Մատչելիության հղումներ

ՕՐՕ դաշինքը մտադիր է կոալիցիա կազմել խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի հետ


Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած «Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը մտադիր է կոալիցիա կազմել խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի հետ՝ այսպիսով հասնելով իշխանափոխության:

«Մենք պետք է մի կողմ դնենք բոլոր տիպի տարաձայնությունները, անձնական նկրտումները, որովհետև զգում ենք, որ վճռվում է մեր երկրի ապագան, մեր երկրի ճակատագիր», - այսօր հայտարարեց պաշտպանության նախկին նախարարը՝ ամփոփելով ընտրական քարոզչությունը: - «Այս ճակատագրական պահին իրավունք չունենք բզկտված, տրոհված հանդես գալու մեր երկրի, մեր ժողովրդի առջև», - հավելեց Օհանյանը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի պատվիրած հարցումների արդյունքներով՝ առաջին տեղում «Ծառուկյան» դաշինքն է, ուստի իշխանափոխության հարցում Սեյրան Օհանյանը առաջին հերթին հենց Գագիկ Ծառուկյանի հետ պիտի համաձայնության գա:

«Այս իրադրության գնահատմամբ խելամիտ վարվելու միակ տարբերակը փոփոխություններն են, այսինքն՝ իշխանությունը պետք է փոխվի: Դրա համար մենք պատրաստակամ ենք այն ուժերի հետ, ովքեր որ փոփոխության կողմնակից են, ովքեր որ այս իշխանություններին ուզում են ասել, որ՝ հերիք է դուք ղեկավարեք, պետք է այլ թարմ ուժեր գան ղեկավարելու», - նշեց Օհանյանը: - «Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանին, գիտեք, որ ես մի քանի անգամ նաև նախկինում հանդիպել եմ և մեր մոտ բարիդրացիական հարաբերություններ են, և այդ հարաբերություններն էլ մշտապես պահպանվելու են», - նաև ասաց պաշտպանության նախկին նախարարը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե դատելով Գագիկ Ծառուկյանի հետ իր ունեցած հանդիպումներից, ի՞նչ կարող է ասել, նա հակվա՞ծ է ընդդիմադիրների հետ կոալիցիա կազմել:

Դաշինքում կասկած անգամ չունեն, որ հաղթահարելու են անցողիկ յոթ տոկոսանոց շեմը: Սեյրան Օհանյանն ասաց՝ կոտրել են հուսալքության մթնոլորտը, իրենց ուժը երևանյան հանրահավաքում ցույց տվեցին: Մինչդեռ Gallup-ի տվյալներով՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն անգամ հինգ տոկոսին չի մոտենա: - «Դա հնարած կազմակերպություն է նախագահականի կողմից, հենց իրենց ֆինանսավորմամբ: Այդպիսի բան ուղղակի գոյություն չունի», - հայտարարեց դաշինքի անդամ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հիշեցրեց․ - «Նախագահական վերջին ընտրությունների նախաշեմին, երբ ինձ տալիս էին 5 տոկոս թե՛ պաշտոնականը, թե՛ իրականը, այն բավականին հեռու էր այդ կանխատեսումից»:

Քվեարկությունից երկու օր առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը վերջին զգուշացումը տվեց իշխանություններին․- «Զերծ մնացեք կեղծարարությունից, որովհետև պատմության անիվը շրջվում է և պատասխանատվության սլաքը հասնելու է յուրաքանչյուրին: Եթե այդ համատարած, համակարգային, կուսակցականացված խախտումները, ընտրակեղծարարությունը շարունակվի մինչև ընտրության օրը, ապա մենք կսպասենք ազդակներ ոչ միայն քաղաքական այլ ուժերի, այլ հասարակությանը և ըստ այդմ կորոշենք, թե ապրիլի 3-ին ինչով ենք զբաղվելու»:

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր անդրադարձավ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե Օսկանյանի պաշտոնավարման օրոք քննարկվել է Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը․ - «Ցավում եմ, որ հենց երկրի նախկին նախագահը շահարկում է Մեղրիի ինչ-որ խնդիրը: Այդպիսի բան չկա, չի եղել և չի կարող լինել: Որևէ Հայաստանի իշխանություն չէր կարող դրան լուրջ վերաբերվել»:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը վստահված անձեր ունի բոլոր՝ շուրջ երկու հազար տեղամասերում, գումարած «Ժառանգության» ներկայացուցիչները ընտրական հանձնաժողովներում: Տարբեր ընկերությունների հարցումներով՝ քաղաքական այս ուժի վարկանիշը գնահատվել է 3-ից մինչև 10 տոկոս: Քարոզարշավի ընթացքում դաշինքը բարձրաձայնեց բռնաճնշումների մասին՝ այդ թվում Ջրառատի արյունալի դեպքերն ու իրենց աջակից Սամվել Բաբայանի կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG