Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանը դատարանից վաղաժամկետ ազատում է պահանջում


Վոլոդյա Ավետիսյանը դատարանում, 12-ը ապրիլի, 2017 թ․
Վոլոդյա Ավետիսյանը դատարանում, 12-ը ապրիլի, 2017 թ․

Դատախազ Գարեգին Միրզախանյանը, մինչդեռ, դատավորին հորդորեց՝ մերժել Ավետիսյանի հայցը, ասելով, թե նա պետք է դիմեր իրեն արդեն 6 անգամ մերժած անկախ հանձնաժողովին:

6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դատարանում հայտարարեց՝ որ օրենքով իրեն դատել են, այդ նույն օրենքով էլ կարող են վաղաժամ ազատ արձակել։

«Ես ցանկանում եմ՝ մեր պետությունում օրենքն աշխատի, պարոն դատավոր: Եթե օրենքն աշխատում ա, օրենքը գործում ա բոլորի համար, մենք դառնում ենք աշխարհում ընդունված լավ պետություն և հզոր պետություն կդառնաք: Ստեղ մի խնդիր կա ընդամենը՝ արդարություն և օրենք, որպեսզի լավ պետություն ունենանք մեր հետագա սերունդների համար:

Օրինակ ես և ինձ նման շատ դատապարտյալներ, համարում եմ՝ ոչ թե մենք դատապարտյալ ենք, էն օրվանից, երբ որ մենք ներկայացնում են վաղաժամ ազատման [դիմում]․․․քրեակատարողական հիմնարկին, եթե չեն ազատում, այդ օրվանից համարում եմ, որ մենք ոչ թե դատապարտյալ ենք, այլ գերի»,- դատարանում հայտարարեց Ավետիսյանը:

Պահեստազորի գնդապետն ու նրա փաստաբան Արաքս Մելքոնյանը դատարան են դիմել՝ խնդրելով ազատամարտիկին վաղաժամկետ ազատ արձակել։ Մելքոնյանը դատարանում պարզաբանեց՝ օրենքը նման հնարավորություն ընձեռում է իրենց։ «Մեր երկրում դատարանն է միակ մարմինը, որը կայացնում է այդ որոշումը, անկախ հանձնաժողովի հավանություն տալ-չտալն էս դեպքում կարևորություն չպետք է ունենա»,- ասաց փաստաբանը:

2013-ի սեպեմբերին կալանավորված, 2014-ի ամռանը 6 տարվա ազատազարկման դատապարտված Ավետիսյանը, ըստ Արաքս Մելքոնյանի, վերջին համաներման արդյունքում կարող է ազատ արձակվել մեկ ամսից։ Բայց, Ավետիսյանի՝ օր առաջ ազատության մեջ լինելու ցանկությունն է նրան դրդել՝ դիմել դատարան։

Փաստաբանը, ներկայացնելով Վարդաշենի բանտում պահվող ազատամարտիկին, ասաց՝ նա դրական բնութագիր ունի, ինչի համար էլ անցած տարիների ընթացքում ՔԿՀ-ի ղեկավարությունը 6 անդամ դիմել է անկախ հանձնաժողովին՝ վերջինիս վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքով: Փաստաբանի պնդմամբ՝ հանձնաժողովն առանց պատճառաբանության բոլոր դիմումները մերժել է։

«Ես ստացել եմ գրություն, որ մերժել, ինչի՞ համար, դա պետք է հիմնավորված, պատճառաբանված որոշում լինի, բերվեր էս մարդուն տրվեր, որպեսզի ինքը իր պատժի հետագա կրման ընթացքում հասկանար իր վարքագիծը»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի դիտարկմանն անդրադարձավ նաև դատավոր Արտուշ Գաբրիելյանը, ասելով․ «Դրա համար, երբ էսպիսի պատասխան են տալիս, դատարանը հրավիրում է ու ասում է՝ ընկեր ջան, էս որ գրել ես՝ հավանություն չտալ, էս ձեր տնի՞ց ես էս բառը բերել, ո՞րտեղից ես գտել: Հիմա դու ինձ ասա՝ որ գրել ես հավանություն չտալ, ի՞նչ նկատի ունես, էս տղան սափրված չէր, մազերը կտրած չէր, փոխկապ կապած չէր, ինքն էդ ամեն ինչը մեզ մատուցեր, թե ինչու են նրան մերժել»:

Քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչ Աշոտ Հակոբյանը հաստատեց՝ Վոլոդյա Ավետիսյանը բանտում լավ վարքագիծ է դրսևորել․ «Համապատասխան բնութագիր ենք գրել, իր պատիժը կրելու վերաբերյալ»:

Դատախազ Գարեգին Միրզախանյանը, մինչդեռ, դատավորին հորդորեց՝ մերժել Ավետիսյանի հայցը, ասելով, թե նա պետք է դիմեր իրեն արդեն 6 անգամ մերժած անկախ հանձնաժողովին: «Ունենք անկախ հանձնաժողով, ինչու է կոչվում անկախ, ոչ մի շահագրգիռ մարմնի հետ կապված չէ: Ես էլ շեշտում եմ, որ մեր օրենսդրությունը չի տալիս էս հնարավորությունը: Այդ իսկ պատճառով՝ ես միջնորդում եմ, որ էդ դիմումը մերժվի, որովհետև սահմանված կարգերը պահպանված չեն, կա բացասական եզրակացություն»,- ասաց դատախազը:

Վոլոդյա Ավետիսյանն այսօր դատարանում նաև հայտարարեց՝ ըստ կարգի ամեն բանտարկյալի համար օրական բանտում ծախսվում է 5 հազար դրամ, մինչդեռ իր համար նման գումար չի ծախսվել՝ «Ես դա չեմ տեսել, ուստի, ես ասում եմ, որ սա լուրջ կոռուպցիա է, թող հանձնաժողով ստեղծեն, գան ստուգեն»:

Վոլոդյա Ավետիսյանը մի քանի տարի առաջ ազատամարտիկների սոցիալական վիճակի բարելավման պահանջով հանրահավաքային պայքար ծավալելուց հետո կալանավորվեց։ Նր խոսքով, իշխանությունները «շինծու քրեական գործ սարքելով» փորձեցին մեկուսացնել իրեն։ Ազատամարտիկը մեղավոր էր ճանաչվել խարդախության և խարդախության փորձի համար:

Դատարանը Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու հայցի վերաբերյալ որոշում կկայացնի ապրիլի 14-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG