Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ Եթե գաղտնիությունը չի երաշխավորվում, դառնում է համակետրոնացման ճամբարի քվեարկություն


ՀԱԿ կուսակցությունը, որն ապրիլի 2-ի ընտրություններն անվավել ճանաչելու պահանջով դիմել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ու մերժում ստացել, պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան:

«Օրինակ, պատկերացրեք, որ ասենք Օսվենցիմում քվեարկություն անցկացնեն: Ի՞նչ եք կարծում, ո՞նց կլինի այդ քվեարկության արդյունքները: Բնականաբար, մարդիկ, իմանալով, որ սխալ քվեարկության համար պետք է գնդակահարվեն, կքվեարկեն մնալու օգտին, ու միգուցե այդ օրվա պայոկը իրենց տան․․․ Հայաստանում տեղի է ունեցել նման քվեարկություն: Ընտրակաշառքը կազմում է այդ ահաբեկման համակարգի ընդամենը փոքրիկ մասը», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ընտրակաշառքի զանգվածային բաժանումից մինչև ահաբեկում․ ըստ Զուրաբյանի, այս ընտրությունների գլխավոր գործիքը քաղաքացու քվեարկության վերահսկումն էր, գաղտնիության խախտումը․ - «Քվեարկության գաղտնիության զանգվածային խախտումները, որոնք պարզապես ապացուցված են տեսանյութերով: Երկրորդը, ահաբեկումները և ադմինիստրատիվ լծակներով ճնշումը, որոնք ապացույցները ներկայացված են: Եվ ներկայացված են նաև ապացույցներ, որ իրավապահ մարմինները և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի գործել այդ խախտումները հետազոտելու և հետաքննելու համար․․․ Այսինքն, նաև անգործությունը կա այստեղ իրավապահ մարմինների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի»:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացնող փաստաբան, «Իրավունքի Եվրոպա» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ընգծում է, որ ապրիլի 2-ի քվեարկության արդյունքների վրա էական ազդեցություն է ունեցել նաև ընտրությունների օրինականության համար պատասխանատու պետական մարմինների «միտումնավոր անգործությունը»․ - «ԿԸՀ-ն և տարածքային ընտրական հանձնաժողովները, դրանց համատեղ, միաձուլված այնպիսի աշխատանքը, որի արդյունքում բազմաթիվ բողոքներ, բազմաթիվ փաստեր ըստ էության չեն քննարկվել, և դրանց կապակցությամբ քննարկումն ու քննությունը ըստ էության միայն ԿԸՀ-ի կողմից է իրականացվել, այդ հանձնաժողովի կողմից պարտադրվել են տարածքային հանձնաժողովներին կոնկրետ որոշումներ»:

Մինչև Սահմանադրական դատարան գնալը դաշինքը արդեն հասցրել է ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով դիմել և մերժում ստանալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Կիրակի օրը ԿԸՀ-ն, լսելով ընդդիմադիր ուժի ներկայացուցչին, եզրակացրեց, որ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար ծանրակշիռ հիմքեր են անհրաժեշտ, որոնք բացակայում են։

Եգորյանն այս առնչությամբ ասաց․ - «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի իրականացրել արդյունավետ քննություն իր քննարկմանը ներկայացված փաստերի կապակցությամբ, չի գնացել այդ փաստերի հետքերով և չի փորձել գնահատել և դիտարկել դրանց փոխադարձ կապը, դրանց համակարգված բնույթը»:

«Սահմանադրական դատարանում կներկայանցենք մեր բուն դիմումը՝ հիմանվորումներով ու փաստերով», - ասում է Զուրաբյանը։ - «ԿԸՀ դիմելը ընդամենը միջանկյալ իմաստ ուներ, որովհետև պետք է փորձել սպառել բոլոր ատյանները Սահմանադրական դատարան մտնելուց առաջ»:

4+4+4 ձևաչափի նախաձեռնող և Ընտրական օրեսգրքին կողմ քվեարկած ՀԱԿ խմբակցության ղեկավար Զուրաբյանը ավելի վաղ վստահ էր, որ նոր Ընտրական օրեսգրքում ներդրված մեխանիզմները էականորեն կնվազեցնեն ընտրակեղծիքները: Այսօր, սակայն, Սահմանադրական դատարան գնացող ընդդիմադիր ուժը հրաժարվում է ընդունել ընտրության արդյունքները:

Զուրաբյանի խոսքով՝ ինքը միամիտ է եղել․ - «Երբ որ ես դա ն ասում էի, ես նաև ասում էի հետևյալը, մեր հիմնավորումը ո՞րն ա․ մեր հիմնավորումն այն է, որ եթե գործեն տեսախցիկները, ոչ ոք ուղիղ եթերում հանցագործություն չի անի: Բայց արել են, արել են զանգվածաբար»:

Բացի այդ, նրա խոսքով, թերի է գործել 4+4+4 բանակցությունների արդյունքում ներդրված գլխավոր գործիքներից մեկը՝ տեսախցիկների ուղիղ հեռարձակումը 1500 ընտրատեղասերից․ - «Ժամը յոթից մինչև մեկը, այսինքն ընտրակեղծարարության ամենաթեժ պահին, էդ տեսախցիկները չեն գործել, ինտերնետ հեռարձակում չի եղել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG