Մատչելիության հղումներ

Հանձնաժողովի նախագահը «ստիպել է վավեր է դարձնել անվավեր քվեաթերթիկները»


Էջմիածին քաղաքի 14/20 տեղամասի վստահված անձինք պնդում են, որ 104 անվավեր քվեաթերթիկ հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Վարդան Մելքոնյանի պարտադրանքով վավեր է դարձվել:

«Ելք» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքների վստահված անձանց խոսքով՝ տեղամասում հիմնականում զինծառայողներ են ընտրությանը մասնակցել։ Եվ հենց նրանց ծրարների վրա էլ մինչև 15.00-ն դրոշմանիշ չի փակցվել։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վստահված անձ Սուսաննա Հարությունյան․ - «Ընտրությունների ավարտից հետո դրոշմանիշ կպցնելը շատ մեծ խախտում է: Եվ միայն իմ հատուկ կարծիք գրելուց հետո առավոտյան նոր իրենք հասկացան, որ պետք է դրոշմանիշ կպցվի: Գումարները, որ մսխվել ա էս հանձնաժողովի Հանրապետական անդամների վրա․․ ավելի լավ է մի հատ տնակ առնեին Սպիտակի երկրաշարժից տուժածների համար, քան էդ գումարները տային և էս ձևով․․․ Դաշտ գյուղը ընդհանրապես դրոշմանիշ չի կպցրել»:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Սվետլանա Գաբրիելյանը հեռախոսով նկարահանել է, թե հանձնաժողովի նախագահն ինչպես է քվեատուփից հանում քվեաթերթիկները, դրանց վրա դրոշմանիշեր ավելացնում, ապա նորից հետ գցում ու սկսում ձայների հաշվարկը․ - «Դա պնդել է նախագահը: Ճիշտ է, ոչ բոլորն էին կողմ, բայց ամեն դեպքում դա արվեց»:

14/20 տեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահը հաստատեց, որ նման բան եղել է, սակայն հավելեց՝ գործել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գիտությամբ։ Ասաց՝ իր կարծիքով սա կոպիտ խախտում չի կարելի համարել․ - «Տեղի է ունեցել թյուրամացություն: Ես տեղյակ եմ պահել մեր տարածքային ընտրական հանձնաժողովին: Հանձնաժողովը օրինականության սահմաններում նիստ ա արել և որոշել ա, որ այդ դրոշմանիշները ավելացնենք, ընդամենը 104 հատ»:

Իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացուցիչ, դիտորդ Դանիել Իոաննիսյանի խոսքով, մինչդեռ, սա օրենքի կոպիտ խախտում է։ Քվեաթերթիկը, նրա խոսքով, հատուկ հաշվառման փաստաթուղթ է դառնում միայն այն պահին, երբ դրա վրա դրոշմանիշ է փակցվում։ Իսկ դրոշմանիշ փակցվում է, երբ քվեաթերթիկն ընտրողի ձեռքում է, որպեսզի հետագայում քվեարկության արդյունքների կեղծումը բացառվի․ - «Վերահսկողության շատ լուրջ մեխանիզմ է: Այնքան լուրջ, որ երբ մի դրոշմանիշի տարբերություն է տալիս, մեխանիկորեն գործը, ամբողջ տեղամասի նյութերը պետք է գնան դատախազություն: Սա նշանակում է, որ այդ տեղամասում ըստ էության ինչ կեղծիքներ կարող են լինել այդ խախտման հետևում»:

Ընդդիմադիր վստահված անձինք պնդում են, թե դրոշմանիշների դեպքից բացի, բազմաթիվ այլ խախտումներ են նկատել, ու երբ փորձել են դրանց դեմ պայքարել, կոպիտ վերաբերմունքի են արժանացել։

«Վիճաբանությունը սկսվում ա նրանից, երբ որ դու ուզում ես օրենքի տառը ցույց տալ: Նրանք արդեն սկսում են վիճել․․․ Ոստիկանություն էին կանչել, որ ինձ հեռացնեն տեղամասից», - ասաց Սուսաննա Հարությունյանը:

Հանձնաժողովի նախագահը հակադարձեց․ - «Վստահված անձը իրեն պահում էր շատ անվայելուչ, շատ անհարգալից հանձնաժողովի բոլոր անդամների նկատմամբ, ոստիկանական աշխատողների նկատմամբ և նույնիսկ վստահված անձերի նկատմամբ»:

Այս տեղամասում, ի դեպ, ձայների մեծամասնությունն իշխող կուսակցությունն է ստացել։ 1179 ընտրողներից Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 703-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG