Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետքարտուղարն այսօր կժամանի Թուրքիա


ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջին պաշտոնական այցով այսօր կժամանի Թուրքիա։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, այցի ընթացքում Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարը կհանդիպի իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուին։ Հանդիպում է նախատեսվում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։

ԱՄՆ պետքարտուղարի և Թուրքիայի արտգործնախարարի հանդիպման օրակարգում կլինեն երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, կշոշափվեն նաև միջազգային և տարածաշրջանային առանցքային խնդիրներ։

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թիլերսոնի և Չավուշօղլուի քննարկման գլխավոր թեմաներից մեկը Միացյալ Նահանգներում ապաստանած իսլամական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցն է լինելու։ Թուրքական իշխանությունները Գյուլենին մեղադրում են անցած տարվա հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ։

Անցած շաբաթ Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի արտգործնախարարը Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ջեֆ Սեշընզին էր փոխանցել հեղաշրջման փորձին Գյուլենի առնչությանը վերաբերող նոր փաստաթղթերի փաթեթ՝ նշելով, թե այս հարցում մեծ սպասումներ ունեն ամերիկյան նոր կառավարությունից։

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Ռեքս Թիլերսոնը պատրաստ է թուրք պաշտոնյաների հետ հանդիպումներում անդրադառնալ այս հարցին։

Թիլերսոնն ու Չավուշօղլուն քննարկելու են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ գտնվող ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող սիրիական Ռաքքա քաղաքի ազատագրման հարցը։

ԱՄՆ և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները խոսելու են պաշտոնական Անկարային հուզող մեկ այլ խնդրի՝ Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանն ամերիկյան աջակցության մասին։

Օրակարգային մեկ այլ թեմա էլ անցած շաբաթ Միացյալ Նահանգներում թուրքական խոշորագույն բանկերից Halkbank-ի գործադիր փոխտնօրեն Մեհմեթ Հաքան Աթիլայի ձերբակալությունն է լինելու։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախօրեին հայտարարել էր, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարից պարզաբանում են ակնկալում Աթիլայի ձերբակալության պատճառների վերաբերյալ։ Թուրքական իշխանությունները այս ձերբակալությունում «գյուլենական հետք» են տեսնում։

Մինչ Թուրքիայում սպասում են Թիլերսոնի այցին, Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին զգուշացնում է սահմանադրական հանրաքվեի նախաշեմին գտնվող Թուրքիայում ահաբեկչական վտանգի մասին՝ կոչ անելով խուսափել այդ երկիր, հատկապես՝ հարավարևելյան շրջաններ ուղևորություններ կատարելուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG