«Փողոց դուրս գալու պահանջ ժողովրդի կողմից չենք տեսնում», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» (ՕՐՕ) դաշինքի խոսնակ, պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանը՝ ընդգծելով, որ միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ։
«Ազատություն». - Երեկ ՕՐՕ դաշինքը հայտարարություն տարածեց ընտրությունների հետ կապված՝ ընդգծելով, որ աշխատել են թաղային հեղինակությունները, փողը, ընտրակաշառքը, բայց չկար գնահատական, թե արդյո՞ք ընդունում է ընտրությունների արդյունքները և մասնավորապես ստացած այն քվեների քանակը, որ ունի այսօր ՕՐՕ դաշինքը։
Մանուկյան. - Բնականաբար չենք ընդունում ընտրությունների արդյունքները, որովհետև դրանք չեն արտացոլել իրականությունը և քվեարկողների կամարտահայտությունը։ Այս պահին մենք քննարկում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմելու հարցը, որպեսզի կատարվեն մատնահետքերի համեմատական՝ պարզելու համար, թե կրկնակի քվեարկությունները որքան են եղել։ Որովհետև մենք խիստ կասկածներ ունենք, որ ընտրությունների այդ արդյունքներն ապահովվել են բազմակի քվեարկության արդյունքում, ինչպես նաև ընտրակաշառքների միջոցով։ Կրկնում եմ, որովհետև ընդհանուր բազա գոյություն չունի, նաև գրեթե պարզել հնարավոր չէ եղել. եթե մարդը, օրինակ, երկրորդ անգամ եկել է ընտրատեղամաս կամ մեկ այլ ընտրատեղամասում նույն մարդը փորձել է քվեարկություն իրականացնել, դա ըստ էության հնարավոր չի եղել պարզել՝ նա երկրորդ անգամ է քվեարկում, թե որերորդ անգամ է քվեարկում, որովհետև ընդհանուր բազա գոյություն չունի։
«Ազատություն». - Պարզապես Դատախազությունը, Քննչական կոմիտեն ունի հարուցված 6 քրեական գործ, հենց կրկնաքվեարկության հետ կապված։
Մանուկյան. - Կարծում եմ, որ վստահված անձինք, կամ դիտորդները տեղում են արդեն արձանագրել, որ նույն մարդը երկրորդ անգամ է եկել ընտրատեղամաս։ Բայց, եթե նույն մարդը գնար այլ տեղամաս, այդ ժամանակ արդեն գրեթե անհնար կլիներ պարզելը՝ նա երկրորդ անգամ է քվեարկում, երրորդ, թե չորրորդ անգամ։
«Ազատություն». - Իսկ հնարավո՞ր է, որ ՕՐՕ-ն նաև դիմի Սահմանադրական դատարան։
Մանուկյան. - Այդ հարցը մենք դեռ քննարկում ենք, բայց չեմ կարծում, որ դիմենք, որովհետև իմաստ չենք տեսնում։
«Ազատություն». - Ինչո՞ւ, որովհետև բավարար ապացույցներ չունե՞ք ներկայացնելու։
Մանուկյան. - Գիտեք, նախորդ փորձը թերևս հաշվի առնելով, նաև չենք ցանկանում այս անգամ նույն ճանապարհով անցնել։
«Ազատություն». - Տիկին Մանուկյան, այսինքն, դուք կարծում եք, որ ՕՐՕ դաշինքը շատ ավելի շատ քվե՞ է ստացել, քան այն, ինչ արձանագրվե՞լ է՝ այդ 32 հազարը։
Մանուկյան. - Եթե ընտրություններն իրենք չվերածեին խեղկատակության, եթե չկատարեին այն բոլոր կեղծիքները, որոնց մասին բազմաթիվ անգամներ արձանագրվել են և ահազանգ է եղել, եթե չմեծացվեր քվեարկությանը մասնակիցների թիվը, բնականաբար, արդյունքներն էլ բոլորովին այլ կլինեին։ Նաև ուզում եմ ընդգծել, որ թե՛ մինչև ընտրությունները, թե՛ նաև ընտրություններից հետո, մեր դաշինքի հանդեպ մամուլով շարունակվում է թիրախավորումները, նաև դա ազդեցություն ունեցավ, կարծում եմ, ընտրողների շրջանում։
«Ազատություն». - Հաշվի առնելով այդ ամենը՝ հնարավո՞ր է, որ որոշակի հետընտրական զարգացումների գնա Սեյրան Օհանյանի ղեկավարած դաշինքը՝ ցույցեր, հանրահավաքներ։
Մանուկյան. - Հետընտրական զարգացումների մասին մենք արդեն իսկ հայտարարել ենք, նաև ընտրություններից առաջ ասացինք, որ ժողովուրդը պետք է թելադրի, թե ինչ անենք։ Այսինքն՝ միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ հետընտրական զարգացումների գնալու, դեռ բավարար չէ, իսկ ժողովրդի կողմից այժմ մենք նման պահանջ՝ փողոց դուրս գալու, կարծես թե չենք տեսնում։