհորն» երգչախումբը Ծիծեռնակաբերդում իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ հուշահամալիրի մոտ մի շարք երգեր կատարելով ու ծաղիկներ դնելով անմար կրակի մոտ:

Պարզվում է, որ նրանք ամեն տարի ապրիլի 24-ին Բերգեն քաղաքում գտնվող հայկական խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բացօթյա համերգ են կազմակերպում: Երեք տարի առաջ հիմնադրման 40-ամյակը նշած երգչախմբի երգացանկում Կոմիտասի, այլ հայ կոմպոզիտորների երգեր ունի:

Երգչախմբի դիրիժոր տիկին Ռիկե Մատտիենսենը լրագրողների հետ զրույցում նշում էր, որ մի քանի տարի առաջ ծանոթացան հայ համայնքի ներկայացուցիչների հետ և հենց նրանց շնորհիվ ու նրանց միջոցով տեղեկացան հայ ժողովրդի պատմության ու 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը մասին:

Օսլոյում բնակվող Ռուզաննա Սևանը «Ազատության» հետ զրույցում պատմեց․ - «Այս խմբին երկար ժամանակ ճանաչել եմ: Մի երկու տարի առաջ սկսեցին խոսել Հայաստան գալու մասին ու երգեր էին ուզում ընտրեին: Օգնեցինք»:

Երգչախմբի տնօրեններից Ռյունե Քրիստիան Դալլը ասաց, որ իրենք մեծ հաճույքով են երգում հայ կոմպոզիտորների, մասնավորապես Կոմիտասի ստեղծագործությունները, նաև Հայաստանի մայրաքաղաքին նվիրված Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երևան» երգը: Այս ամենը իրենք սովորել են մասնավորապես նորվեգահայ համայնքի ներկայացուցիչ Մարտին Դավթյանի ընտանիքի անդամների շնորհիվ և այնքան են տպավորվել, որ վճռել են անպայման այցելել Հայաստան և ոչ միայն տեսնել, այլև համերգներով հանդես գալ:

Ի դեպ երգչախմբի անդամները բացառապես իրենց միջոցների հաշվին են այցելել Հայաստան: Այսօր երեկոյան նրանք ներկա են գտնվելու Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Տոսկա» օպերայի բեմադրությանը, որտեղ Տոսկայի դերերգն այսօր կկատարի աշխարահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը: Հենց նրան լսելու համար էլ դեռ 3 ամիս առաջ երգչախմբի անդամները Օսլոյում գնել են ներկայացման տոմսերը:

Նրանք հատուկ շեշտեցին, որ հպարտ են, որ Հայաստանում այդքան մեծարում են իրենց մեծ հայրենակցին՝ Ֆրիտյոֆ Նանսենին, ում «նանսեյան անձանգրերի» շնորհիվ Ցեղասպանության տարիներին փրկվելու հնարավորություն ստացան հարյուր հազարավոր հայեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG