Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ «Երկրի գլխավոր ընդդիմությունը շարունակում է մնալ այն ուժը, որ մենք ներկայացնում ենք»


Քարոզարշավի ավարտից ժամեր առաջ ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «զգույշ, բայց լավատեսությամբ» հայտարարում է, որ հանրությունը ընկալել է Կոնգրես - ՀԺԿ դաշինքի խաղաղության ծրագիրը։

«Մեր ժողովրդին հասցրեցինք այդ ծրագրի գլխավոր դրույթները, հիմնավորումները: Ընտրությունը խաղաղության և պատերազմի միջև, ընտրությունը զարգացման հեքիաթային խոստումների և իրատեսական ծրագրի միջև դարձել է քարոզարշավի գլխավոր, օրակարգային, քաղաքական հարցը», - նշեց նա:

Զուրաբյանի խոսքով՝ դաշինքի առաջարկած «ժողովրդին անհեռանկար փակուղուց» ազատագրող ծրագիրը շարժել է սառույցը, արծարծել մինչ օրս «տաբու» համարված թեմա, ինչն արդեն հաղթանակ է։ Բացի այդ, ըստ նրա, քարոզարշավի ընթացքում և հատկապես Կոնգրես - ՀԺԿ դաշինքի մարտի 29-ի հանրահավաքից հետո պարզ դարձավ, թե ով է Հայաստանում իրական ընդդիմությունը:

«Երկրի գլխավոր ընդդիմությունը, ժողովրդական շարժման դրոշակակիրը, արմատական փոփոխությունների պահանջով պայքարող քաղաքական ուժը եղել է, կա և շարունակում է մնալ այն ուժը, որ մենք ներկայացնում ենք», - հայտարարեց ընդդիմադիր գործիչը: - «29-ը դրա լավագույն ապացույցն էր, որովհետև պարզվեց, որ ինչպես անցյալում, նաև այսօր կա մի ուժ, որը կարող է հազարավոր մարդկանց հանել փողոց, լցնել Ազատության հրապարակը», - հավելեց Զուրաբյանը:

Դաշինքի առաջարկած խաղաղության ծրագրի քննադատները չվրիպեցին Զուրաբյանի ուշադրությունից, ով, առանց անուններ նշելու, ըստ էության, արձագանքեց նախկին դաշնակից, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե առաջին նախագահի խաղաղության ծրագիրը ոչ թե փոխզիջումային է, այլ զիջումային․ - «Այդ մարդիկ այդ ժամանակ դա համարում էին փոխզիջում, այսօր ասում են՝ դա փոխզիջում չէ, դա զիջում է: Միջազգային իրավունքի գիտակներ, համաշխարհային քաղաքականության գիտակներ․․․ երևի երկիր են ղեկավարել, բանակ են ղեկավարել, դիվանագիտություն գիտեն․․․ այդ մարդիկ փորձում են Առաջին նախագահին դասեր տալ: Արդեն ծիծաղելի է»:

Եթե, ըստ Զուրաբյանի, խաղաղության ծրագիրը ընտրապայքարի ժամանակ դարձել էր գլխավոր քաղաքական հարցը, որին անդրադառնում էին բոլորը, ապա թիվ մեկ խնդիրը մնաց ընտրակաշառքն ու վարչական ռեսուրսը, որի մասշտաբները ՀԱԿ խմբակցության ղեկավարը գնահատում է «շատ լուրջ»:

Հետընտրական զարգացումների և դրանցում ՀԱԿ-ի մասնակցության մասին խոսելը Զուրաբյանը դեռևս վաղ է համարում․ - «Դա կնշանակի, որ մենք արդեն կանխավ որոշել ենք, որ պարտվում ենք կամ այս պայքարը արդեն ավարտված է: Ինչի՞ համար՝ դեռ կռվենք, փորձենք: Այդ մեխանիզմները ինչի՞ համար ենք ստեղծել օրինականության վերահսկման»:

Ասուլիսի վերջում Զուրաբյանը, արձագանքելով Հայաստանում 3,5 միլիարդից մինչև 18 միլիարդ ներդրումներ բերելու մասին մրցակիցների խոստումներին, կեսկատակ ասաց. - «Զանգահարել են իմ ընկերները, որոնց ես ձեռք եմ բերել Նյու Յորքում․ Սթիվ Վոզնիակը, Բիլ Գեյթսը, Բլումբերգը և Մարկ Ցուկերբերը: Շատ մտերիմ ընկերներս են: Իրենք զանգահարել են ինձ և ասել են, որ Կոնգրես – ՀԺԿ դաշինքի հաղթանակի դեպքում ունեն մեծ պրոյեկտ՝ Սիլիկոնյան հովիտը տեղափոխել Հայաստան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG