Մամուլում աշխուժորեն քննարկվում է Մշակութի նախարար Արմեն Ամիրյանի՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ռեստորան կամ սրճարան ունենալու մտահղացումը:
Շատերն անխնա քննադատում են այդ գաղափարը, առհասարակ դեմ են նման նախագծերին: Ոմանք, սակայն, գտնում են, որ որևէ սարսափելի բան չկա, սա ընդամենը նախագիծ է, որը պիտի նաև հանրային քննարկման դրվի:
Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի համոզմամբ, խնդիրը կապված է միայն ու միայն ֆինանսական հարցերի հետ: Այս տարի կրճատվել են թատրոնների բյուջետային հատկացումները․ - «2016-ին էլ էին կտրել: Ընդ որում 16-ին, կարծում եմ, կտրեցին անօրինական, որովհետև դա բյուջեի սեկվեստր է կոչվում․․․ Ամառը փոխեցին, որովհետև արդեն ամառը պարզ էր, որ վիճակը լավ չի: Կրճատեցին նաև այս տարի: Իսկ այն գումարները, որը մենք պետք է աշխատենք, ավելացրեցին: Այսինքն, պարզ չի, թե որտեղից այդ գումարները պետք է գան: Այնպես չի, որ սենց ավելի ու ավելի լավ է ապրում, բնակչությունը ավելանում է․․․ Էդ հանդիսատեսը որտեղի՞ց պետք է գա»:
Բաբայանը կարծում է, որ եթե հնարավոր լինել բավականաչափ ֆինանսավորում ապահովել օպերային թատրոնի համար, նման խնդիր չէր ծագի: Նա կարծում է, որ 2017-ին ֆինանսական խնդիրներ ունենալու են բոլոր թատրոնները․ - «Բյուջեն ահավոր ծանր վիճակում է, ահավոր կրճատված է բոլոր մշակութային օջախների ֆինանսավորումը: Դրված է հետևյալը՝ ինչպես կարող եք, աշխատեք գումար, փորձեք ձեզ պահել: Ամենակարևոր քայլը չի արվում․ օրենք մեկենասության և հովանավորչության մասին, որը շահագրգիռ դարձնի զբաղվելը այդ գործունեությամբ, ինչպես ամբողջ աշխարհում, մեր մոտ չկա: Ընդ որում, մոտ ապագայում չի էլ սպասվում, որովհետև սկզբունքորեն դրան դեմ են»:
Ըստ նրա, ֆինանսական խնդիրը կարելի է լուծել նաև առանց նման միջոցի: Պետք է մտածել ոչ թե ռեստորանի կամ սրճարանի մասին, այլ հենց օպերայի շուրջը գտնվող տարածքի շնորհիվ ֆինանսավորում ստանալ․ - «Հրապարակը, որտեղ կան բազմաթիվ սրճարաններ, փարկինգը․ թող իրանք վճարեն իրենց հարկերը Օպերային թատրոնին: Ես բազմաթիվ նման դեպքեր տեսել եմ աշխարհում: Բոստոնում կառուցել էին թատերական շենք: Ես հարցրեցի, թե ինչպես եք կառուցել, որովհետև տոմսերի վաճառքից նույնիսկ Բրոդվեյի թատրոնները չեն կարող գլուխ պահել, չնայած այդտեղ տոմսերի գները սկսվում են 50-ից՝ հասնելով մինչև 500 դոլար։ Ասացին՝ շատ պարզ, այս ութհարկանի փարկինգը, որ տեսնում եք, քաղաքապետարանը տվել է մեզ, ասել է՝ սա օգտագործեք և էդ գումարով պահեք: Մեկ ուրիշին կողքը ռեստորան են տվել․․․ Սա շատ ճիշտ մոտեցում է»:
Ռուբեն Բաբայանի համոզմամբ, եթե Օպերային թատրոնի շրջակա տարածքի բոլոր սրճարաններն ու ստորգետնյա ավտոկայանը հարկերը ոչ թե քաղաքապետարանին վճարեին, այլ հենց Օպերային թատրոնին, ապա թատրոնը բավականաչափ ֆինանսավորում կունենար և կարիք չէր ունենա հենց թատրոնի շենքի ներսում ռեստորան կամ սրճարան գործարկելու:
«Բայց քանի որ դա բաժանված է, տրված է «հարազատ մարդկանց», որոնք հաստատ օրինական հարկերից բացի, էլի ինչ-որ բան են վճարում․․․ մենք գիտենք այդ մեխանիզմները ինչպես են գործում: Ուզո՞ւմ եք Օպերային թատրոնի ֆինանսավորման հարցը լուծեք: Այո, Օպերային թատրոնը պահանջոմ է մեծ գումարներ: Խնդրե՛մ, ճանապարհը կա»: