Մատչելիության հղումներ

Քարոզչության ընթացքում տրված անվճար երթևեկության տոմսերը քվեարկության հաջորդ օրն անվավեր են ճանաչվել


Անվճար տոմսերը հատկացրած «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը վստահեցնում է, թե դրանք կվերականգնվեն մոտ ապագայում:

Մասիսցի մոտ 380 ուսանողներ մեկ ամիս առաջ անվճար երթևեկության տոմսեր էին ստացել «Ծառուկյան» դաշինքի Մասիսի գրասենյակից։ Բարեգործությունը, սակայն, տևել է մինչև ապրիլի 3-ը։

«Ասացին, որ մինչև տարվա վերջ պիտի լինի, սակայն ընտրության հաջորդ օրն անմիջապես վերացավ», - պատմեց ուսանողներից մեկը:

Անվճար երթևեկության տոմսերի վրա նշված էր, որ այն նախատեսված է 2017/2018 թվականի ուսումնական տարվա համար։ Ուսանողները պնդում են, որ տոմսերը տրամադրելուց առաջ իրենց չեն տեղեկացրել, որ դրանք մեկ ամսով են հատկացվել․ - «Քարտի վրա գրված էր, որ պետք է օգտագործենք մինչև 2018-ից 2018 ուսումնական տարի»

Ուսանողները բարեգործության դադարեցման պատճառը կապում են հենց խորհրդարանական ընտրությունների հետ․ - «Ընտրությունների հենց հաջորդ օրը վերացնել․․․ ակնհայտ ա արդեն: Ինչի՞ հետ կարող է կապ ունենալ»:

«Ծառուկյան» դաշինքի Մասիսի գրասենյակի և շտաբի ղեկավար Համլետ Մարգարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բարեգործությունը դադարեցրել են, քանի որ կեղծ տոմսեր են հայտնաբերել․ - «Ես չեմ կարող ասել, թե քանի հատ, բայց բազմաթիվ է եղել, որովհետև երբ նայում էին կազմակերպության հետ, թե ինչքան փող պետք է փոխանցենք, տեսնում էին, որ մեր տոմսերը, ինչքան որ տվել ենք, կրկնակի, եռակի անգամ ավել են»:

Պատասխանատուի խոսքով՝ իրենք առաջիկայում նոր կարգ կմշակեն և ուսանողներին կրկին անվճար երթևեկության տոմսեր կտան․ - «Անպայման վերականգնելու ենք: Անպայման մենք անվճար երթևեկությունը նորից տալու ենք մեր ուսանողներին»:

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը (ՀՀԿ) զերծ մնաց բարեգործության դադարեցումը կապել ընտրությունների հետ, բայց հավելեց՝ «բարեգործությունը մեկ ամսով չեն անում»․ - «Եթե կապենք ընտրության հետ, ինչ-որ մարդկանց հեղինակության հետ կխաղանք, որովհետև չի կարելի ընտրությունից առաջ բաժանել, ընտրությունից հետո հետ հավաքել: Ուսանողները մեր ապագան են, եթե մեր ապագայի հետ ինչ-որ մարդիկ փորձում են խաղալ, ուրեմն ամոթ իրենց»:

Նշենք, որ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում Կենտրոկան ընտրական հանձնաժողովից նկատողություն ստացավ ընտրողներին նյութական աջակցութուն խոստանալու համար:

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուներին արգելվում է նյութական ու դրամական օգնություն խոստանալ կամ տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG