Մատչելիության հղումներ

Ռուստամյան. «Մեր և Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջև տարբերություն չկա»


Դաշնակցությունը պատրաստ է ընտրություններից հետո համագործակցել ցանկացած ուժի հետ, որը կընդունի կուսակցության մոտեցումներն ու մարտավարությունը՝ փոփոխությունները հնարավորինս արագ կյանքի կոչելու համար։ Երեկ Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար, Դաշնակցության համապետական ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը՝ նշելով, որ իրենց համար համագործակցությունը անձերով ու քաղաքական ուժերով չի պայմանավորված։

«Ազատություն». - Պարոն Ռուստամյան, արդյո՞ք հնարավոր համարում եք ընտրություններից հետո Հանրապետական կուսակցության հետ Դաշնակցության կոալիցիոն համագործակցությունը։

Ռուստամյան. - Մենք երկու պայման ենք տեսնում ընդհանրապես որևէ համագործակցության համար: Առաջինը՝ այս սկսածն անշրջելի պահելու հետ կապված վստահություն պետք է ունենանք։ Կան արդեն հայտարարություններ, որ ընտրվելու պարագայում որոշել են հետ պտտել, նորից վերադառնալ նախագահական համակարգի, դա չպետք է թույլ տալ։ Երկրորդ պայմանը, որ սկսած այս գործն՝ արագ բարեփոխումների պրոցեսը, տեմպ հաղորդելու համար, հնարավորինս արագ փոփոխությունները կյանքի կոչելու համար ընդունեն մեր մոտեցումներն ու մարտավարությունը։ Եթե դա կընդունեն, ցանկացած մեկի հետ մենք պատրաստ ենք համագործակցել։ Մեզ մոտ համագործակցությունն անձերով ու քաղաքական ուժերով չի պայմանավորված, այլ կոնկրետ ծրագրերով, պլատֆորմով և նպատակների շուրջ համաձայնությամբ։

«Ազատություն». - Առաջին նախագահն ասում է, որ այսօրվա իշխանությունները համաձայնել են Մադրիդյան սկզբունքներին, որը ենթադրում է տարածքների վերադարձ, հիմա ձեր հայտարարությամբ դուք ասում եք, որ ստատուս քվոյի պահպանման օգտին է իշխանությունը գործում, այնինչ, ըստ Տեր-Պետրոսյանի, այսօրվա իշխանությունները բոլորովին այլ գործընթացի մաս են կազմում։

Ռուստամյան. - Իսկ ստատուս քվոն փոխվե՞լ է, չի փոխվել, չէ՞, ուրեմն այս ամենը դեռ մարտավարական գործընթացների տրամաբանության մեջ է։ Երբ որ ստատուս քվոն կփոխեն որևէ փաստաթղթով, մենք նորից կգանք հրապարակ այն տրամաբանությամբ, որի մեջ ենք եղել միշտ։ Ասում եմ նորից՝ Ղարաբաղի ժողովուրդը հստակ արտահայտել է, թե ինչպես է պատրաստվում հարցը լուծել, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ որևէ մի իշխանավոր իրավունք չունի արհամարհելու դա, վերջակետ։

«Ազատություն». - Ձեր և Հանրապետականի դիրքորոշումների միջև տարբերություն չկա՞, ըստ Ձեզ։

Ռուստամյան. - Մեր և Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման միջև տարբերություն չկա, թող մնացածները բացատրեն, թե ինչու են տարբերվում։

«Ազատություն». - Հանրապետականի մասով, պարոն Ռուստամյան, ի՞նչ կասեք։

Ռուստամյան. - Հանրապետականին հարցրեք՝ իրենք պաշտպանո՞ւմ են Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը՝ այն, ինչ որ Ղարաբաղի ժողովուրդը հանրաքվեով հաստատել է, դա իրենք թող կպատասխանեն, մենք ասում ենք՝ դրանից չենք շեղվելու, պարզ չէ՞։

«Ազատություն». - Այսինքն՝ դուք այդ հարցը չե՞ք քննարկել Հանրապետականի հետ, ծանոթ չե՞ք նրանց դիրքորոշմանը։

Ռուստամյան. - Նորից եմ կրկնում, ևս մեկ անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նույն իրավիճակի մեջ է հայտնվել, բերել է երեք տարբերակներ, բայց այդ տարբերակներից վերջինն արդեն ինքը պատրաստ էր ստորագրել, որին համաձայն էր Ադրբեջանը, պարզ չի՞, և երբ որ նա դա բերեց, իր շրջապատը դա չընդունեց, նույն բանը կարող է, եթե հանկարծ որևէ մեկի մտքով անցնի նման մի տարբերակ բերի, նույն այդ շրջապատը կարող է չընդունի, շատ նորմալ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG