Մատչելիության հղումներ

«ՀՀԿ-ն բռնվել է «դոպինգի» վրա»


«Ելք» դաշինքն, այսօր երեկոյան երթով շարժվելով դեպի ԿԸՀ, այնտեղ հանրահավաք անցկացրեց՝ պնդելով, որ «ՀՀԿ-ն խախտել է հավասար ընտրական իրավունքի բոլոր նորմերը»։

«Ի սկզբանե իմանալով, որ մեր մեջ կա դոպինգ օգտագործած ուժ, մենք այդ փաստը վերցրել բերել ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով», - նշեց «Ելք» դաշինքի առաջին համար Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով «Իրազեկ քաղաքացիների միավորման» բացահայտումն այն մասին, որ ավելի քան 100 դպրոցների տնօրեններ ընտրողների են ցուցակագրել իշխող Հանրապետականի համար։

«Հանրապետական կուսակցությունը բոլոր անարդարություններից բացի ևս մի քննադատելի քայլ է անում կապված մեր երեխաների հետ։ Մենք պետական միջոցների հաշվին դպրոցներ և մանկապարտեզներ ենք պահում, և այս կրթական ցանցը օգտագործվում է ընտրությունները կեղծելու համար, որովհետև տնօրենները նաև լինում են հանձնաժողովի անդամներ, այս ցանցը օգտագործվում է ձայն հավաքելու համար», - հավելեց Մարուքյանը:

Հակադարձելով իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների պնդումներին, թե դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների գործողություններում ապօրինի բան չկա, «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համարը՝ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքում ընդգծեց․ - «Ընտրական օրենսգիրքը շատ հստակ ամրագրում է, որ պետական կազմակերպությունները և նրանց ներկայացուցիչները իրավունք չունեն քարոզչությամբ զբաղվելու իրենց աշխատանքային պարտականությունը կատարելիս: Հիմա նրանք հիմք են վերցնում սա, ասելով, որ այդ տնօրենները իրենց աշխատանքային պարտականությունը կատարելիս չէ, որ կատարել են այդ գործողությունները: Շատ պարզ մի հարց է ծագում՝ տնօրենը իր աշակերտի ծնողի հետ ի՞նչ հարաբերություն կարող է ունենալ, բացի աշխատանքային հարաբերությունից: Եթե նա չլիներ դպրոցի տնօրեն, որևէ լծակ չէր ունենա հրավիրելու այդ աշակերտի ծնողին և նրան որևէ ցուցակում գրելու և այլն: Եթե նա դպրոցի տնօրեն չլիներ, նա չէր կարող իր դպրոցում աշխատող ուսուցչին որոշակի լուծում պարտադրել: Եվ հետևաբար դրանք չեն կարող լինել այլ բան, քան աշխատանքային հարաբերություններ: Եվ ակնհայտ է, որ խախտված են հավասար ընտրական իրավունքի բոլոր նորմերը և ընտրական պրոցեսի արդարությունը ապահովելու համար անհրաժեշտ է, որ Հանրապետական կուսակցությունը դուրս շպրտվի ընտրական պրոցեսից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG