Մատչելիության հղումներ

Շարմազանովը Ծառուկյանին՝ «Մեր բլուրը ձեր բարձր սարին վնաս չէ»


Էդուարդ Շարմազանով, արխիվ
Էդուարդ Շարմազանով, արխիվ

ՀՀԿ-ն միայնակ կամ գործընկերոջ հետ կառավարություն ձևավորելու հույս ունի:

Քարոզարշավի ավարտին իշխող Հանրապետականը խիստ լավատեսական գնահատականներ է հնչեցնում: ՀՀԿ խոսնակի ընդգծմամբ, այս կիրակի կայանալիք խորհրդարանական ընտրություններում ժողովուրդն իրենց միայնակ կամ կոլացիոն գործընկերոջ (Դաշնակցության) հետ կառավարություն ձևավորելու հնարավորություն կտա: Էդուարդ Շարմազանովին նման լավատեսություն են ներշնչել վերջին շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները:

«Հանրապետական կուսակցությունը քաղաքական մարաթոնի առաջամարտիկն է: Այս տեմպով ճիշտ աշխատելու դեպքում, կարծում եմ, մեր ժողովուրդը Հանրապետականին հնարավորություն կտա կամ միայնակ, կամ իր կոալիցիոն գործընկերների հետ միասին՝ կազմելու ապագա կառավարությունը: Ես դա տեսնում եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Իշխող ուժի խոսնակը սուր քննադատության ենթարկեց մի շարք ընդդիմադիր գործիչների: Մասնավորապես, արձագանքելով «Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե Հանրապետականը շատ ցածր վարկանիշ ունի, Շարմազանովն ասաց՝ Փաշինյանը շատ նյարդային է դարձել: «Ասացիք «Ելք» դաշինքի առաջնորդներից, ինչքան գիտեմ, «Ելք» դաշինքը մի առաջնորդ ունի, Էդմոն Մարուքյանն է: Նիկոլ Փաշինյանին առաջնորդ ասելը դժվար է, որովհետև քվեարկություն է եղել, ինքը երկու ձայնից ոչ մի ձայն չի ստացել: Միգուցե դա է պատճառը, որ ձեր նշած գործիչը շատ նյարդային է դարձել և փորձում է նյարդային, ոչ ադեկվատ հայտարարություններով ցույց տալ, որ ինքն է այդ դաշինքի առաջնորդը: Ինչ վերաբերում է ՀՀԿ ռեյտինգին, ապրիլի 2-ին բոլորդ կտեսնեք ՀՀԿ-ի ռեյտինգն ինչքան է: Ինքան ձայն տաք, էդքան կլինի: Իսկ իրենց մասին, որ առաջամարտիկ են և այլն, ես դա ընդունում եմ որպես ապրիլի 1-ին ընդառաջ ապրիլմեկյան կատակ»,- շարունակեց ՀՀԿ խոսնակը:

Նա քննադատության ենթարկեց նաև ՕՐՕ դաշինքի առաջնորդներից Րաֆֆի Հովաննիսյանին, ընդգծելով, թե վերջինս անփոխարինելի քաղաքական գործիչ է մեկ հարցում․ «Քաղաքական կապիտալը մսխելու գործում պարոն Հովհաննիսյանը չեմպիոն է և էդ իմաստով ինքն իրոք անփոխարինելի է: Դժվար է Հայաստանի քաղաքական երկնակամարում գտնել գործիչ, որն էդքան կարճ ժամանակահատվածում էդքան մեծ քաղաքական կապիտալը մսխի»:

Հանրապետականի խոսնակը չշրջանցեց նաև «Ծառուկյան դաշինիքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, արձագանքելով երեկ նրա արած այն հայտարարությանը, թե իր արտասահմանցի գործընկերները խոստացել են հաղթանակի դեպքում 15 միլիարդ դոլար ներդնել Հայաստանի տնտեսության մեջ: Հանրապետական վարչապետ Կարեն Կարապետյանը, հիշեցնենք, ընդամենը 3 միլիարդ դոլարի ներդրումներ է խոստանում: «Ջիվանուն հիշեցի, նրա պես պատասխանեմ՝ մեր բլուրը իր բարձր սարին վնաս չէ: Աստված տա, մեր Հայաստանում ներդրումները շատանան, թող բոլորը բերեն: Եվ իմ ցանկությունն է, որ բոլոր գործիչները, այդ թվում նաև հարգելի պարոն Ծառուկյանը, որ անկախ ընտրությունների արդյունքից, անկախ նրանից՝ ով հաջողության կհասնի, խթանեն Հայաստանում ներդրումների իրականացումը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Ինչ վերաբերում է «Ելք» և ՕՐՕ դաշինքների կողմից Կենտրոնական ընտրական հանձաժողով ներկայացված այն դիմումներին, որոնցով պահանջվում է ՀՀԿ-ին զրկել ընտրություններին մասնակցելու հնարավորությունից՝ հաշվի առնելով Հանրապետական տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրումը, ապա Շարմազանովի համոզմամբ, այդ ամենն ընդամենը նախընտրական հնարք է:

«Չեմ կարծում, որ այստեղ որևէ իրավական հիմք կա, բայց ԿԸՀ-ն ինքը պետք է որոշի, ես այստեղ միջամտելու խնդիր չեմ տեսնում: Ավելի շատ կարծում եմ, որ սա նախընտրական հնարք է երկու ուժերի կողմից: Մանավանդ, որ մեկ ուժը տվեց, հետո վերջում մյուսը տվեց, որ էն մեկից հետ չմնա, իրենց մոտ մրցապայքար է»:

Հանրապետականի խոսնակը նաև հորդորեց ընտրողներին ցուցակագրած հանրապետական տնօրեններին մեղադրելուց առաջ հիշել, որ կա անմեղության կանխավարկած, միևնույն ժամանակ շեշտելով՝ նրանց արարքը քրեական հանցագործություն չէ: «Ես կարծում եմ՝ կարիք չկա մեկ, երկու, երեք, 20 հազար ձայն ավել հավաքելու համար մորդ տարիքի մարդկանց, կամ քրոջդ, կնոջդ տարիքի մարդկանց վիրավորել: Ի վերջո, հայ տղամարդուն հարիր չէ: Օրենք է խախտվե՞լ, կա դատախազություն, կդիմեք, թող պատժվեն, ովքեր օրենք են խախտել: Մենք չենք ասում՝ ով որ օրենքը խախտել է, չպետք է պատժվի կամ պետք է ունենա անձեռնմխելիություն: Իհարկե ոչ։ Բայց կա անմեղության կանխավարկած: Եթե նույնիսկ էդ ձայնագրություններն իրականություն են, կա հոդված»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ մեկ դեպքով (մասնավորապես, Գյումրու դպրոցի տնօրենի ձայնագրությանը վերաբերող) նյութերն ուղարկել են ոստիկանություն, պարզելու արարքում հանցակազմի առկայության հարցը: Ինչ վերաբերում է մյուս 113 ձայնագրություններին, ապա դրանցում, ըստ դատախազության, առերևույթ քրեական հանցագործության հատկանիշներ չկան, հետաբար՝ դրանց քննությունը դատախազության լիազորություններից դուրս է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG