Սերբիայի մայրաքաղաքում ապրիլի 8-ին հազարավոր ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել անցած շաբաթ այդ երկրում բազմաթիվ ընտրախախտումներով անցկացված նախագահական ընտրություններում վարչապետ Ալեքսանդր Վուչիչի տարած հաղթանակի դեմ:
Պաշտոնական տվյալներով Վուչիչը ստացել է ձայների 55 տոկոսը:
Ուսանողները Բելգրադում բողոքի ակցիաներ են անցկացնում արդեն վեց օր շարունակ: Նրանք Վուչիչին «բռնակալ» ու «գող» են որակում, պնդելով, որ վարչապետը գողացել է ընտրողների քվեները:
Շաբաթ օրվա հետընտրական բողոքի ակցիային միացել են հարյուրավոր ոստիկաններ և զինծառայողներ, ովքեր իրենց առանձին հանրահավաքն էին հրավիրել` դժգոհելով ցածր աշխատավարձերից ու սոցիալական պայմաններից:
46-ամյա Վուչիչի և նրա ղեկավարած «Առաջադիմական կուսակցության» հաղթանակը նշանակում է, որ Վուչիչի ձեռքում կենտրոնանում է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր ողջ իշխանությունը: Նրա քննադատների համոզմամբ, դա կարող է Սերբիան հետ մղել դեպի ավտորիտար համակարգ, ինչպես նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի իշխանության տարիներին: