Ժամը 18-ի դրությամբ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1317 հրապարակում, որոնց մեծ մասը տեխնիկական բնույթի է եղել, իսկ առևերույթ հանցագործության հատկանիշներ, ըստ դատախազության, պարունակել են դրանցից միայն 226-ը:
Այդ հաղորդումների մեծ մասը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկնաքվեարկության դեպքերին: Եղել են նաև քվեարկության գաղտնիության խախտման և ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր:
Ոստիկանությունը ժամը 17-ի դրությամբ ստացել է 84 հաղորդում, որոնցից 9-ը ուղարկվել է նախաքննության:
Ընտրություններին հետևող դիտորդները հազարից ավելի ահազանգեր են ստացել և հարյուրավոր խախտումներ գրանցել:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ ամենաշատ հանդիպող խախտումները քվեարկության վերահսկողության դեպքերն են․ - «Հետևաբար ցանկացած դրսում տեղի ունեցող խախտում այնպայման իր արտացոլումն է գտնում տեղամասում»:
Նույնն է պնդում նաև մեկ այլ դիտորդական նախաձեռնության ՝ «Անկախ դիտորդի» ղեկավար Դանիել Իոաննիսյանը․ - «Երկար ժամանակ չի լինում մի ընտրող, ով միանյակ քվեարկի: Դա ընտրություն չի․ ուղղակի մարդկանց բերում են, ստիպում են մարդիկ նշանը դնեն, կամ քվեաթերթիկը դնեն ծրարի մեջ, գնան»:
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը գտնում է, որ ընդհանուր առմամբ նախորդ ընտրությունների համեմատ ընտրախախտումների բնույթը նույնն է․ - «Ընտրախախտումներն իրենց բնույթով հիմնականում չեն փոխվել՝ ուղղորդումից սկսած մինչև բաց քվեարկություն»:
Դիտորդներն արձանագրում են, որ նախնական կանխատեսումը, թե այս ընտրությունների ընթացքում տեղամասերում խախտումների թիվը անցածի համեմատությամբ մեծ չի լինի՝ տեխնիկական նորամուծությունների շնորհիվ, չի իրականանում․ խախտումները շատ են թե՛ ընտրատեղամասերում, թե՛ տեղամասերից դուրս:
«Դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ այս նորամուծությունները խնդիրը չեն կարողանում լուծել», - ասաց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը:
Իսկ Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Հանրապետականը ընտրությունների ընթացքը նորմալ է գնահատում․ - «Հայաստանի հանրապետական կուսակցությունը գտնում է, որ ապրիլի 2-ի քվեարկության գործընթացը ընդանում է բնականոն հունով, նորմալ գործընթաց է գնում: Ես նաև կապ եմ հաստատել միջազգային դիտորդական առաքելության որոշ ներկայացուցիչների հետ, և նրանք միաբերան պնդում են, որ այն մեխանիզմը, որ ներդրվել է Հայաստանի Հանրապետությունում Ընտրական օրենսգրքի աննախադեպ կոնսոլիդացիայից հետո, հնարավորություն է տալիս, որպեսզի նախկինում եղած այն չարաշահումները, այն խնդիրները, որոնք ստվեր էին գցում ընտրական գործընթացի և կոնկրետ քվեարկության օրվա վրա, այսօր հիմնականում չկան»:
Իշխող ուժի մեկ այլ ներկայացուցչի՝ Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանի պնդմամբ, մինչև այժմ ստացվել են բավական մեծ թվող «կեղծ ահազանգեր» խախտումների մասին, որոնցով «փորձում են ստվերել» ընտրությունները․ - «Այսպես կոչված ֆեյք ահազանգերի միտում կա, և այդ ֆեյք ահազանգերով ընտրական լրահոսը սպամ անելու միտում կա»:
Այսօր առավոտից նաև ահազանգեր կային, որ տեղամասերում միջազգային դոնորների աջակցությամբ տեղարդված 1500 տեսախցիներով օնլայն հեռարձակում չի իրականացվում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, սակայն, ասաց, թե իրենք հեռարձակման հետ կապ չունեն․ - «Սա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ որևէ կապ չունի: Մենք ընդամենը աջակցում ենք այդ ընկերությանը, որը իրականացնում է․․․»
Ավելի ուշ կայքում հեռարձակումը վերականգնվեց և այս պահին հնարավոր է հետևել քվեարկությանը Electionsonline.am կայքում:
Օրվա առաջին կեսին ի հայտ եկած այդ խնդրին արձագանքել է նաև դրանց համար գումար տրամադրած Եվրոպական միությունը: Հայաստանում Եվրամիության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնում է, որ ինտերնետային հեռարձակումը չի աշխատել ամերիկյան սերվերի հետ առաջացած խնդիրների պատճառով, սակայն ամեն ինչ տեսագրվում և պահպանվում է: