Մատչելիության հղումներ

Շարմազանով․ ԱԺ ընտրությունները «բովանդակային քայլ էր դեպի ժողովրդավարության զարգացում»


Իշխող Հանրապետականը ապրիլի 2-ի խորհդրարանական ընտրությունները լուրջ քայլ առաջ է համարում: Նախնական արդյունքներով ավելի քան 49 տոկոս քվեներ ստացած Հանրապետականի մամուլի խոսնակ Էդուրարդ Շարմազանովի խոսքով, այս ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան են անցել:

«Լուրջ քայլ առաջ էր: Ոչ թե ձևական քայլ էր, այլ բովանդակային քայլ էր դեպի ժողովրդավարության զարգացում», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի խոսնակը:

Որոշակի թերություններ, ըստ Շարմազանովի, եղել են, սակայն այս ընտրությունները նախորդներից տարբերվում են նաև խախտումների բնույթով․ դրանք ոչ միայն ավելի քիչ են եղել, այլև ավելի մեղմ ու չեն ստվերել ընտրությունների ընթացքը․ - «Մենք պե՞տք է քայլեր ձեռնարկենք այդ թերությունները շտկելու ուղղությամբ: Իհարկե այո: Կա՞ առաջընթաց: Իհարկե կա։ Այս իմաստով մենք պետք է զերծ մնանք սուպերէմոցիոնալ գնահատականներից,․ մի կողմը ասի, որ սա հաղթանակ էր, փայլուն ընտրություններ էր, մի կողմն էլ, ասենք՝ որ մասսայական խախտումներ են եղել: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը: Սա ընտրություն էր, որը կայացվեց Ընտրական օրենսգրքին համապատասխան, սա բավականին լուրջ հաջողություն էր: Ամենակարևորը, որ ընտրողների քվեն չի կեղծվել, կրկնաքվեարկություն չի եղել, մասսայական ընտրախախտումների դեպքեր չեն գրանցվել»:

Հանրապետականի մամուլի խոսնակը վերահաստատեց, որ վարչապետի իրենց թեկնածուն Կարեն Կարապետյանն է․ - «Մենք կանխատեսելի քաղաքական ուժ ենք, և մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը»:

Իսկ թե ովքեր կհայտվեն կառավարությունում և խորհրդարանում, նրա խոսքով, պետք է որոշի նախագահ Սերժ Սարգսյանը և Հանրապետականի թիմը․ - «Մենք բոլորս թիմի ներկայացուցիչներ ենք, զինվորներ ենք: Որտեղ թիմը և թիմի նախագահը՝ Սերժ Սարգսյանը տեսնի յուրաքանչյուրիս ծառայությունը, այնտեղ էլ կիրականացնենք»:

Հարցին, թե ինչպիսին է ընդհանուր տրամադրվածությունը փոփոխություններ կատարելու առումով, Շարմազանովն արձագանքեց․ - «Փոփոխություններ կատարել և այդ փոփոխությունները վերածել բարեփոխումների հանրային կյանքի բոլոր ոլորտներում»:

Նա ասաց, որ հնարավոր կոալիցիայի մանրամասներն առայժմ չեն քննարկել․ - «Ընդհանուր առմամբ շատ տրամաբանական եմ համարում, որ մենք շարունակենք Դաշնակցության հետ մեր համագործակցությունը»:

Շարմազանովը նաև «որևէ հիմք չի տեսնում հետընտրական զարգացումների համար»․ - «Պիտի ասեն մեկուկես տոկոսի փոխարեն երկուս ու երկո՞ւս ենք հավաքել»:

Ընտրություններին հայտարարությամբ անդրադարձել է նաև ավելի քան 27 տոկոս ձայն հավաքած «Ծառուկյան» դաշինքը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որը նախնական տվյալներով մոտ 7 տոկոս ձայն է ստացել, դեռ որևէ կերպ ընտրություններին չի անդրադարձել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG