Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին ուկրաինական հեռուստաալիքում թոք շոու կվարի


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական հեռուստաընկերություններից մեկում թոք շոու է վարելու: Նա հայտնել է, որ Zik հեռուստաընկերությունում շաբաթական վարելու է «Ուրիշ Ուկրաինա» հաղորդումը:

«Zik հեռուստաընկերությունում մենք տեսագրել ենք «Ուրիշ Ուկրաինա»-ի առաջին հաղորդումը, այն շատ սուր է ստացվել: Յուրաքանչյուր շաբաթ ես ձեզ ներկայացնելու եմ այնպիսի Ուկրաինա, որը ոչ մի ուրիշ ալիք չի ներկայացնում», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Սաակաշվիլին:

Այդ հաղորդման ստուդայից նա նաև լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներից մեկում Սաակաշվիլին կանգնած է շան տնակի մոտ: Այսպիսի ձևավորումը հնարավոր է կապ ունի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հայտարարության հետ, ով Խարկովում ասել էր, թե՝ մարդիկ, ովքեր կյանքում նույնիսկ շան տնակ չեն պատրաստել, երկիրը ապակայունացնելու կոչեր են անում:

Սաակաշվիլին ֆեյսբուքյան նույն գրառմամբ նաև հայտնել է, որ երեկոյան հրավիրված է ICTV բանավեճի, և եթե Պորոշենկոն նախորդ անգամվա պես այնտեղ չզանգահարի, ինքը հնարավորություն կունենա շփվելու հեռուստադիտողների հետ: Այնտեղ նա շարունակել է շան տնակի թեման և իր հետ բերած ալբոմից լուսանկարներ է ցուցադրել, թե իր նախագահության տարիներին Վրաստանում ինչեր է կառուցել, իսկ իր համար՝ ընդամենը 75 քառակուսի մետր տարածքով մի տնակ: Իսկ Ուկրաինայի պաշտոնյաները կառուցում են միայն իրենց համար, ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Գերագույն ռադայում Պետրո Պորոշենկոյի դաշինքից պատգամավոր Ալեքսանդր Բրիգինեցի հետ բանավաճում Սաակաշվիլին Ուկրաինայի հակամարտության շարունակման համար մեղադրել է երկրի օլիգարխներին, նշելով նաև նախագահ Պորոշենկոյի անունը:

Վրաստանի նախկին նախագահն ասել է, թե ուկրաինական պատերազմի մասին, գլխավոր ագրեսոր Պուտինի, ռուսական տանկերի մասին ժողովուրդը արդեն չի խոսում: «Ժողովուրդն արդեն վաղուց ասում է, որ պատերազմը շահավետ է օլիգարխների, Ախմետովի, Պորոշենկոյի և մնացած բոլորի համար», - հայտարարել է նա՝ հավելելով․ - «Ձեր պատերազմը դուք տանուլ եք տալիս, իսկ մենք ուժեղ Ուկրաինա կստեղծենք և կվանենք ագրեսորին»:

Միխեիլ Սաակաշվիլիի դեմ Վրաստանում քրեական գործեր կան հարուցված, 2013 թվականի իշխանափոխությունից հետո նա հեռացել է Վրաստանից: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն 2015-ին նրան վստահեց Օդեսայի նահանգապետի պաշտոնը, սակայն որոշ ժամանակ անց՝ անցյալ տարվա աշնանը, Սաակաշվիլին այդ պաշտոնից հրաժարական տվեց: Նա գտնում է, որ Ուկրաինայի իշխանությունները կոռուպցիայի դեմ բավարար ուժով չեն պայքարում: Ուկրաինայում նա ընդդիմադիր նոր շարժում է սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG