Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հայտնի է քաղաքապետի թեկնածուի երեք անուն


Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ և թեկնածուների առաջադրման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամկետի ավարտից մոտ 48 ժամ առաջ հայտնի է քաղաքապետի թեկնածուի երեք անուն՝ Տարոն Մարգարյան, Նիկոլ Փաշինյան և Զարուհի Փոստանջյան:

2011 թվականից Երևանը ղեկավարող Տարոն Մարգարյանը Սերժ Սարգսյանի առաջարկով նորից է գլխավորելու իշխող ուժի ցուցակը: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում գործող ավագանու անդամներ, շախմատիստ Սմբատ Լպուտյանն ու «Սինոփսիս Արմենիա» ընկերություն ղեկավար Հովիկ Մուսայելյանն են:

«Մենք կարծում ենք, որ այս տարիների ընթացքում քաղաքապետ Մարգարյանի գլխավորությամբ Երևան քաղաքում տեղի են ունեցել շատ լուրջ բարեփոխումներ, և կուսակցությունը լիահույս է, որ հաջողության դեպքում Երևանի ավագանին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ կշարունակի այն բարեփոխումները, որը նախաձեռնել է տարիներ առաջ», - Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ, ավելի քան 100 հոգանոց ցուցակում մեծ փոփոխություններ չկան, գործող ավագանու մեծ մասն է, թաղապետեր, փոխքաղաքապետեր․- «Իհարկե, կան նաև նոր դեմքեր՝ և՛ մշակույթի, և՛ սպորտի, և՛ գիտության, և՛ գործող ավագանիներ, և՛ վարչական շրջանի ղեկավարներ, ներկայացուցիչներ, փոխքաղաքապետեր: Մեր Երևան քաղաքի հանրապետական թիմը ամբողջությամբ ընդգրկված է համամասնական ցուցակում, և մենք գնում ենք շարունակականության ճանապարհով: Պատրաստ ենք ազատ, արդար մրցապայքարի, պատրաստ ենք ներկայացնել ծրագրային դրույթներ և իհարկե՝ նաև իրականացված աշխատանք: Որովհետև իրականացված աշխատանքը տարիների ընթացքում՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, բավականին տպավորիչ է եղել»:

«Ելք» դաշինքը Երևանում պայքարի դուրս կգա Նիկոլ Փաշինյանի գլխավորած ցուցակով: Խորհրդարանական ընտրություններում պաշտոնական տվյալներով մոտ 8 տոկոս քվե ստացած ուժը հենց քաղաքապետարանի առջև հրապարակեց համամասնական ցուցակը, ուր ընդգրկվել է նաև խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատների» հետ մասնակցած Անահիտ Բախշյանը: Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իր, Էդմոն Մարուքյանի և Արամ Սարգսյանի երիտասարդ կուսակիցների ցուցակը հաղթական է․ - «Այս ընտրություններում մեր նպատակադրումը հաղթանակի հասնել է: Ցուցակի առաջին համարը ես եմ, երկրորդ համարը՝ Արայիկ Հարությունյանը, երրորդ համարը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դավիթ Խաժակյանը, չորրորդ համարը՝ Անահիտ Բախշյանը: Մենք մեր քվեների առյուծի բաժինը ստացել ենք Երևան քաղաքում և մենք Երևան քաղաքից չորս ընտրված պատգամավոր ունենք ռեյտինգային ընտրակարգով»:

Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Էդուարդ Շարմազանովին, թե քարոզարշավին երևանցի ընտրողներին Տարոն Մարգարյանի կատարած աշխատանքն են ներկայացնելու․ - «Տարոն Մարգարյանի աշխատանքի ամենամեծ արդյունքը «Գազելների» մեջ առավոտ և երեկոյան կռացած դեռատի աղջիկներն են, որոնք նվաստացուցիչ պայմաններում տեղափոխվում են տեղից տեղ: Տարոն Մարգարյանը վերջին անգամ ե՞րբ է քաղաքային տարնսպորտից օգտվել»:

Որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու է Զարուհի Փոստանջյանը՝ իր նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակով:

«Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է օգտագործել քաղաքական պայքարը մղելու համար, հետևաբար՝ այս նույն քաղաքական գործընթացը կարող էր նաև օգտակար լինել քո քաղաքական ծրագիրը հրապարակելու համար և քո քաղաքական գաղափարը կիսելու և տարածելու համար և նաև, իհարկե, մեր հանրությանը ոտքի կանգնեցնելու համար», - «Ազատություն» TV-ի եթերում հինգշաբթի օրը հայտարարեց Փոստանջյանը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր չհերքեց, որ Փոստանջյանին առաջարկել է միասնական ցուցակով պայքարի դուրս գալ․ - «Մենք նրան առաջարկել ենք գլխավորել «Ելք» դաշինքի ցուցակը, մենք նրան առաջարկել ենք ձևավորել դաշինք՝ «Ելք» - «Երկիր ծիրանի» և գլխավորել ցուցակը և մենք նրան առաջարկել ենք ձևավորել «Ելք» - «Երկիր ծիրանի» դաշինք իմ գլխավորությամբ: Զարուհի Փոստանջյանը, ցավոք սրտի, երեք առաջարկներից հրաժարվել է»:

Առայժմ հայտնի չէ՝ կմասնակցի արդյոք քաղաքապետի ընտրություններին նոր խորհրդարանում մեծությամբ երկրորդ ուժը՝ «Ծառուկյան» դաշինքը:

Դաշնակցության Երևանի կոմիտեն այսօր երեկոյան է որոշում կայացնելու:

Ընտրապայքար չեն մտնի Ազգային ժողով չանցած Հայ ազգային կոնգրեսն ու «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը:

Երևանի ավագանու ընտրությունները մայիսի 14-ին են, առաջադրումների վերջնաժամկետը՝ կիրակի ժամը 18:00:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG