Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները քննադատում են ընտրությունները, թեև քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելու որևէ դիմում չեն ներկայացրել


Ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած 9 քաղաքական ուժերից որևէ մեկը որևէ ընտրատեղամասի քվեարկության արդյունքն անվավեր ճանաչելու դիմում չի ներկայացրել։ Իսկ վերահաշվարկի դիմումներն ընդամենը 4-ն են, այն էլ՝ ռեյտինգային թեկնածուների կողմից։

ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանի փոխանցմամբ՝ 4 ռեյտինգային թեկնածուներ պահանջել են վերահաշվարկ 12 ընտրատեղամասերում: ՀՅԴ թեկնածուներից մեկը հաշվարկ է պահանջել Վայոց ձորի միանգամից 9 ընտրատեղամասերում, «Հայկական վերածննդի» և «Ծառուկյան» դաշինքի թեկնածուները՝ Երևանի մեկական ընտրատեղամասերում, և իշխող Հանրապետական կուսակցության տարածքային թեկնածուներից մեկը՝ Տավուշում։ Բոլոր 4 դիմումները մերժվել են, ըստ հանձնաժողովի նախագահների՝ Ընտրական օրենսգրքի համաձայն։

«Նշված դիմումները քննարկվում են տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից, և որոշումները ևս կայացվում են տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից», - պարզաբանեց ԿԸՀ մամուլի խոսնակը:

Նախորդ համապետական ընտրություններին արդյունքների վերահաշվարկի և անվավեր ճանաչման դիմումներ ավանդաբար ներկայացրած ուժերից՝ ՀԱԿ-ից փոխանցեցին, որ այս գործընթացն անիմաստ են համարել, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որում ընդգրկված է նաև «Ժառանգություն» կուսակցությունը, հայտարարելով, որ չեն ընդունում ընտրության արդյունքները, այնուամենայնիվ վերահաշվարկի դիմումներ չեն ներկայացրել: Փոխարենը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում են համեմատել ընտրական տեղամասերում ձեռք բերված բոլոր մատնահետքերը։

«Մենք խիստ կասկածներ ունենք, որ ընտրությունների այդ արդյունքներն ապահովվել են բազմակի քվեարկության արդյունքում, ինչպես նաև ընտրակաշառքների միջոցով: Քանի որ մատնահետքերի ընդհանուր բազա գոյություն չունի, և Ազգային ժողովում ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ էլ մեր բարձրացրած այդ առաջարկը չընդունվեց, որպեսզի ընդհանուր բազա ստեղծվի, մենք այժմ պահանջում ենք, որ համեմատական անցկացվի, տեսնենք, թե քանի հոգի են մի քանի անգամ կամ կրկնակի քվեարկել», - նշեց նա:

ՕՐՕ դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանի խոսքով՝ ստացվել են բազմաթիվ ահազանգեր, թե՝ տեղի են ունեցել են հին, հնամաշ, վերակազմված և ժամկետով երկարացված անձնագրերով կրկնաքվեարկություններ․ - «Եթե մարդը, օրինակ, երկրորդ անգամ եկել է ընտրատեղամաս կամ մեկ այլ ընտրատեղամասում նույն մարդը փորձել է քվեարկություն իրականացնել, դա ըստ էության հնարավոր չի եղել պարզել՝ նա երկրորդ անգամ է քվեարկում, թե որերորդ անգամ է քվեարկում, որովհետև ընդհանուր բազա գոյություն չունի»:

Խորհրդարան չանցած մեկ այլ ուժ՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, հայտարարում է, որ ապրիլի 2-ի քվեարկության արդյունքն ընդունում են որպես «կայացած իրողություն», ավելացնելով, սակայն, որ արդյունքների վրա «ազդել են տոտալ ընտրախախտումները»:

«Սա հետքայլ է ժողովրդավարական չափանիշներից, ընտրախախտումները համատարած էին և դրանք հիմնականում կատարվել էին ընտրատեղամասից դուրս: Այսինքն՝ վարչական ռեսուրսի անխնա օգտագործում, անօրինական լծակների կիրառում և ամենատարածվածը՝ ընտրակաշառքը, որը էականորեն ազդեց ընտրությունների ողջ ընթացքի և արդյունքների վրա», - նշեց «Ազատ դեմոկրտաների» փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

Խորհրդարան անցած ուժերից «Ելք» դաշինքը ևս այսօր հնչեցրեց ապրիլի 2-ի ընտրության գնահատական՝ հայտարարելով. - «Ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում և «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տրված յուրաքանչյուր քվե: Սակայն թե՛ նախընտրական քարոզչության ընթացքում, թե՛ քվեարկության օրը քաղաքացիների ընտրական կամքը ենթարկվել է վարչական և ֆինանսական ապօրինի ճնշումների, որոնց վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր կան, իսկ իրավապահ մարմինները ընտրակաշառքների հարցում ցուցաբերել են համատարած անգործություն»։

Այնուամենայնիվ, այս դաշինքը ևս վերահաշվարկի կամ որևէ ընտրատեղամասի արդյունք անվավեր ճանաչելու դիմում չի ներկայացրել, նշելով, որ իրենց խորհրդարանական գործունեության ընթացքում միջոցներ կձեռնարկեն ընտրական ապօրինի երևույթների դեմ պայքար մղելու համար։

XS
SM
MD
LG