Այն, ինչ նկատել են սպառողները, հաստատում է Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)։ Ամփոփելով առաջին եռամսյակը՝ վիճակագիրներն արձանագրում են, որ նախորդ երեք ամիսներին գնաճը կազմել է 1.4 տոկոս։
Ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանն ընդգծում է, որ 5.2 տոկոսով աճել են սննդամթերքի և ոչ-ալկոհոլային խմիչքի գները։ Թանկացել են նաև այն ապրանքները, որոնց շուկաներում մենաշնորհ կա․ - «Շաքարավազ․ 2017 թվականի երեք ամիսներին արձանգրվել է գնաճ 1.1 տոկոսով: Ալյուր․ երեք ամիսների ընդհանուր գնաճը 0.9 տոկոս»:
Հիշեցնենք, շաքարավազի ու այլուրի շուկաներում մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունն «Ալեքս գրիգ»-ն է, որը, ըստ մամուլի, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:
Առաջին եռամսյակում վիճակագիրները գնաճ են արձանագրել նաև բանանի շուկայում, որտեղ գերիշխող դիրք ունի «Քեթրին գրուպը», որը կապվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անվան հետ։
«Փետրվարի համեմատ, բանանի գները աճել են 5.8 տոկոսով: Դա միայն մարտը՝ փետրվարի համամետ», - ասաց Մարտիրոսյանը:
Մայրաքաղաքի փողոցներում «Ազատության» անցկացրած հարցախույզը ցույց տվեց, որ գների նման թանկացումը սպառողները հիմնականում կապում են ընտրությունների հետ՝ պնդելով, որ ընտրական շրջանում միշտ էլ գնաճ է նկատվում։
«Էդ ընտրության բաժանած փողերը իրենք պետք է հետ ստանան, և պետք է հետ ստանան միայն բնակչությունից», - ասաց միջին տարիքի մի կին:
Լրագրողները վիճակագրական ծառայության մասնագետից հետաքրքրվում են, թե արդյոք 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որը կրկին առաջին եռամսակում էր, նկատվել է գնաճ։ Գուրգեն Մարտիրոսյանը թերթում է էջերը․ - «2013 թվականին հանրապետության սպառողական շուկայում հունվար - մարտ ամիսներին արձանագրվել է 2.9 տոկոս գնաճ»:
Եռամսակային կտրվածքով թանկացել է նաև ծխախոտը՝ այստեղ գնաճը կազմել է 0.7 տոկոս։ Սակայն մեր հարցման ժամանակ քաղաքացիները, նաև վաճառողները պնդեցին, որ գները կտրուկ թանկացան հատկապես ընտրություններից հետո։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահի խորհրդական Գայանե Սահակյանն «Ազատության» հետ զրույցում նշեց, որ գերիշխող դիրք ունեցող առևտրային ցանցերում իրականացվող մոնիտորինգի ընթացքում որևէ խախտում հանձնաժողովը չի հայտնաբերել։ Վերջին թարմ արդյունքներով էլ, որոնք այսօր են ստացվել, գները հիմնականում կայուն են մնացել․ - «Հանձնաժողովը որևէ գերիշխող տնտեսվարողի կողմից չարաշահումներ չի արձանագրել շուկայում և որևէ գերիշխող տնտեսվարող վարքագծի հետ կապված վարույթ չկա հարուցված այս պահին»:
Արձանագրված գնաճն արհեստական չի որակում Ֆինանսների նախարարը։ Այսօր Կառավարությունում լրագրողները Վարդան Արամյանին հարցրեցին, թե, օրինակ ինչու է թանկացել շաքարավազը, և արդյոք խոշոր գործարարները փորձում են հետ բերել քարոզարշավի ընթացքում կատարած ներդրումները։
Նախարարն արձագանքեց․ - «Դժվարանում եմ ես դա ասել: Որպեսզի ես արձագանքեմ այդ հարցին, անհրաժեշտ է, որ ես ունենամ որոշակի տվյալներ: Ես այդպիսի տվյալներ չունեմ»:
Վերլուծելով գնաճի պատճառները՝ տնտեսագետ Արտակ Մանուկյանն հասկացել է, որ այն ամենևին էլ պատճառաբանված չէ։ Նա պնդում է՝ եթե հաշվի ենք առնում, որ թանկացել են այն ապրանքատեսակաները, որոնց արտադրության կամ ներկրման պայմաններ չեն փոխվել, ստացվում է որոշ մարդիկ փորձում են հետ բերել ընտրության ընթացքում ծախսած գումարները։ Եվ այս տենդենցը պահպանվում է յուրաքանչյուր ընտրական շրջանում․ - «Իմ կարծիքով, ակնհայտ է, որ կամայական տնտեսությունում չկա ձրի պանիր: Ձրի պանիրը լինում է միայն թակարդում․․․ Երբ որ դու մի բանի համար պատրաստ ես վճարել, կլինի դա քվե և այլն, և այլն, ինչ-որ մի տեղից էլ դու պետք ա փորձես էդ ծախսերը փոխհատուցել: Սա ռացիոնալ վարքագիծ է․․․ Հայաստանն էլ էս ռացիոնալ վարքագծի մեջ տեղադրվող երկիր է»: