Մատչելիության հղումներ

Կենտրոնի 9/07 տեղամասում, ըստ դիտորդների, լրացուցիչ ցուցակներում ընգրկված բազմաթիվ «անտեղյակ» քաղաքացիներ կային


Երևան, Կենտրոն համայնքի 9/07 տեղամաս
Երևան, Կենտրոն համայնքի 9/07 տեղամաս

Երևանի Կենտրոն համայնքի 9/07 տեղամասի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիները չգիտեն կամ չեն ուզում ասել, թե ով է իրենց տրամադրել բնակության վայրի մասին տեղեկանքը:

«Ազատության» հարցին նրանցից ոչ ոք հստակ պատասխան չտվեց: «Ինձ էս թղթիկը տվել են, ոչ մեկն էլ չի հասկանում․․․», «կոնկրետ չեմ իմանում ով ա տվել, չեմ ճանաչում», «ես մեր գյուղի գրանցում ունեմ, բայց այնտեղ չեմ մնում, ստեղ առևտրով եմ զբաղվում», «ստեղ վարձով եմ ապրում․․․էդ շտաբից են տվել․․․չեմ հիշում որ»,- նման խուսափողական պատասխաններ էին տալիս հավաքվածները:

9/07 ընտրատեղամասում լրացուցիչ ցուցակով քվեարկելու իրավունք ունի 511 անձ: Այն, որ նրանցից շատերը տեղամաս են գալիս անտեղյակ, արձանագրել են նաև դիտորդները: ՀԱԿ-ի վստահված անձ Սիրանույշ Մանուչարյանը կասկածներ ունի, որ սա հատուկ ուղղորդված քվեարկություն է: «Վստահ չեմ կարող ասել, բայց ենթադրում եմ, որ հաշվի առնելով՝ էս տարածքում ով է առաջադրված ՀՀԿ-ի առաջին համարով, ենթադրում եմ նրա օգտին են էս ամեն ինչն անում: Մարզերից բերում են, որ անցնի»,- ասաց Մանուչարյանը:

Հիշեցնենք՝ թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաև Կենտրոն վարչական շրջանը, Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրվել է տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: Մեր նկարահանման պահին դեպի տեղամաս բարձրացող աստիճանների վրա մեծ հերթ էր գոյացել:

Կեսօրից հետո դիտորդներն արձանագրել ու լուսանկարել են նաև տեղամասի բակում կայանած բազմաթիվ երթուղային տաքսիներ: Նրանց խոսքով՝ կուտակումները սկսվում էին հենց այն պահին, երբ քվերակության էին գալիս լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողները: «Թղթերը նայեք, իրենց ձեռքի թղթերը, սաղ էդ կուտակումների ժամանակ․․․»,- մատնացույց արեց դիտորդներից մեկը:

Մինչդեռ, ի տարբերություն դիտորդների, հանձնաժողովի նախագահն իրավիճակը նորմալ համարեց, նշելով, որ ընտրողների ցուցակները ստացել է լիազոր մարմնի կողմից: «Ընդամենը մեկ-երկու հոգի են, արհեստականորեն զարգացնում են, խնդիր բացարձակ չկա»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Նրա աշխատանքից, սակայն, վստահված անձինք դժգոհում էին՝ պնդելով, որ նա թերացել է իր պարտականություններում: «Երբ ընտրողը պատռեց իր քվեաթերթիկը և հուզված դուրս եկավ, ասեցինք արձանագրություն կազմենք, ինքը չկազմեց: Ասեցինք՝ արձանագրություն կազմենք, որ դուք հրաժարվում եք արձանագրություն կազմել, էլի չարեց: Մենք երեքով՝ ՀԱԿ-ը, «Ելք»-ը և «Թրանսփարենսիից», որոշեցինք բողոք գրել»,- ասաց ՀԱԿ-ի վստահված անձը: Հնաձնաժողովի նախագահը, մինչդեռ, հակադարձեց՝ «կարձանագրենք, երբ հանգիստ լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG