Մատչելիության հղումներ

Խորհրդարանում առաջին անգամ ներկայացված կլինեն ազգային փոքրամասնությունները


Հայաստանի ասորական «Աթուռ» միության ղեկավար Արսեն Միխայլովը Հայաստանում պաշտոնապես բնակվող մոտ 3,000 ասորիներին իրենց լեզվով շնորհակալություն է հայտնում իրեն վստահելու և ընտրելու համար:

Միխայլովը մեկն է այն 4 պատգամավորներից, որ 6-րդ գումարման Ազգային ժողովում կհայտնվեն: Ասում է՝ Հայաստանի և աշխարհի ասորիների համար պատմական իրադարձություն է․ - «Պետք է ասեմ, որ շատ-շատ Եվրոպական երկրներից մեր համայնքի ներկայացուցիչները եկել էին այստեղ, մեզ հետ միասին քարոզում էին, և նրանց համար էլ էր շատ կարևոր, որ մենք ունենանք պատգամավոր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում»:

6-րդ գումարման Ազգային ժողովի նորամուծություններից մեկը ազգային փոքրամասնությունների առկայությունն է խորհրդարանում: 4 պատգամավորներ կներկայացնեն Հայաստանում ամենամեծ համայնքներն ունեցող ազգային փոքրամասնություններին: Ըստ 2011 թվականի մարդահամարի, Հայաստանում ամենամեծը՝ եզդիական համայնքն է՝ 35,000 քաղաքացի, ապա 11,000՝ ռուսական համայնքը, մոտ 3,000՝ ասորականը և 2000՝ քրդականը:

Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի և մանդատների բաշխումը կկատարի կիրակի օրը, սակայն նախնական արդյունքների վրա հիմնվելով արդեն կարելի է ասել, որ նրանցից մեկը կլինի ռուսական համայնքի ներկայացուցիչ Ծառուկյան դաշինքից, իսկ երեքը՝ Հանրապետականի ցուցակով:

«Մենք ունենք խնդիրներ, և իհարկե՝ Ազգային ժողովում այդ խնդիրները լուծել մեզ համար ավելի հեշտ կլինի և՛ մեր ծրագրերը՝ կրթամշակութային, սոցիալական: Այն պատգամավորներից չենք լինի, որ կգնանք՝ հինգ տարի հետո կգանք», - «Ազատության» հետ զրույցում նշեց Արսեն Միխայլովը: - «Մենք չունենք Հայաստանում քաղաքական հարցեր: Հիմնականում կրթամշակութային հարցերն են», - հավելեց նա:

Եզդիական համայնքի պատգամավորի թեկնածու Ռուստամ Մախմուդյանը, ով սահմանադրական իրավունքի մասնագետ է, ղեկավարում է դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչությունը, դասավանդում է պետական համալսարանում, կարծում է, որ սա պատմական իրադարձություն է Հայաստանի եզդիների համար:

«Արդեն իսկ մեր եզդիական համայնքում են սա որպես իրողություն և պատմական շրջադարձ դիտարկում, որովհետը Հայաստանի Հանրապետության նորանկախ ժամանակահատվածում սա առաջին դեպքն է, երբ եզդիական համայնքի ներկայացուցիչը ներկայացված է լինում խորհրդարանում», - մեզ հետ զրույցում նշեց պատգամավորի թեկնածուն:

Ռուստամ Մախմուդյանի առաջին նախաձեռնություններից մեկը խորհրդարանում կլինի Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանությունը ճանաչելու հարցը․ նախընտրական հանդիպումների ժամանակ արձանագրել է՝ հենց սա է եղել Հայաստանի եզդիներին ամենաշատը հուզող խնդիրը․ - «Դա օրենքի մակարդակով բարձրացնելու գործընթացը ես ընդգրկել եմ իմ առաջնային հարցերի ցուցակում: Մյուսը՝ շեշտադրված հարցադրումներ չկան: Հարցադրումները հետևյալն են՝ առհասարակ պիտի աշխատենք օրինաստեղծ գործունեությամբ զբաղվենք ի շահ մեր երկրի և մեր բոլոր քաղաքացիների, և ինչու չէ՝ նաև

Մախմուդյանն ասում է՝ Հանրապետականի ցուցակով է առաջադրվել համայնքի հարցերը լուծելու իրական հնարավորություն ունենալու համար․ - «Հակառակ պարագայում մեր հարցերի կեսից ավելին լուծում չէին ստանալու հենց այդ քաղաքական ուժի փոքրաթիվ լինելու հանգամանքով: Ընդ որում, ասեմ, որ աշխարհում գրեթե բոլոր երկրներում ազգային փոքրամասնությունները, այդ թվում նաև հայերը Սփյուռքում, մշտապես կանգնած են լինում իշխող քաղաքական ուժի կողքին, որովհետև իրենց ցանկությունը իրենց համայնքին հուզող խնդիրներին լուծում տալն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG