«Գագիկ Ծառուկյանը հստակ ասեց, երբ որ հարց տվեցին հնարավոր կոալիցիայի մասին իշխող կուսակցության հետ Կոտայքում, ինքը պատասխանեց՝ Ես իմ պատիվը և իմ անունը չեմ վաճառում», - «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց Զոհրաբյանը:
Նրա համոզմամբ՝ եթե իշխանությունն ընտակեղծարարության նոր մեթոդներ չկիրառի, «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կունենա։ Իսկ եթե 47-48 տոկոս ձայն հավաքի, դաշինքն ու Գագիկ Ծառուկյանն են լինելու որոշողը, թե ում հետ կոալիցիա կազմեն։
Դաշինքը, Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, արդեն հստակ որոշել է, որ հաղթանակի դեպքում վարչապետի իրենց թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է․ - «Եթե մենք վերցնում ենք մեծամասնություն, վարչապետի մեր թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է»:
Զոհրաբյանի համոզմամբ, Հանրապետականը հանրությանը երկու վտանգավոր ուղերձ է փորձում ներշնչել․ նախ, որ քաղաքացու քվեն արժեք չունի, և երկրորդ, որ «Ծառուկյան» դաշինքն ի վերջո գործակցելու է իշխող կուսակցության հետ: Երկու ուղերձն էլ, ըստ նրա, կեղծ են․ - «Ժողովուրդ, այս նոր ընտրական համակարգով դուք եք լինելու մեր ընտրության որոշողները, դուք եք մեր հերոսները: Մեր զենքը «կալաշնիկովը» չէ, մեր զենքը ձեր քվեն է, և ձեր քվեով որոշվելու է ապագա իշխանությունը, և ձեր քվեով այս իշխանությունը հեռանալու է: Դա միանշանակ է»:
«Ծառուկյան» դաշինքնի ներկայացուցիչը նաև բացատրում է, թե ինչու «ՕՀանյան-Րաֆֆի-Օսկանյան» կամ «Ելք» դաշինքի օրինակով չեն դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների ցուցակներ ներկայացնելու հայտնի սկանդալի հետևանքով և ՀՀԿ-ին ընտրությանը մասնակցելու իրավունքից զրկելու պահանջով։
«Հայաստանում Գլխավոր դատախազություն կլինի, Կենտրոնական ընտրական հանձնաժողով կլինի, իրենք բոլորը բոլորը գործում են Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակի ներքո», - հայտարարեց Զոհրաբյանը:
Թեև «Ծառուկյան» դաշինքում հավատացած են, որ նոր Ընտրական օրենսգիրքն ավելի որակյալ ընտրություն է ապահովելու, մշակել են նաև իշխանության կողմից ընտրությունը կեղծելու դեպքում գործողության պլան․ - «Հետընտրական զարգացումն ու արյունահեղությունը եկեք հոմանիշներ չսարքենք: Կրկնում եմ՝ մենք գնում ենք վերցնելու բացարձակ մեծամասնություն, բայց եթե ընտրությունները կեղծվեն և ժողովրդի քվեն չհասնի տեղ, «Ծառուկյան» դաշինքը լինելու է այնտեղ, որտեղ կլինի ժողովուրդը: Եթե կլինի փողոցում՝ կլինենք փողոցում»:
Նաիրա Զոհրաբյանը հավաստիացրեց, թե Ծառուկյանի՝ 15 մլդր դոլար ներդրման մասին հայտարարությունն իրատեսական է։ Թեև նա չհստակեցրեց, թե կոնկրետ ովքեր և որ երկրներից են անելու այդ ներդրումները, սակայն շեշտեց, որ իրենց հաղթանակի դեպքում ներդրումներ ծրագիրը կմեկնարկի առաջիկա ամիսներին։