Ընտրատեղամասերում արդեն տեղադրված են բոլոր 1,500 տեսախցիկները, այսօր հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, Քվեարկության գործընթացի տեխնիկական ապահովման հանձնաժողովի անդամ Արմեն Սմբատյանը:
Դրանց միջոցով բոլոր ցանկացողները կարող են առցանց հետևել քվեարկության և հաշվարկի ընթացքին շուրջ 2000 ընտրատեղամասերի երեք քառորդում:
Գործելու է հատուկ ինտրենետային էջ, որտեղ տեղադրված կլինեն ուղիղ հեռարձակմամբ հղումները, ընտրությունների նախօրեին շաբաթ օրը ուղիղ հեռարձակումը կփորձարկվի:
«Կենտրոնական հանձնաժողովի elections.am կայքում կլինի հղումը, բոլորը կարող են այցելել հենց շաբաթ օրվանից: Եթե ստացվի, ապա ցանկություն կա, որպեսզի ոչ միայն քվեարկության օրը, այլ նաև քվեարկության նախորդ օրը ընտրական հանձնաժողովների աշխատանքին ևս հնարավորություն լինի հետևելու», - նշեց Սմբատյանը:
Քվեարկության գործընթացի տեխնիկական ապահովման հանձնաժողովի անդամներից, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանի խոսքով՝ տեսախցիկների առկայությունը տեղամասերում էական դեր կունենա տեղում կեղծիքները զսպելու գործում: Ավագյանը բերում է սահմանադրական հանրաքվեի ժամանակ գրանցված օրինակը․ Արմավիրի Արշալույս գյուղում «այո»-ն չէր հաղթել այն տեղամասերում, որտեղ դիտորդը տեսախցիկ էր տեղադրել․ - «Փորձում էինք հասկանալ՝ ինչպե՞ս է հնարավոր մի տեղամասում այսքան կտրուկ տարբերություն: Վերջում պարզվեց, որ մի ռուս դիտորդ ուղղակի մի տեսախցիկ էր տեղադրել երկու տեղամասում էլ: Այսինքն՝ տեսախցիկի առկայությունն արդեն շատ զսպող հանգամանք էր, որպեսզի տեղամասում ընտրակեղծիքներ չլինեն: Այնպես որ ես կարծում եմ, որ սա շատ էական փոփոխություն է»:
Քաղաքացիական հասարակությունը, սակայն, այդքան լավատես չէ տեսախցիկների հարցում: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասում է՝ պետք չէ մեծ հույսեր կապել տեսախցիկների հետ, դրանք չեն կարող արձանագրել ընտրակաշառքն ու ուղղորդված քվեարկությունը, բացի այդ՝ ընտրական օրենսգրքում բազմաթիվ սահմանափակումներ են տեղ գտել․ - «Տեսախցիկներն ընդամենը արձանագրելու են այն, ինչ կատարվում է առերևույթ, բայց բովանդակային վերահսկողություն իրականացնելու իրավական հնարավորությունները վերացված են ըստ էության: Ռիսկեր կան սուտ մատնության հետ կապված, որ ես, ենթադրենք, կարող է տեղեկատվություն տամ, որ բացակա ընտրողի փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն ու հանկարծ չհիմնավորվի՝ ապա իմ նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել սուտ մատնության հիմքով: Դա արդեն նշանակում է, որ ես զսպված եմ, սահմանափակված եմ նույնիսկ մտահոգություններ արտահայտելու հարցում, որովհետև կարող է մտահոգությունս համարեն սուտ մատնություն»:
Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը նշեց, որ տեսախցիկներ տեղադրելու առաջարկը դեռ տարիներ առաջ էին արել, այս անգամ իշխանություններն այն ընդունել են, սակայն լուրջ վերապահումներով: Պետությունը պատասխանատվություն չի կրում տեսախցիկների աշխատանքի, հնարավոր խափանման կամ տեղադրման թերությունների համար:
«Իրենք դիտավորյալ շրջանցեցին սա, թողեցին երրորդ կողմի վրա․ մասնավոր անձը կահավորում է, ստացել է փողը, անում է, մի բան էլ որ խափանվեց, վաղը, մյուս օրը՝ պետությունը կասի ես չեմ մեղավոր», - փաստում է Բարսեղյանը:
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ: Հերիքնազ Տիգրանյանը ևս որպես բացթողում շեշտեց այն հանգամանքը, որ տեսախցիկների տեղադրումը չի նախատեսված որպես պետության պարտավորություն, սակայն նկատեց՝ դրանց առկայությունը ընտրական տեղամասերում լրացուցիչ գործոն է ընտրախախտումները կանխելու համար, և իրենց դիտորդները տեղամասերում աշխատելուց բացի ընտրություններին նաև օնլայն կհետևեն․ - «Անկախ նրանից՝ կլինեն տեղամասում տեսանկարահանող սարքեր, թե ոչ, «Քաղաքացի դիտորդը» այդ տեղամասերում ունենալու է տեսանկարահանող սարքեր և ավելի վստահելի կլինեն մեր դիտորդների կողմից անձամբ կատարված ձայնագրություններն ու տեսագրությունները, քանի որ տեսախցիկները ընդամենը տեսանկարահանում են ամբողջ գործընթացը, բայց ձայնային գրառում տեղի չի ունենում»: