Մատչելիության հղումներ

Սամվել և Կարեն Կարապետյանների հայրը հուսով է, որ ժողովուրդը կտեսնի «ընտրությունների լավ հետևանքները»


Լոռու մարզում պատգամավորության ամենաշատ թվով ձայներ ստացած թեկնածուի՝ ՀՀԿ-ական Կարեն Կարապետյանի հայրը՝ Սարգիս Կարապետյանը հույս ունի, թե իշխանության ներկայացուցիչները, այդ թվում իր պատգամավոր որդին խելքի կգան ու ընտրություններից հետո կարճ ժամանակ անց կլավացնեն դեպի արտերկիր ձգտող ժողովրդի վիճակը։

«Ես գիտեմ, որ ժողովրդի վիճակը այդքան էլ բարվոք չի հանրապետությունում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սարգիս Կարապետյանը: - «Եթե խելքի եկած լինեն, ամեն ինչ կկազմակերպեն այնպես, որ ժողովրդի սրտով լինի, կարճ ժամանակում ժողովուրդը տեսնի, որ իրոք ընտրությունների հետևանքը լավ է»:

Մոսկվաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը, Լոռու մարզում ստացել է ավելի քան 44 հազար քվե՝ կուսակից մրցակիցներից, այդ թվում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից առնվազն 27 հազարով ավելի։

Տաշիր քաղաքից 10 կմ հեռու գտնվող Լեռնահովիտում ծնված ու մեծացած Կարապետյանին Լոռիում բոլորն են ճանաչում։ Լոռեցի ընտրողներից ոմանք պնդում են, թե զանգվածաբար գումար է բաժանվել։ Հաշվարկում ու նշում են. ընտրակաշառք չլիներ՝ արդյունքները ուրիշ կլինեին։

«Շատ մաքուր անցել է, միայն փողը դեր խաղաց ստեղ», - ասաց տեղացիներից մեկը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրները կոչ է անում վերցնել ընտրակաշառքը, իսկ քվեարկել իրենց խղճի մտոք, նա հակադարձեց․ - «Ով գիտակից ա, վերցնում, չի ընտրում, բայց ով էլ գիտակից չի, գնում ընտրում ա․․․ Երբեք չես կարա նրան ասես խի վերցրեց․․․ Սոված է, բա ի՞նչ պտի անի: Որ տանի խանութներում նիսյեքը փակելու, երևի մեկ տասներորդն էլ չի կարա փակի դրանով»:

Մինչդեռ Լեռնահովիտում պնդում են, թե ընտրություններին մասնակցած մոտ 700 ընտրողները համարյա մեկ մարդու պես իրենց համագյուղացուն ու նրա կուսակցությանն են ընտրել․ - «Բա մեր գյուղը որ չընտրեր էլ ով պտի ընտրեր իրան»:

Կարեն Կարապետյանի մանկավարժ հայրը միայնակ է ապրում գյուղի իրենց առանձնատանը։ Այսօր դարպասներն ու դռները կողպած չէին։ Միլիարդատիրոջ հայրն ասում է՝ վախենալու բան չունի։

Երեկ՝ քվեարկության օրը գյուղում է եղել, բայց պնդում է, որ չի միջամտել․ - «Մեր գյուղի երեխաները իմ սաներն են բոլորը: Իրենք լավ էլ ճանաչում են՝ ում ընտրել, ում չընտրել։ Իսկ ուրիշ գյուղերում էլ էլի շատ իմ սաներից կան, ընկերներ կան: Ես առավոտյան գնացել եմ, ընտրեցի, թողեցի էկա: Հետո մի անգամ էլ հայաթը մտա, էլ ներս չգնացի, եկա տուն: Պտի ասեն՝ հայրն ա, տես, ոնց ա գալիս, ոնց ա հետաքրքրվում»:

Ընտրակաշառք բաժանելու մասին ընդդիմախոսների պնդումների մասին Սարգիս Կարապետյանն ասաց․ - «Էդպիսի բան ես գիտեմ, որ չի եղել: Փողո՞վ պիտի ձայներ հավաքեն: Ինձ համար որ խորթ է դա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG