Մատչելիության հղումներ

Վարչապետը հանձնարարեց չգազաֆիկացված տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել


Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի, Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-ից 96 տոկոս է, ինչն, ըստ վարչապետի, աննախադեպ բարձր է, քան ցանկացած այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրս։

Միաժամանակ, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի ուսումնասիրությունների, ինչպես նաև համաքաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում, ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է Կարապետյանը, պարզ է դառնում, որ չգազաֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ:

Վարչապետը հանձնարարել է մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ՝ 1-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել գազիֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Գործադիրի ղեկավարը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարել է առաջին կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալուն պես, 1-ամսյա ժամկետում, հստակ հաշվարկել համապատասխան վայրերում գազիֆիկացման իրականացման ծախսերը «Գազպրոմ Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ, միաժամանակ, որպես նշյալ խնդրի լուծման տարբերակ հաշվի առնել նաև ապահովման այլընտրանքային առաջարկները, մասնավորապես՝ արևային մարտկոցները, պելետային կաթսանները, վառարանները և այլ տարբերակներ։ Արդյունքում՝ կառավարության աշխատակազմ ներկայացնել թե՛ մատակարարողի, թե՛ սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակը:

«Յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ իրենց ջեռուցման կենցաղային պայմաններն ապահովելու համար պետք է հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները և ընտրել դրանցից լավագույնը», - ընդգծել է կառավարության ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG