Մատչելիության հղումներ

Սփյուռքահայ արվեստագետները հորդորում են «անպայման մասնակցել ընտրություններին»


Սփյուռքահայ մշակութային գործիչների մամլո ասուլիսը, Երևան, 31-ը մարտի, 2017 թ․
Սփյուռքահայ մշակութային գործիչների մամլո ասուլիսը, Երևան, 31-ը մարտի, 2017 թ․

Կոչ անելով անպայման գնալ ընտրությունների՝ այսօր Երևանում սփյուռքը ներկայացնող հայտնի արվեստագետները հայտարարեցին, որ իրենք որևէ ուժի հետ կապ չունեն և Հայաստան են եկել ընտրությունների օրը դիտորդություն իրականացնելով քաջալերելու Հայաստանի ժողովրդին:

Որևէ կուսակցության հետ գաղտնի կապ ունենալու մասին հարցին ամերիկահայ հայտնի ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանը պատասխանեց երգով: Եվ շարունակեց․ - «Մեզ համար ամենակարևորը հայ ժողովրդի կամքն է և փափագները այս ընտրությունների ընթացքում: Մեր գործի ամենակարևորը մոնիթորինգը չէ․․․ մենք արտիստ ենք, և մեր գործը ձեզ ներշնչելն է, որ գնաք և քվեարկեք: Խարդախություններ կան․ ամեն երկրում կոռուպցիա կա, բայց դա չպետք է խոչընդոտ լինի ձեր քվեարկության համար: 2.5 միլիոն ժողովուրդ իրավունք ունեն իրենց ձայնը ներկայացնելու և այդ ձայնին կռնակ կանգնելու: Եվ եթե իրենց ձայնը չներկայացվի, իրավունք ունեն այդ ձայնի պատասխանատուն քննել»:

Նա նաև նշեց՝ «Սասնա ծռերի» դեպքից հետո իրենք վախեցած են, թե ինչ կարող է լինել Հայաստանում․ - «Անարդարության ու հուսահատության տարիներից հետո մենք վախեցած էինք և մենք ուզում ենք մասնակցել՝ թեկուզ փոքր չափով կերտելու Հայաստանում արդարություն»:

«Արդարություն Հայաստանում» նախաձեռնության կոչով շուրջ 300 սփյուռքահայ դիտորդներ վերահսկելու են այս կիրակի տեղի ունենալիք ընտրությունները: Սփյուռքահայ կինոռեժիսոր Էրիկ Նազարյանը ներկայացրեց նախաձեռնության ստեղծման շարժառիթը․ - «Պատճառը, թե ինչու մենք ստեղծեցինք «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունն այն է, որ չափից դուրս շատ մարդիկ Հայաստանը լքում են»:

«Շատ հեշտ է մենք տաք տեղից նստած խոսանք, ասենք՝ ստեղ մնացեք, պայքարեք: Բայց մենք ոչ մի բան չանենք, ոչ մի դեր չկատարենք: Մենք այդ պատճառով ենք ներկա ձեզ հետ այստեղ, որ կարողանանք հույսով մի հատ նոր էջ թերթենք», - հավելեց նա:

Կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն էլ կարծիք հայտնեց, թե ընտրությունները «հավանաբար կեղծվելու են»․ - «Մենք արդեն տեսել ենք ընտրակեղծարարության փաստեր, և կարող եմ հստակ ասել, որ մենք այստեղ չենք կիրակի օրվա քվեները պահելու համար, մենք այստեղ ենք ապագայի համար: Մենք չպետք է բռնապետության և հատկապես ինքնաբռնապետության ու հուսահատության զոհը դառնանք»:

Պատասխանելով հարցին, թե արդյոք հետընտրական զարգացումների դեպքում հայտնի արվեստագետները փողոց դուրս կգան՝ կանգնելու քաղաքացիների կողքին, կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանն ասաց, թե դա կախված կլինի, թե որքան քաղաքացի դուրս կգա փողոց:

Սփյուռքահայ մշակութային գործիչներն ասացին նաև, որ ընտրությունների օրը շրջելու են տարբեր տեղամասերով: Նրանք կոչ արեցին քաղաքացիներին՝ անպայման գնալ քվեարկելու, եթե անգամ որևէ ուժ վստահություն չի ներշնչում:

«Եթե ձեր ձայնը իմաստ չունենար, կաշառքը տեղ չէր ունենա: Եթե կաշառքն այսօր տեղ ունի, նշանակում է, որ ձայները իմաստ ունեն», - ասաց Արսինե Խանջյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG