Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց պաշտոնական Երևանը հայտարարում է՝ «Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացումն անշրջելի է»:
Հայաստանի արտգործախարարության այսօր տարածած հայտարարությունում նաև նշված է ․«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է իրականացնի ինքնորոշման իր իրավունքը՝ միջազգային իրավական պարտադիր ուժ ունեցող ազատ կամարտահայտության միջոցով։ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Արցախի ժողովրդի կողմից»:
Պաշտոնական Երևանը հիշեցնում է չճանաչված հանրապետության նկատմամբ իր պարտավորությունների մասին․ «Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ապահովելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ մենք շարունակելու ենք ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն ուղղված քայլերը»:
Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ՝ այսօր ուղերձով է հանդես եկել նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը՝ հայտարարելով․ «Պաշտոնական Բաքուն կրկին փորձեց ուժի միջոցով լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, կործանել Արցախի անկախ պետականությունը, նոր ցեղասպանություն իրականացնել հայ ժողովրդի նկատմամբ: Թշնամու ագրեսիան լիակատար ձեւով ձախողվեց, և նա կրեց մեծ մարդկային, նյութական ու բարոյական կորուստներ՝ չկարողանալով կյանքի կոչել իր նենգ ծրագրերից և ոչ մեկը»:
Այսօր հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը, մասնավորապես նշելով՝ «Ադրբեջանը երբեք չի հաշտվի իր տարածքի բռնազավթման հետ»:
Անցած տարվա ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը բռնկված քառօրյա պատերազմը 1994 թ․ մայիսից ի վեր գործող զինդադարի լրջագույն խախտումն էր: Կողմերն ունեցան մեծաթիվ կորուստներ: Ըստ պաշտոկան տվյալների, հայկական կողմն ունեցավ ավելի քան հարյուր զոհ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց տարածքային կորուստների մասին՝ ութ հարյուր հեկտար:
Պատերազմին հաջորդած ինտենսիվ բանակցային գործընթացի ժամանակ երկու անգամ՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները: Հայկական կողմը պնդում է, որ այսօր բանակցություններ չկան: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդն օրերս Երևանում հայտարարեց՝ առաջիկայում հանդիպելու են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները՝ նախապատրաստելու երկու երկրների նախագահների հանդիպումը:
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: