Մատչելիության հղումներ

Հակակոռուպցիոն կենտրոնը վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր է բացահայտել


«Արարատի մարզի Բերքանուշ համայնքում մարտի 20-ին քարոզարշավին մասնակցել են պոլիկլինիկայի աշխատակիցները աշխատանքի ժամերին: Արտաշատում՝ ակնոցների բաժանում: Եղեգնաձորում, Արփի գյուղում, օրինակ, ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Աշոտ Արսենյանը հանդիպման ժամանակ ուղղակի պահանջել է, որ իրեն պետք է ապահովի 400 ձայն այդ գյուղը», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻ) ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքով՝ ամենատարածված խախտումների թվում են աշխատանքային ժամերին պաշտոնյաների ու պետական հաստատություններում աշխատակիցների մասնակցությունը քարոզարշավին:

Իսկ Երևանի մամուլի ակումբի՝ հինգ հեռուստաընկերությունների մշտադիտարկումը ցույց է տվել, որ աշխատանքային այցերը հաճախ քողարկված քարոզչություն են։

«Խոսքը վերաբերում է վարչապետի այցերին», - ասաց մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: - «Որովհետև շատ ժամանակ իսկապես դժվար է տարբերակել՝ աշխատանքային ա՞յց է կատարում, թե՞ նախընտրական քարոզչություն է իրականացնում: Եվ անգամ լուսաբանումներում, երբ երևում է, որ սա այն պահն է, որ աշխատանքային այց է կատարում, բայց, ըստ էության, նաև հետևում երևում են այնպիսի բաներ, որ կարող է ընկալվել որպես քարոզչություն»:

Վարչական ռեսուրսի չարաշահման այլ ձևեր են ճնշումներն ու սպառնալիքները, ընտրակաշառքի բաժանումն ու ցուցակագրումը։ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ մեկնաբանությունը, թե դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները աշխատանքի ժամին չեն ցուցակագրում կատարել, ամենևին արդարացում չէ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը», հիշեցնենք, ձայնագրություններ էր հրապարակել, որոնց համաձայն՝ 100-ից ավելի ուսումնական հաստատությունների տնօրեններ իշխող ուժի օգտին ընտրողների ցուցակագրում են իրականացրել։

Հոկտանյանն այս կապակցությամբ ասաց․ - «Ցուցակագրելը երբ վերադաստն է անում իր աշխատավայրում, իսկ տնօրենը վերադաս է ուսուցիչների նկատմամբ, դա արդեն ինքնին վարչական ռեսուրսի չարաշահում է՝ անկախ նրանից, թե որ ժամին է արվել»:

Նրա կարծիքով, եթե Հանրապետական կուսակցությունը վարչական ռեսուրս է չարաշահում, ապա մյուս ուժերը, օրինակ, «Ծառուկյան դաշինքը», նույն կարգի այլ խախտումներ թույլ տվել։ Ահազանգեր կան նաև «Դաշնակցության» ու «Հայկական վերածնունդ» կուսակցությունների վերաբերյալ։

Վարուժան Հոկտանյանն ասաց, որ դժվար է ասել, թե այս խախտումներն ինչ ազդեցություն են ունենում ընտրությունների արդյունքի վրա, սակայն միանշանակ է, որ աննախադեպ լավ ընտրություններ չենք ունենա։

Հոկտանյանը 2012-ի Վրաստանի խորհրդարանական ընտրությունների օրինակն է հիշում․ - «Վրացական այդ Ազգային շարժումը պարտվեց, բայց նա ունեցավ ձայների 40 տոկոս: Որոշ հաշվարկներ ցույց են տալիս, որ եթե վարչական ռեսուրսը չչարաշահվեր, ձայները կլինեին 20 տոկոս: Աննախադեպ լավ, երբ որ կա մասսայական կաշառում, վարչական ռեսուրսի չարաշահում, ընտրությունները չեն կարող լինել: Թեկուզ քվեարկության օրը չլինի բռնություն, չլինի ծեծուջարդ և այլ կոշտ խախտումներ»:

Հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավարը վստահ է, որ իրավախախտներից շատերը պատասխանատվություն չեն կրելու։ Մարտի 21-ի դրությամբ դատախազություն ստացված 176 ահազանգերից 173-ը հանցակազմ չեն պարունակել կամ դրանցում նշված փաստերը հերքվել են։ Երեքի դեպքում ուսումնասիրությունը շարունակվում է։

Վարուժան Հոկտանյանը վստահ է, որ իրենց արձանագրած խախտումները ևս նման մեկնաբանություն կստանան․ - «Պետություն-իշխանություն այդ սերտաճումը, դժբախտաբար, մեզ մոտ մեծ չափերի է հասել: Այսինքն երբ ոստիկանությունը, դատախազությունը և այլ իրավապահ մարմիններ փաստորեն իշխանությանն են: Համենայն դեպս նախընտրական այս փուլը ինձ օպտիմիզմ չի ներշնչում: Ես չէի ասի, որ տեղի է ունենում ինչ-որ ռադիկալ փոփոխություն վարքագծի մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG