Մատչելիության հղումներ

ԱԺ ընտրությունների մասին Նիկոլայ Ծատուրյանի և Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքները հակադիր են


Անցած խորհրդարանական ընտրությունների մասին իրենց կարծիքն այսօր լրագրողների հետ կիսեցին գրող, հրապարակախոս, «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն ու ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Նիկոլայ Ծատուրյանն ընդհանրապես չի մասնակցել ընտրություններին, իսկ Մերուժան Տեր-Գուլանյանին ընտրությունների արդյունքները չեն զարմացնում, ավելին՝ սպասված արդյունքներ էին:

Տեր-Գուլանյանն ամենևին վստահ չէ, թե ընտրակաշառք է բաժանվել, մինչդեռ Նիկոլայ Ծատուրյանը համոզված է, որ բաժանվել է, ու չափազանց վրդովված է այն անձանց դեմ, իր ձևակերպմամբ՝ ամբոխի դեմ, որն ընտրակաշառք ստանալն արդեն լրիվ նորմալ, բնական երևույթ է համարում ու հենց դրա համար է գնում ընտրություններին մասնակցելու:

Մերուժան Տեր-Գուլանյանը լավատես է մեր երկրի ապագայի հարցում, մինչդեռ Նիկոլայ Ծատուրյանին հուսահատեցրել է ոչ միայն ժողովրդի աղքատ վիճակը, այլև անընդմեջ արտագաղթը Հայաստանից:

«Եղել է այն, ինչը որ սպասելի էր», - ասաց Տեր-Գուլանյանը: - «25 տարիների ընթացքում, Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում ես առաջին անգամ եմ տեսնում, թե ինչպիսի հրաշք քարոզչություն տեղի ունեցավ: Երբևիցե չէր, որ քարոզչությունը կարողանա այսպիսի մակարդակի հասնել, բոլորը կարողանային ասել այն, ինչ ուզում էին»:

«Ամեն ազգ պաշտում է իր թագավորին, և ամեն մի թագավոր արժանի է իր ազգին: Սա է մեզ մոտ կատարվում: 20 հազարով [իրենց ձայնը] տալիս են մարդիկ, 5 օրում ծախսում են, հետո 4 տարի սկսում են բողոքել՝ Սերժիկ, հեռացիր», - ասաց Ծատուրյանը՝ շարունակելով․ - «Ես չեմ գնում ընտրությունների, որովհետև չեմ ուզում մայմուն ըլնեմ: Ես գիտեմ վերջը: Էլ ինչի՞ գնամ․․․ իմանալով հանդերձ, որ նորից Հանրապետականն ա: Իսկ եթե Հանրապետականն ա, փառք ու պատիվ նրանց․ ձևերը գտնեւմ են մարդկանց խաբելու՝ փող տալով, մեքենաներով․․․ ձեռքերի վրա են տանում մարդկանց․․․ Հասնում են իրենց նպատակին: ժողովուրդը թող չգնա դրա հետևից»:

Խոսելով խորհրդարան անցած քաղաքական ուժերի մասին՝ Մերուժան Տեր-Գուլանյանն ասաց․ - «Չգիտեմ «Ծառուկյան» դաշինքը ինչ դիրք կընդունի, ինչպես կանի, բայց, ասենք, «Ելք»-ը միանշանակ ընդդիմադիր կուսակցություն է, և լավ է, որ խորհրդարանում ընդդիմադիր կուսակցություն կա»:

Նիկոլայ Ծատուրյանի դիտարկմանը, թե նորից շատ մեծ արտագաղթ է սպասվում, Տեր-Գուլանյանը հակադարձեց․ - «Ոչ մի արտագաղթ չի լինելու, հակառակը կլինի․․․ Խոսքը մեր ժողովրդի մասին է, չի կարելի կյանքի հացը փոխել օրվա ուտելիքի հետ․․․»:

«Ազատության» դիտարկմանը, թե նա նշանակում է, որ մարդիկ պետք է հաշտվեն մշտապես աղքատ ապրելու մտքի հետ, Տեր-Գուլանյանը հակիրճ պատասխան տվեց․ - «Ոչ»:

Ծառուրյանի խոսքով՝ ամենատգեղն այն է, որ երևի արդեն կարող են անգամ չկեղծել․ - «Գոնե առաջ, որ կեղծում էին, ասում էին՝ չի ընտրված, կեղծեցին․․․ Հիմա չեն էլ կեղծում․ ժողովուրդը ոչխարի մնամ գնում է․․․ Ստրկամտությունն է իշխում՝ ինչ կասի Պուտին ձյաձյան․․․․ Ես ամեն ինչը պետք է վերանա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG