Մայիսի 14-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններում այս պահին հավանական թեկնածուներ են համարվում Տարոն Մարգարյանը, Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը։ Առնվազն 9 քաղաքական ուժեր քննարկում են Երևանի ավագանու և քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը։
Կուսակցությունները և դաշինքները մասնակցության համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու 4 օր ժամանակ ունեն։ Վերջնաժամկետը լրանում է ապրիլի 9-ին՝ երեկոյան ժամը 18.00-ին։
5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ դիտարկում է ընտրություններին որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հնարավորությունը։ «Եթե մենք, բառիս բուն իմաստով ենք դիտարկում որպես ընտրություն, այդպես չէ, բայց որպես քաղաքական պայքարի միջոց, մենք դա դիտարկում ենք», - ասաց Փոստանջյանը։
Նա նշեց, որ քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հարցը վերջնական կքննարկեն շաբաթ օրը, կմասնակցեն իր ղեկավարած նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակով։
Երևանի ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է նաև «Ելք» դաշինքը։ Ուժի ղեկավարներից միայն Նիկոլ Փաշինյանը Երևանի գրանցում ունի, ինչը պարտադիր է քաղաքապետի թեկնածուի համար, չի բացառվում, որ հենց նա էլ կգլխավորի «Ելք»-ի ցուցակը։ Դաշինքից Էդմոն Մարուքյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ վերջնական որոշում դեռ չկա։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում նույնպես քննարկում են ընտրություններին մասնակցության հարցը, սակայն դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ ավագանու ընտրություններին պետք չէ մասնակցել։ «Որովհետև հասարակությունը մի փոքր այլ տրամադրության մեջ է։ Պետք է սպասել, որ էս տեղեկատվական մշուշն անցնի», - ասաց Մարտիրոսյանը։
Խորհրդարանական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ծառուկյան» դաշինքում ևս դեռ վերջնական որոշում չունեն։ Դաշինքը գլխավորող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ այժմ քննարկում են նաև այն հարցը, թե որ ցուցակով են մասնակցելու ընտրություններին՝ «Ծառուկյան» դաշինքի, թե «Բարգավաճ Հայաստան»-ի։ «Թե ով է լինելու թեկնածուն, այդ քննարկումներն առայժմ ընթացքի մեջ են, և առաջիկայում կլինի վերջնական, հստակ որոշում, և, օրենքով սահմանված կարգով, մինչ ապրիլի 9-ն այդ մասին կլինի համապատասխան հայտարարություն», - ասաց Տոնոյանը։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հհնարավորությունը դիտարկում են նաև «Ազատ դեմոկրատներ»-ը, Հայ ազգային կոնգրեսը, ՀՅ Դաշնակցությունը և «Հայկական վերածնունդ»-ը։
Իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն օրերս «Ազատության» եթերում հայտարարեց, որ, իր կարծիքով, Հանրապետականի քաղաքապետի թեկնածուն կլինի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ «Հիմա կոռեկտ չի, որ ես ասեմ, բայց, բնականաբար, կարծում եմ, որ որևէ մեկի մոտ պետք է հարց չառաջանա, մենք այդ հարցին չեն էլ անդրադարձել։ Ես կասեի, որ Տարոն Մարգարյանի բարձր վարկանիշը, Տարոն Մարգարյանի այս տարիների աշխատանքը՝ ի շահ մեր Երևանի և երևանցիների, ակնհայտ է։ Տարոն Մարգարյանն այն քիչ պետական պաշտոնյաներից է, որը տարիներ շարունակ կարողանում է ունենալ բարձր վստահություն, ինչու չէ, հարգանք ու սեր երևանցիների կողմից», - ասաց Շարմազանովը։
ԿԸՀ-ից «Ազատության»-ը փոխանցեցին, որ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար ոչ մի կուսակցություն կամ դաշինք գրանցման փաստաթղթեր չի ներկայացրել։