Մատչելիության հղումներ

Տարօրինակ «զուգադիպությամբ» դիտորդին հենց այսօր հրավիրել են Քննչական կոմիտե


«Ելք» դաշինքի վստահված անձ Գևորգ Խուրշուդյանը Մալաթիա Սեբաստիայի թիվ 7/42 ընտրատեղամասում առավոտից արձանագրել է բազմաթիվ խախտումներ՝ ընտրողների ուղղորդում, ընտրատեղամասի առջև կուտակումներ։ Նրա պնդմամբ՝ ինքը փորձել է կանխել ընտրախատումները, իսկ «Ազատ հասարակության ինստիտուտ» կազմակերպության դիտորդը ցանկացել է խոչընդոտել իր աշխատանքը։

«Այդ դիտորդը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ էր, խոչընդոտում էր իմ աշխատանքը, որպես ուղղորդված անձ, աշխատում էր մի կուսակցության համար», - ասաց Խուրշուդյանը։

Ընտրատեղամասի խնդիրների մասին տեղում աշխատող ոստիկաններին, հանձնաժողովի անդամներին տեղյակ պահելուց և դիտորդներից մեկի հետ ընդհարում ունենալուց հետո զանգ է ստացել Քննչական կոմիտեի աշխատակցից գրեթե 2 տարի առաջ տեղի ունեցած «Էլեկտրիկ Երևանի» գործով, որում ինքը ներգրավված էր որպես վկա։

«Վերջին անգամ ոստիկանությունում եղել էի «Էլեկտրիկ Երևանի» դեպքերից 1-2 ամիս անց:Ես բերման ենթարկվելիս գլխիս հարված էի ստացել, և ներգրավված էի որպես վկա, և ավելի ուշ տեղեկացել էի, որ գործը կարճվել է։ Այսօր ես զանգ ստացա Քննչական կոմիտեի քննիչից․ Ավետիսյան ներկայացած քննիչը ասաց, որ 2 անգամ ծանուցագիր է ուղարկել ինձ, բայց բացառվում է նման բան, որ փոստով ծանուցագիր ուղարկվի ու ես ստացած չլինեի։ Հանդիպումը նշանակեց վաղը, ասեցին, որ պարտադիր է ներկայանալը», - «Ազատությանը» պատմեց Խուրշուդյանը: - «Ինձ մոտ կասկածներ են առաջացել, թե ինչու հատկապես էսօր ինձ զանգեցին: Ի դեպ, նաև ոստիկանության Շահումյանի բաժանմունքից զանգեցին։ Զուգադիպությունը շատ է։ Ես ակտիվ գործունեություն էի ծավալում ու զանգեր ստացա», - նկատեց դիտորդը:

Խուրշուդյանը ստացված զանգի և իր կասկածների մասին տեղյակ պահեց տեղամասի տարածք եկած պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով քննիչից փորձեց հետաքրքրվել, թե ինչու են «Ելքի» վստահված անձին հրավիրել ոստիկանություն։ Պատգամավորի հետ զրույցում քննիչը վստահեցրեց, որ աշխատում է նաև կիրակի օրը և չի իմացել անգամ, որ Խուրշուդյանը ներգրավված է եղել ընտրական գործընթացում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG