Ճիշտ 21 տարի առաջ՝ 1996 թվականին հիմնված Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակը, որը մեր թատերական գործիչների շրջանում յուրօրինակ Օսկարի է վերածվել, այս տարի նվիրված էր մեր լավագույն դերասաններից Էդգար Էլբակյանի ծննդյան 90-ամյա հոբելյանին:
Էդգար Էլբակյանի անվան հատուկ մրցանակը հանձնվեց դերասանուհի Գրետա Մեջլումյանին:
Այս տարի մրցանակաբախշությունն անցկացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, որի երկարամյա տնօրեն Ստեփան Դավթյանը, ի թիվս այլ թատերական գործիչների, «Արտավազդ» մրցանակի արժանացավ «Թատերարվեստին արժանապատիվ ծառայելու համար» անվանակարգում:
Հիշեցնենք, որ նախապես, երբ նոր էր հիմնադրվել «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, միայն հենց այս անվանակարգում էին հանձնվում մրցանակները: Հիմա՝ արդեն 21 տարի անց, մրցանակաբաշխությունն անցկացվում է մեկ տասնյակից ավելի անվանակարգերում:
Այս տարի անգամ երկու նոր անվանակարգ է ավելացել՝ «Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում» և «Լավագույն երաժշտական ներկայացում»:
Մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Երկար տարիներ մենք մասնակցում էինք, բայց մեզ կարծես չէին դիտարկում բոլորի հետ, որովհետև մեր ժանրի մեջ ուրիշ թատրոններ չկային: Բայց քանի որ վերջին տարիներին հայտնվել են նման բեմադրություններ տարբեր թատրոններում, նաև պարային, նաև պլաստիկ, մնջախաղային, որոշվեց, որ այդպիսի նոմինացիա լինի: Եվ պարոն Յուրի Կոստանյանի «Գալատեա» բեմադրությունը ներկայացվեց»:
«Լավագույն երաժշտական ներկայացում» անվանակարգում մրցանակի արժանացավ Նարինե Ստեփանյանի «Տոսկա» օպերայի բեմադրությունը, իսկ «Լավագույն պլաստիկայի և շարժման ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Պարարվեստի զարգացման հիմնադրամը «Տեսիլաժամեր» բեմադրության համար:
Լավագույն կին դերասան ճանաչվեց Ջուլիետա Ստեփանյանը «Արծվաբույն» ներկայացման մեջ մարմնավորած կերպարի համար, իսկ լավագույն տղամարդ դերակատար՝ Տիգրան Ներսիսյանը «Պեպո» ներկայացման մեջ գլխավոր հերոսին մարմնավորելու համար:
«Տարվա լավագույն ներկայացում» անվանակարգում «Արտավազդի» արժանացավ Վահան Բադալյանի «Շեքսպիր» բեմադրությունը:
«Տարվա լավագույն բեմադրիչ» անվանակարգում «Արտավազդը» շնորհվեց Լիլի Էլբակյանին «Դեկամերոն» բեմադրության համար: Լավագույն զգեստների համար մրցանակի արժանացավ Մերի Սարգսյանը: Լավագույն երաժշտության հեղինակ համարվեց Վահե Հայրապետյանը «Կրիպսի մկնիկը» ներկայացման երաժշտության համար: «Տարվա լավագույն մանկական ներկայացում» անվանակարգում «Արտավազդը» ստացավ Սամսոն Ստեփանյանի «Մատնաչափիկը»:
Մնջախաղաց Յուրի Կոստանյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Հայ թատրոնի իմաստով ես շատ ուրախ եմ հիմա, որ գոյություն ունի այսօրվա լեզվով ասած շարժ, զարգացում: Մենք չենք կարող դա չտեսնել»: