Մատչելիության հղումներ

Տեր-Պետրոսյան․ «Ընտրակաշառք վերցնելու այլանդակ երևույթի համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ իշխանություններին»


ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ընտրական շտաբում, Երևան, 2-ը ապրիլի, 2017թ․
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ընտրական շտաբում, Երևան, 2-ը ապրիլի, 2017թ․

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր անդրադարձել է, իր իսկ ձևակերպմամբ, «մտահոգիչ ու վտանգավոր ետընտրական տրամադրություններին»: «Ի լուր»՝ iLur.am կայքում հրապարակած հոդվածում շեշտելով, որ ընտրությունների արդյունքների վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել ընտրակաշառքի երևույթը, Տեր-Պետրոսյանը միևնույն ժամանակ ընդգծում է, թե պետք չէ մեղադրել հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ժողովրդին:

«Պահն է, թերևս, բացելու փակագծերը։ Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ելքը վճռում են ոչ թե պետական վարչամեքենան, մեծահարուստների դասը կամ լյումպենացված զանգվածը, այլ բացառապես միջին խավը։ Կրկնում եմ, խոսքը վերաբերում է ժողովրդավարական երկրներին, և ոչ թե Հայաստանի պես բռնապետություններին, որտեղ միջին խավը պարզապես ոչնչացված է», - գրում է Հայաստանի առաջին նախագահը՝ շարունակելով․ - «Երկիրն ամբողջությամբ գտնվում է կոռումպացված պետական պաշտոնյաների, պատժիչ իրավապահ մարմինների, մոնոպոլիստ ձեռնարկատերերի և քրեական հեղինակությունների ձեռքում, որոնք էլ լիովին տնօրինում են ճորտության կարգավիճակի մատնված ժողովրդի բախտը և հակաօրինական բոլոր միջոցներով պարբերաբար ապահովում իրենց վերարտադրությունը»:

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում մոտ 25 հազար ձայն ստացած և խորհրդարանից դուրս մնացած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ղեկավարը շեշտում է․ - «Հացի կարոտ, ոտաբոբիկ երեխաների տեր ու պարտքերի տակ թաղված ճորտը, որքան էլ բարոյական ու սկզբունքային, չի կարող դիմադրել ընտրակաշառքի գայթակղությանը: Դիմադրելու պարագայում ընտրակաշառքն ստիպելով կխոթեն նրա գրպանը՝ մեկին վախեցնելով բանակում ծառայող որդու վիճակի վատթարացմամբ, մյուսին՝ դպրոցում կամ բուհում սովորող զավակին նեղություն տալով, երրորդին՝ աշխատանքից ազատելու սպառնալիքով և այլն։ Վստահաբար, ընտրակաշառք վերցնողների մեծ մասն այդ քայլին դիմել է ոչ այնքան փողի գայթակղությունից դրդված, որքան այդպիսի ճնշումներին չդիմանալու պատճառով»:

«Այնպես որ, որքան էլ բարոյական տեսակետից անընդունելի, ընտրակաշառք վերցնելու այլանդակ երևույթի դրսևորման համար պետք է մեղադրել ոչ թե ժողովրդին, այլ վերջինիս այդպիսի ստորացուցիչ վիճակի մեջ դրած իշխանություններին։ Մեղադրելու, անարգելու և կշտամբելու փոխարեն, ժողովրդին, ընդհակառակը, իշխանությունների կողմից նրա արժանապատվությանը հասցված աններելի հարվածի համար, պետք է միայն կարեկցել, հուսալով, որ մի երջանիկ օր այդ արժանապատվությունը կվերականգնվի։ Ապշելու բան է, թե խորհրդային բռնապետության դեմ 1988-ին միահամուռ ոտքի կանգնած հպարտ ժողովրդին ինչպես կարելի էր ընդամենը երկու տասնամյակում, բառիս բուն իմաստով, ծնկի բերել։ Դա հնարավոր էր միայնումիայն նրան բացարձակ թշվառության մատնելու ճանապարհով, ինչը փայլուն կերպով իրականացրեց 2000-ական թթ. սկզբից Հայաստանում հաստատված ավազակապետական ռեժիմը», - գրում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ընտրություններից բացի՝ իր հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադառանում է նաև ղարաբաղյան խնդրին, կրկին շեշտելով, որ ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետև չի լինելու։

«Եթե ղարաբաղյան խնդրի ավելի շահեկան լուծման հնարավորություն լիներ, գուցեև կարելի էր համաձայնել պատերազմասերների ու ոչմիթիզհողականների պնդումներին։ Սակայն գործընթացի ձգձգումը և ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, որոնք որևէ արժեցող նպատակի չեն ծառայելու, քանի որ, կրկնում եմ, ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետև չի լինելու։ Այլ բան ակնկալելը սին պատրանք է և մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ», - իր հոդվածում պնդում է Հայաստանի առաջին նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG